«Արարատ» պարախումբը կը ներկայացնի Նոր Տարւայ նոր միւզիքլը՝ «Ձմեռ պապը եւ նւէրների ուղին»

ՀԱՏԻՍ – Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» համերգասրահն այս օրերին վերջին պատրաստութիւնների մէջ էր՝ Նոր տարւայ տօնական բեմադրութեան համար։

«Ձմեռ պապը եւ նւէրների ուղին» միւզիքալը, որի բեմադրիչը Բիայնա Մահմուդեանն է, նախատեսւած է ներկայացնելու շուրջ 60 երիտասարդ ու մանկական դերակատարների մասնակցութեամբ՝ «Արարատ» պարային անսամբլի սաներից եւ «Արարատ»-ի Արւեստից միութեան պատանի թատերախմբի մասնակցութեամբ: Ներկայացմանը երգային կատարումներով հանդէս են գալու երգիչ-երգչուհիներ, որոնք Բիայնա Մահմուդեանի ձեռագրով իւրայատուկ շունչ պիտի հաղորդեն պատմութեանը: 

Բեմադրիչի խօսքով՝ ներկայացման մշակումը սկսւել է կարճ ժամանակում, «Արարատ» պարախմբի առաջարկով: Պարախումբը ցանկացել է այս տարի տօնական բեմը նորացւած եւ աւելի շարժուն շունչով լցնել։ Երեք ամիս տեւած փորձերն ու ստեղծագործական աշխատանքը նպատակ են ունեցել «Կոմիտաս» բեմում ստեղծել լիարժէք միւզիքըլ՝ ընդգծւած պարային տեսարաններով եւ լուսային ու խորոգրաֆիկ լուծումներով։

Բիայնան նշեց նաեւ, որ ներկայացման ծանրակշիռ մասը պարային կատարումներն են, մինչդեռ դիալոգները նւազ են եւ հիմնականում երգային ձեւով։

Անւանի դերասան-բեմադրիչը յաւելեց, որ պատմութեան մէջ փորձել է տրամադրել պարզ, բայց յուզիչ մի իրականութիւն՝ կեանքում ճանապարհը միշտ չէ, որ ընթանում է ծրագրածի նման։ Ձմեռ պապը, նւէրները փոխանցելու ճամբով, յայտնւում է անսպասելի իրավիճակում, կորցնում է նւէրները, սակայն անտառի կենդանիները գտնում եւ վերադարձնում են դրանք։ Վերջում բարի փերիները անտառի բնակիչներին են նւիրում տօնածառ, պատմութեանը բերելով տօնական աւարտ։

Ըստ ստեղծագործական խմբի՝ այս ներկայացման առանձնայատկութիւնն այն է, որ երեխաները առաջին անգամ կը փորձեն միաժամանակ խաղալ, պարել եւ երաժշտական մտքով պատմութիւն ներկայացնել՝ առանց ծանր բեմադրական միզանսէնների։ Այդ փորձը, ինչպէս նշում են կազմակերպիչներն, ինքնին դառնում է տօնական աւետիս՝ միաժամանակ վստահութիւն եւ բեմական յունք հաղորդելով երեխանների կատարողականութեանը։

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ