ԱտրպատականՀամայնք

ԽՂՃԻ ԼԵԶՈՒՆ ՉՈՐԱՑԵԼ Է ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ…

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի 24 Ապրիլի պատգամը

«Իմ հոգին եմ տալու ձեզ եւ դուք կենդանանալու էք»:

Եզեկիէլ 37.6

 

Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի ոգեկոչման առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը  իր պատգամն է յղել:

Պատգամը սկսւում է հետեւեալ տողերով. «Աստւածային զօրեղ ոյժին ապաւինող յոյսով, 24 Ապրիլ 1915-ի մեր Սրբադասեալ Նահատակները, ակամայ հրաժեշտ են տւել այս կեանքին, մանուկից մինչեւ զառամեալ ծերունազարդ տարիքում, եթէ չհաշւենք դեռ՝ իրենց մօր որովայնում կազմաւորւող, եւ սրահեղձ եղած անծիններին»:

Պատգամի այլ բաժնում այսպէս է ասւած. «Ապրիլեան անմեռ նահատակաց 111-րդ տարին թեւակոխելով, նրանց սրբացւած հոգիներից շողարձակւող լոյսի ու յոյսի կարօտով ենք տոգորւած, յատկապէս ներկայ աշխարհում, պատերազմական ախորժակներով մեծամտացածների օրերին»:

Սրբազան Հայրը անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան անպատժելիութեան հետեւաքով ներկայ դարաշրջանում Լիբանանում, Իրանում, Պաղեստինում եւ այլուր կրկնւող ցեղասպանութիւններին ու անմեղ ժողովրդի դէմ իրականացւող կոտորածներին ընդգծել է. «Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակահատւածում կիրառւած Հայոց Ցեղասպանութեան դեռեւս անպատիժ մնացած լինելը, համայն աշխարհի գիտակից ազգերի եւ զարգացած երկրների ճակատը մռոտող ամօթալի կեղտ է, եւ գլխաւոր պատճառներից մէկը՝ դրա նմանների կրկնութեան, այն էլ 21-րդ՝ զարգացած դարում:

Անպատիժ մնացող մարդասպանները նոյնիսկ երկնակամարում սաւառնելով, Աստծուց չե՛ն վախենում, ո՛չ էլ նկատի են առնում իրենց միաստւածեան կրօնի պատկանելիութիւնը նսեմացնող կեցւածքները, երբ Իրանի եւ Լիբանանի քաղաքամասերի ժողովրդաբնակ թաղամասեր են փոշիացնում, անմեղ քաղաքացիները ոչնչացնելով եւ տների աւերակների տակ թաղելով նրանց:

Խղճի լեզուն չորացել է, եւ չի արտայայտւում…»:

Սրբազան Հայրը իր պատգամի այլ բանում այսպէս է նշել. «Անպաշտպան մնացած պաղեստինցիների, եւ անխիղճ կոտորածի ենթարկւող Լիբանանի քաղաքացիների կրած առօրեայ տառապանքը, մանուկների սպանդը, անմեղ քաղաքացիների անիմաստ նահատակութիւնը, երկրի սահմանների պաշտպան բանակայինների ոչնչացումը, անցնող դարերում չսրբագրւած մարդկային կոտորածների յանցագործութեան արդիւնք են: Ժամանակները անցնելու են, սակայն ցաւի փորձութիւնը ապրած հարազատները չեն մխիթարւելու, անիմաստ զոհեր տւած լինելու յարատեւ մտածումների հետեւանքով: Խօսքից անդին, սեփական փորձը միշտ աւելի զգացմունքային է, եւ բացատրութեան կարիք չունի»:

Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը այսպէս է եզրափակել իր խօսքը. «111 տարիներն ու դրա շարունակութեան վրայ գտնւող անհաշիւ ժամանակահատւածը չեն կարող մոռացնել այն ցաւն ու տառապանքը, որը ապրեցին մեր հայրերն ու մայրերը, մեր քոյրերն ու եղբայրները Դեր Զորում: Անմոռանալի Հայոց Ցեղասպանութիւնը, քաղաքական հաշիւներով լւացւելու ո՛չ մի կերպ կամ միջոց չունի: Մեր հայրերի ու մայրերի, մեր քոյրերի ու եղբայրների լացի ձայնը դեռեւս լսում ենք, ողորմելի հայեացքով իրենց կոտորողների առջեւ ծունկի եկած, հաց խնդրելու արտասւալից աղաչանքով…:

Այո, բանաստեղծի բառերով, եթէ մարդկային արդարութիւնը թուքի արժանի է, եւ խղճի լեզուն չորացել է աշխարհում, մենք Աստծու արդարութեան ենք ապաւինում, երբ էլ իրականանայ այն: Պատիւ մեր ժողովրդի այն զաւակներին, որոնք Ապրիլի 24-ն ու մեր անմեղ զոհերը չեն մոռանում, եւ նրանցով առաւել եւս են զօրանում»:

Related Articles

Back to top button