Արա Շահվերդեան. «Արարատ»-ի ջրամատակարարման խնդրից մինչեւ պատերազմի հետեւանքներ
««Արարատ»-ի խնդրում յաջողւեց վճարային իրատեսական լուծման հասնել»

Արա Շահվերդեանի հետ մեր այս երկար սպասւած զրոյցը նախատեսւած էր դեռ պատերազմից առաջ։ Այդ օրերին տեղեկացել էինք «Արարատ» մարզաւանի ջրամատակարարման եւ կոյուղու համակարգին միանալու տիեզերական գումարներով վճարման պահանջի հետ կապւած լուրջ խնդրի մասին։
Նշենք, որ «Թեհրանի ջրամատակարարման եւ կոյուղու կազմակերպութեան» կողմից մարզաւանին ուղղւած ծանուցագրում նշւել էր, որ պարտադիր է կոյուղու ցանցին միացումը, ինչի համար, օրւայ փոխարժէքով, պահանջւում էր առանց յետաձգելու հնարաւորութեան վճարել շուրջ 31 միլիարդ թուման։ Այս գումարը ոչ միայն անիրատեսական էր, այլեւ կարող էր անմիջական ազդեցութիւն ունենալ մարզաւանի գոյատեւման վրայ, քանի որ «ԱԲՖԱ կազմակերպութիւնը» լիազօրւած էր կիրառել նաեւ սահմանափակող միջոցներ՝ ընդհուպ ջրամատակարարման կասեցում։
Խնդրի վերաբերեալ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը փորձել է լուծումներ գտնել օրէնքի շրջանակներում։ «ԱԼԻՔ»-ին տւած հարցազրոյցում նա անդրադարձել է ոչ միայն այս հարցի ընթացքին ու արդիւնքներին, այլեւ համայնքային մի շարք այլ խնդիրների։
Հարց – «Արարատ» մարզաւանի եւ «ԱԲՖԱ»-ի խնդրի շուրջ իրականացւած հանդիպումների մասին պատմէք, խնդրեմ։ Ի՞նչ յոյսեր կան։
Արա Շահվերդեան – Խնդիրը հիմնականում մի քանի տարւայ պատմութիւն ունի: Երբ առաջին անգամ մարզաւանը ստացել էր կոյուղու ցանցին միանալու ծանուցագիր։ Այն ժամանակ պահանջւող գումարը կազմել էր մօտ 50-60 միլիոն թուման, որն անգամ այն օրերին զգալի բեռ էր։ Հետագայում, չվճարելու հետեւանքով, գումարը շարունակաբար աճել է, եւ վերջերս հերթական զգուշացման հետ միասին ուղարկւել էր 31 միլիարդ թումանի պահանջագիր։
«ԱԲՖԱ»-ի համապատասխան գերատեսչութեան ղեկավարների հետ բազմաթիւ հանդիպումների եւ երբեմն բուռն քննարկումների արդիւնքում մեզ յաջողւեց խնդիրը բերել աւելի իրատեսական դաշտ։ Մասնաւորապէս, առաջարկւեց գումարի վերահաշւարկ կատարել՝ հիմք ընդունելով մարզաւանի իրական ջրամատակարարման ծաւալները։ Արդիւնքում պահանջւող գումարը զգալիօրէն նւազեցւեց եւ վերանայումից յետոյ մօտեցաւ շուրջ 21 միլիարդ թումանի սահմանին։
Միաժամանակ, օրէնքի շրջանակներում հնարաւոր դարձաւ նաեւ վճարման ճկուն մեխանիզմ մշակել։ Նախնական պայմաններով պահանջւում էր ընդհանուր գումարի 30 տոկոսի կանխավճար, սակայն բանակցութիւնների շնորհիւ համաձայնութիւն ձեռք բերւեց այն նւազեցնել մինչեւ 5 տոկոս։ Մնացեալ գումարի վճարման համար նախատեսւեց 36 ամսւայ հերթավճարներով, որոնք հնարաւոր է իրականացնել երկու ամիսը մէկ։ Գործնականում սա նշանակում է մօտ 72 ամսւայ վճարային ժամանակացոյց։
Հարց – «Արարատ» մարզաւանը յայտնի է նաեւ որպէս մայրաքաղաքի Վանաք վարչական շրջանի կանաչ գօտիներից, կամ, ինչպէս ընդունւած է ասել, քաղաքի «Շնչաթոք»-երից մէկը։ Այս հանգամանքը արդեօ՞ք չի նպաստում ջրամատակարարման հարցում արտօնութիւններ կամ առնւազն քաղաքային ոռոգման ջրից օգտւելու հնարաւորութիւն ունենալուն։
Արա Շահվերդեան – Չեմ բացառում, որ նման բազմաթիւ հանգամանքներ, այդ թւում նաեւ ձեր նշածը, հաշւի առնւել են, ինչի շնորհիւ հնարաւոր եղաւ այս հարցում որոշակի լուծումների հասնել։ Այս փուլում կարելի է քննարկել նաեւ փոխշահաւէտ տարբերակներ, որոնք եկամտաբեր կարող են լինել երկու կողմերի համար։ Օրինակ՝ մայրուղուն նայող ճակատային հատւածներում գովազդային վահանակների տեղադրումը՝ «ԱԲՖԱ»-ի մշակութային բաժնի հայեցողութեամբ։ Նման նախաձեռնութիւնները կարող են լրացուցիչ եկամտի աղբիւր դառնալ եւ նպաստել խնդրի աւելի գործնական լուծմանը։
Հարց – Վերադառնանք Սպորտի եւ երիտասարդութեան նախարար Դոնիա Մալիի՝ տարիներ առաջ տւած խոստմանը՝ «Արարատ»-ին 10 միլիարդ թումանի յատկացում տրամադրելու վերաբերեալ։ Ի՞նչ ճակատագրի արժանացաւ այդ խոստումը։
Արա Շահվերդեան – Ի վերջոյ հնարաւոր եղաւ մաս-մաս ստանալ խոստացւած գումարը։ Ուշացման համար մի քանի պատճառ կար, որոնցից երկուսը հիմնական էին։ Նախ՝ չկար համապատասխան բիւջէական գլուխ՝ «ռադիֆէ բիւջէ»՝ հայկական մարզամշակութային հաստատութիւնների համար։ Այսինքն՝ նախարարութիւնը կարող է ֆինանսական յատկացումներ իրականացնել միայն այն դէպքում, երբ դրանք ներառւած են բիւջէի համապատասխան նախանշւած ցուցակներում, որտեղ հայկական ազգային միութիւնների ձեւաչափը փաստացի բացակայում է։
Միւս կարեւոր պատճառը երկրում տիրող տնտեսական իրավիճակն էր եւ ֆինանսական սահմանափակումները։ Չնայած ուշացումով, այնուամենայնիւ, հնարաւոր դարձաւ ստանալ խոստացւած աջակցութիւնը։
Հարց – Եթէ կարճ ներկայացնէք՝ ի՞նչ ձեւաչափի մասին է խօսքը, որտեղ, ինչպէս նշում էք՝ հայկական ազգային միութիւնները տեղ չունեն:
Արա Շահվերդեան – Թէեւ թեման ծաւալուն է, բայց կարճ ասած՝ հայկական միութիւնները չունեն մարզական եւ մարմնակրթական կազմակերպութեան կողմից անհրաժեշտ հաստատումներ։ Արդիւնքում դրանք չեն ներառւում պետական յատկացումների համապատասխան ցուցակներում։ Իսկ եթէ անգամ որոշ միութիւններ ընդգրկւած են, ապա խօսքը շատ սահմանափակ թւի մասին է։
Հարց – Տարեկան պետական բիւջէում, փոքրամասնութիւնների պատգամաւորների միջամտութեամբ, նախատեսւել էր նաեւ ազգային միութիւններին աջակցութեան «փայը» բիւջէից: Այս տարի ի՞նչ եղաւ այդ գործընթացի ճակատագիրը։
Արա Շահվերդեան – Այս տարի նման աջակցութիւն չենք ստացել։ Երբ պետական բիւջէն դեռ քննարկումների փուլում էր, ԱՄՆ-ն եւ Իսրայէլը յարձակում գործեցին Իրանի դէմ, եւ երկիրը յայտնւեց պատերազմական իրավիճակում։ Բնականաբար, առաջնահերթութիւնները փոխւեցին։ Պէտք է նաեւ նկատի ունենալ, որ տրամադրւելիք գումարը պէտք է բաժանւի այն հինգ շրջանների միջեւ, որոնցից ընտրւում են փոքրամասնութիւնների պատգամաւորները։
Հարց – Վերջերս շահագործման յանձնւեց «Ս. Մարիամ» մետրոկայանը։ Այժմ նկատելի է, որ մետրոկայանի միջանցքում տեղադրւել են ասորական համայնքի նահատակների լուսանկարները։ Սա այն պարագայում, երբ հայկական համայնքի նահատակների թիւը մի քանի անգամ գերազանցում է միւս փոքրամասնութիւններին։ Գիտենք, որ զբաղւել էք նաեւ հայ նահատակների լուսանկարների տեղադրման հարցով։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը։
Արա Շահվերդեան – Այս ուղղութեամբ իրականացւած հանդիպումների մասին մամուլով արդէն տեղեկացւել է հանրութեանը։ Այս պահին գործընթացը դեռ սպասողական փուլում է, քանի որ Թեհրանի հայոց թեմի «Անձնուրացների եւ նահատակների արժեւորման գրասենեակը» ժամանակին չի կատարել իր խոստումը։ Սկզբում երկու շաբաթ էին խնդրել լուսանկարների տրամադրման համար, մինչդեռ արդէն չորս շաբաթ է սպասում ենք։
Արդիւնքում մեզ են փոխանցւել ընդամէնը 25 լուսանկար։ Միեւնոյն ժամանակ, Նոր Ջուղայից արդէն ստացել ենք բոլոր հինգ նահատակների լուսանկարներ։ Սա արդարացում չէ. ուղղակի ես սովոր չեմ ուրիշների չկատարած պարտաւորութիւնների փոխարէն խօսել։ Այլապէս, ինձ համար սա մի քանի օրւայ աշխատանք կը լինէր։
Հարց – Պատերազմի հետեւանքով տուժել են նաեւ միութիւններ եւ համայնքային նշանակութեան կենտրոններ։ Նրանց փոխհատուցման հարցով ի՞նչ նորութիւն կայ։
Արա Շահվերդեան – «Արարատ» մարզաւանի հարցով փորձում ենք գործընթացը փուլային հանդիպումների միջոցով առաջ տանել։ Նոյնը վերաբերում է նաեւ ԻԱՄՄ-ին։ Երկու դէպքում էլ քաղաքապետին ուղղւած նամակագրութիւններն ընթացքի մէջ են։
ԻԱՄՄ-ի պարագայում անհրաժեշտ է նաեւ սպասել միութեան Պատգամաւորական ժողովի որոշմանը, որպէսզի աւելի յստակ դառնայ քաղաքապետարանից ներկայացւելիք պահանջների ծաւալն ու ձեւաչափը։
Հարց – Ցածր եկամուտ ունեցող հայրենակիցներին տրամադրւող պարենային զամբիւղների աջակցութեան ծրագրի մասին ի՞նչ կասէք։
Արա Շահվերդեան – Արդէն մի քանի տարի է, որ պետական համապատասխան կառոյցներից ստացւող օժանդակութեան պարէնային կապոցները տրամադրւում են նախապէս ցուցակագրւած ընտանիքներին։ Այս տարի եւս յաջողւեց ստանալ 250 կապոց եւ դրանք փոխանցել իրական շահառուներին։
Հարց – Եւ վերջում՝ պատասխանէք չտրւած, բայց սպասւած հարցին։
Արա Շահվերդեան – Պատերազմի հետեւանքով առաջացել են բազմաթիւ նիւթական եւ ոչ նիւթական վնասներ։ Զգալի կորուստներ են կրել յատկապէս փոքր եւ միջին արտադրամասերը, որոնք այսօր կանգնած են լուրջ անգործութեան խնդրի առաջ։
Կարծում եմ՝ անհրաժեշտ է հնարաւորինս արագ մշակել յստակ ճանապարհային քարտէզ, որով հնարաւոր կը լինի գոնէ մասամբ թեթեւացնել ստեղծւած բեռը։ Դրան զուգահեռ գոյութիւն ունեն նաեւ աշխատավարձերի վճարման հետ կապւած լուրջ խնդիրներ, որոնք յաճախ բերում են աշխատուժի պարտադիր կրճատումների։
Խնդիրներ կան նաեւ համայնքում օպտիմալացման գործընթացների հետ կապւած։ Այդ պայմաններում չափազանց կարեւոր է համայնքի հետ բաց, ուղիղ եւ վստահելի հաղորդակցութիւնը, որպէսզի հնարաւոր լինի միասին յաղթահարել այս շոկային շրջանի հետեւանքները։
Հարցազրոյցը՝ ՀԱՏԻՍԻ



