ԹեհրանՀամայնք

Փերիոյ Կրթասիրաց միութեան Թեհրանի մասնաճիւղի 35-ամեայ յոբելեանը նշւեց

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Փերիոյ Կրթասիրաց միութեան Թեհրանի մասնաճիւղի 35-ամեայ յոբելեանը նշւեց երէկ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյեան Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում:

Միջոցառումը մէկտեղւած էր խօսքերով գեղարւեստական յայտագրով, միութեան անցած 35-ամեայ վայրիվերումներով լի ուղին պատկերող տեսահոլովակի ցուցադրութեամբ, տարիների ընթացքում միութեանը իրենց անվերապահ նիւթական եւ բարոյական օժանդակութիւնը չխնայած բարերարներին գնահատականի տւչութեամբ, ուղերձների ընթերցմամբ եւ միութեան «Սոխակ» երգչախմբի կատարումներով, խմբավարութեամբ՝ Հելենա Աղասարեանի եւ երաժշտական համադրող Սեւադա Աղասարեանի:

Միջոցառման հաղորդավար եւ ծրագրին շունչ ու հոգի փոխանցող Հրանուշ Սարգսեանի ողջոյնի խօսքերից յետոյ բեմ հրաւիրւեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը փոխանցելով Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը:

Պատգամի մի բաժնում նշւել էր. «Երեսուն հինգ տարին նւիրումի, հաւատարմութեան, աշխատանքի եւ ազգային ծառայութեան ճանապարհ է։

Երեսուն հինգ տարիների ընթացքում սերունդներ են փոխւել, ժամանակներ են փոխւել, սակայն անփոփոխ է մնացել այն ոգին, որով հիմնադրւել եւ գործել է այս միութիւնը՝ հայապահպանութեան, կրթութեան, մշակոյթի եւ ազգային արժէքների պահպանութեան սրբազան առաքելութիւնը»:

Օրւայ առիթով իր խօսքը փոխանցեց Նոր Ջուղայից Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Զարենուշ Աղուրեանը՝ համապարփակ գծերով անդրադառնալով միութեան Նոր Ջուղայում հիմնադրման եւ Թեհրանի մասնաճիւղի կազմաւորման, հետապնդած նպատակների մասին, որոնք են՝ մայրենի գիր ու գրականութեան ուսուցում եւ ազգային ոգով սերունդների դաստիարակում:

Միջոցառման ընթացքում Հելենա Աղասարեանը 35-ամեակի առիթով իր հեղինակած եւ Սեւադա Աղասարեանի մշակած երգով հանդէս եկաւ, որից յետոյ միութեան վարչութեան նախագահ Հրաչ Մարկոսեանի, Յովսէփ Թահմասեանի եւ Սարօ Սիմոնեանի ձեռամբ գնահատագրեր յանձնւեց երգչախմբին:

Միութեան բարերարներին գնահատագրերի տւչութեան համար միութեան տարիների վարչութեան նախագահ Գասպար Ամիրխանեանը իր երախտիքի խօսքը փոխանցելով բարերաներին եւ կարեւորելով միութիւնների դերը հայապահպանման ոլորտում նշեց, որ այսօրերին բոլոր միութիւնների պարտականութիւնն է իրենց բոլոր հնարաւորութիւնները տրամադրեն հայապահպանման սուրբ գործին: Նա ապա բեմահարթակ հրաւիրեց Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարադ Մանսուրեանին, ակադեմիկոս, պրոֆ. Մկրտիչ Թումանեանին, Նոր Ջուղայի Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Զարենուշ Աղուրեանին  եւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Թեհրանի մասնաճիւղի վարչութեան նախագահ Հրաչ Մարկոսեանին գնահատագրերը յանձնելու բարերարներին:

 Միջոցառմանը ներկայ էին՝ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Ժորժ Հայրապետեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հրաւիրեալներ:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանուրեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը շնորհաւորելով միութեան հիմնադրման 35-ամեակը կարեւորեց սփիւռքեան պայմաններում հայ ժողովրդի գոյապայքարի առումով միութիւնների, ազգային հաստատութիւնների եւ կառոյցների  անժխտելի դերը: Նա դրւատանքով անդրադարձաւ Փերիոյ Կրթասիրաց միութեան կարեւոր դերը թէ՛ Նոր Ջուղայում իր բազմամեայ գործունէութեան տարիներին, եւ թէ՛ Թեհրանի մասնաճիւղի 35-ամեայ ջանքերին:

Վերջում միութեան վարչութեան նախագահ Հրաչ Մարկոսեանը իր գնահատանքի խօսքը ուղղեց թեմակալ առաջնորդին միջոցառումը հովանաւորելու, Հ. Մ. «Սիփան» միութեանը «Նայիրի» սրահը տրամադրելու եւ բոլոր նրանց որոնց ջանքերի շնորհիւ ի կատար ածւեց միջոցառումը, բարերարներին, ազգային իշխանութեանը, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներին:

Վերջում կազամկերպւել էր ընդունելութիւն:

Related Articles

Back to top button