
Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով երէկ՝ կիրակի, սեպտեմբերի 27-ին ազգային առաջնորդարան այցելեցին 8-րդ շրջանի «Շահիդ Բեհեշթի» տարածքի հրամանատար, գնդապետ Ղասեմալի Մոհամմադին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:
Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ՝ դկտր. Արա Շահվերդեանը եւ դկտր. Գեղարդ Մանսուրեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանը, ինչպէս նաեւ հայ նահատակների ընտանիքներից ու անձնուրացներից ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց Սրբազան պաշտպանութեան տարիներին երկրի անվտանգութեան պահպանման ուղղութեամբ արձանագրւած նւիրեալ ծառայութիւններին: Ընդգծւեց նահատակների յիշատակի յաւերժացման եւ նրանց անձնազոհութեան ու նւիրումի մեծարման կարեւորութիւնը:
Այս շրջագծում գոհունակութեամբ նշւեց նաեւ Իրանի հայ համայնքի զաւակների՝ նահատակների ու անձնուրացների ունեցած նշանակելի դերակատարութեանը երկրի պաշտպանութեան գործում: Նշւեց, որ նրանց օրինակելի ընթացքը համայնքի համար արժէքաւոր ժառանգութիւն եւ երկրի հանդէպ պատասխանատւութեան ու նւիրումի վկայութիւն են:
Հանդիպման ընթացքում շեշտւեց նաեւ երկրի անվտանգութեան եւ խաղաղութեան պահպանման անհրաժեշտութիւնը՝ որպէս հասարակական կեանքի կայունութեան, համերաշխութեան եւ ժողովրդի խաղաղ համակեցութեան կարեւոր նախապայման:
Հանդիպման աւարտին անձնուրացներին եւ նահատակների ընտանիքներին յանձնւեցին գնահատագրեր՝ ի նշան երախտագիտութեան եւ բարձր գնահատանքի:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ



