Ատրպատական

Վարդանանց տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, փետրւարի 8-ին, Սրբոց Վարդանանց Զօրավարաց տօնի առիթով երեկոյեան ժամերգութիւն տեղի ունեցաւ Թաւրիզում, նկատի ունենալով, որ նոյն օրը առաւօտեան զուգադիպել էր երկրի նահատակաց յուշատօնին: Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում արարողութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Եկեղեցական արարողութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հայոց «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» դպրոցի եւ ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտներն ու նրանց տեսչութիւններն ու ուսուցչական կազմերը, ինչպէս նաեւ ծնողները, եւ թաւրիզահայ հաւատացեալներ:

Սրբազան Հայրը այս առիթով իր պատգամը յղեց ներկայ հաւատացեալներին, բախտաւոր համայնք համարելով Ատրպատականում ծնւած իւրաքանչիւր հայ, որովհետեւ «ուղղակի կամ անուղղակի ժառանգներն էք դուք Վարդանանց, որոնք այս թեմում իրենց կեանքը զոհաբերեցին»,- ասաց նա: Սրբազան Հայրը վեր հանեց 451 թ.-ի բարոյական յաղթանակի իմաստը, երբ 9 նախարարներ եւ զօրագնդերի հրամանատարներ, ինչպէս նաեւ 1036 զինւորներ նահատակւեցին պարսիկների կանոնաւոր բանակի դէմ մղւած անհաւասար ճակատամարտում. «Եղիշէի ներկայացրած մարտը, քաջերի մարտ էր, որի ընթացքում գիտակցւած մահւան գնացին հերոսները», ասաց նա, անդրադառնալով հայ ժողովրդի ներկայ կեանքի դժւարութիւններին, երբ նոյնպէս մեր ազգը հպարտանում է իր բարոյական յաղթանակներով. «Ընկճւող ժողովուրդ չենք, ինչքան էլ մեզ նեղեն: Գիտակցւած մահւան գնալու քաջութիւն ունենք: Այս է մեր յաղթանակի գաղտնիքը, որը յաճախ վրիպում է թշնամու գիտութիւնից»,- ասաց նա:

Քարոզից անմիջապէս յետոյ կատարւեց հաւաքական խոստովանանք եւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի ձեռամբ բոլորը հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ:

Եկեղեցական արարողութեան աւարտին, «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի սաները ազգային խմբերգներ կատարեցին, ղեկավարութեամբ ուսուցչուհի Նայիրի Դիլանեանի եւ երգեհոնի ընկերակցութեամբ Կարէն Սարգսեանի:

Վարդանանց խորհրդին նւիրւած արտասանութիւն ներկայացրեց հայոց դպրոցի աշակերտ՝ Վարդան Գասպարեանը:

Եկեղեցու Խնամակալ մարմինը նւէրներ էր պատրաստել համայնքում Վարդան եւ Սաթենիկ անունը կրողներին, որոնք հերթաբար մօտեցան եւ Սրբազան Հօր ձեռամբ ստացան իրենց նւէրները: Յատուկ յիշատակութեան արժանացաւ «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի երաժիշտ ղեկավար Վարդան Վահրամեանը, որ ամէն կիրակի առանց բացառութեան ղեկավարում է սուրբ պատարագի երգեցողութիւնը եւ երգեհոնը նւագում:

Նոյն օրը առաւօտեան ժամը 10:30-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում ժամերգութիւն կատարեց եւ Ս. Հաղորդութիւն տւեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Եկեղեցական արարողութեան աւարտին, ՀՕՄ-ի «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի երեխաները արտասանութիւններով եւ կարճ ուղերձներով օրւայ խորհուրդը փոխանցեցին հաւատացեալ ներկաներին:

Սաներին ուղեկցում էին տեսչութիւնը, գլխաւորութեամբ Ռոնիկ Մեջլումեանի, իսկ երգերը ղեկավարում էին ուսուցչուհիներ Օֆելիա Սայեադեանը եւ Ռուզանը: Եկեղեցի լեցուն էր ծնողներով եւ ուրմիահայ հաւատացեալներով, ինչպէս նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի կրտսէրների խումբը, իրենց պատասխանատուների հետ միասին, գլխաւորութեամբ Ցօղիկ Մուրադեանի:

Տէր Հայրը այս առիթով Վարդանանց խորհուրդը բացատրեց եւ գնահատեց սաների այնքան գեղեցիկ կատարումները երգերի եւ ասմունքների: Յայտնենք, որ երեխաները Վարդանանց Զօրավարաց յատուկ սաղաւարտներով եւ սուրերով էին զարդարւել:

Related Articles

Back to top button