Արա Շահվերդեանի հրաւէրով՝ Ուսումնադաստիարակչութեան նախարարն այցելեց հայոց ազգային «Արարատ» դպրոց
«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով՝ Թեհրանի հայոց ազգային «Արարատ» աղջկանց դպրոց է այցելել Ուսումնադաստիարակչութեան նախարար դոկտ. Ռեզա Մորադ Սահրային:
Նախարարին ընկերակցում էին՝ նախարարի տեղակալները, Ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանի գերատեսուչը եւ յարակից բաժինների պատասխանատուներ:
Հիւրերին դիմաւորեցին պատգամաւորը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Հայրիկ Աղանեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, դպրոցի տեսչուհին, փոխտեսչուհին, ուսուցչական կազմը եւ ծնողական խորհրդի անդամները, ինչպէս նաեւ դպրոցի աշակերտուհիները՝ աւանդական աղ ու հացով եւ հայկական տարազներով դիմաւորեցին նախարարին:
Նախարարը եւ ընկերակցող պատւիրակութիւնը նախ այցելեցին դպրոցի տարբեր բաժիններ, ծանօթանալով դպրոցի վիճակին, ապա դպրոցի դահլիճում Տէրունական աղօթքով եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական հիմնով մեկնարկեց միջոցառումը եւ աշակերտուհիները հայերէնով, պարսկերէնով, արաբերէնով եւ անգլերէնով ողջունեցին նախարարին եւ հիւրերին:
Իր ելոյթի ընթացքում նախարարը նախ շնորհաւորեց Ամանորը եւ Սուրբ Ծնունդն ու Աստւածայայտնութիւնը, գնահատելով այն հանգամանքը, որ տասնամեակների վաղեմիութեամբ դպրոցում կրթւում ու դաստիարակւում են նոր սերունդի ներկայացուցիչները եւ գնահատեց դպրոցի տեսչութեանը, ուսուցչական կազմին եւ ծնողական խորհրդին:
Հիւրերը այցելեցին նաեւ դպրոցում կազմակերպւած ցուցահանդէս, որտեղ ցուցադրութեան էր դրւել Ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանի հայկական դպրոցների՝ «Արարատ» աղջ., «Թունեան-Թովմասեան» աղջ., «Շանթ-Մարիամեան» տղայոց, «Նայիրի-Սողոմոնեան» տղայոց դպրոցների աշակերտ-աշակերտուհիների ձեռքի աշխատանքները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայոց դպրոցների եւ, ի մասնաւորի, «Արարատ» ազգային դպրոցի խնդիրների մասին: