Թեհրան

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ մեկնարկեց 46-րդ շրջանի Համադպրոցական խաղերը

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրութեան 80-ամեակին նւիրւած, եւ կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ, թւականիս՝ յունւարի 24-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում բացումը կատարւեց 46-րդ Համադպրոցական խաղերի: Խաղեր, որը ի մի է հաւաքում Թեհրանի հայ աշակերտութեանը:

Այս տարւայ Համադպրոցական խաղերին իրենց մասնակցութիւնն են բերել Թեհրանի հայոց 14 դպրոցների 556 աշակերտներ, որոնք մրցակցելու են 10 մարզաձեւերում:

Խանդավառ մթնոլորտում կայացած միջոցառումը, որը մեկնարկեց Տէրունական աղօթքով, զուգորդւած էր գեղարւեստական-մարզական կատարումներով: Ապա Սկաուտական միութեան դրօշակախմբի միջոցով մարզասրահ փոխադրւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան ու «Արարատ» կազմակերպութեան դրօշները, որոնք ծածանւեցին Իրանի պետական օրհներգի եւ կազմակերպութեան հիմնի կատարմամբ:

Համադպրոցական խաղերի հաղորդավարներն էին «Արաքս» ազգային աղջկանց դպրոցի աշակերտուհի Նարէ Օհանեանը եւ «Մարիամ» հաստատութեան տղայոց բաժնի աշակերտ՝ Արթին Մովսիսեանը, որոնք իրենց ճարտար հաղորդավարութեամբ նախ ողջունեցին ներկաներին, ապա ամբիոնի մօտ հրաւիրեցին կազմակերպութեան Մարզական միութեան վարչութեան անդամ Լեռնիկ Դանիէլեանին, վարչութեան խօսքը փոխանցելու համար: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց. «Հ.Մ.Ա.Կ.-ը լինելով իրանահայ մարզամշակութային կեանքի երկարակեաց եւ ակտիւ ներկայացուցիչներից, դարձել է մարզամշակութային կեանքի պահպանման եւ աշխուժացման ջահակիրներից մէկը: 1973 թւականից ի վեր, Մարզական միութիւնը ամէն տարի կազմակերպում է Թեհրանի հայոց դպրոցների եւ հայ աշակերտների մրցութիւններ, որոնք անշուշտ զուտ մարզական ոլորտից ունեն նաեւ դաստիարակչական բնոյթ, որն է՝ միմեանց օժանդակութեամբ սերմանել հայեցի եւ ազգային դաստիարակութիւն հայկական առողջ շրջանակում»:

Ապա ներկաների ծափողջոյնների ներքոյ եւ իրենց պատասխանատուների ընկերակցութեամբ հերթաբար մարզասրահ մուտք գործեցին խաղերին մասնակից դպրոցների աշակերտ-աշակերտուհիները:

Մարզական խաղերի մեկնարկի կարեւորագոյն պահն է խաղերի ջահի բոցավառումը, որը միշտ էլ զուգորդւած է լինում հրավառութեամբ: 46-րդ շրջանի Համադպրոցական խաղերի ջահակիրն էր «Մարիամեան» դպրոցի աշակերտ Վահէ Խուդավերդեանը, ով ջահը սրահ բերելով մօտեցաւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանին, որի ձեռամբ օրհնւեց ջահը եւ բոցավառւեց յատուկ պատւանդանում, ներկաների բուռն խանդավառութեամբ:

Ինչպէս իւրաքանչիւր մարզական միջոցառում, մարզական խաղերին ընթերցւում են թէ՛ մարզիկների, եւ թէ՛ իրաւարարների երդումը: Աշակերտների երդումը ընթերցեց «Մարիամ» հաստատութեան տղայոց դպրոցի 10-րդ օղակի աշակերտ Ֆաբիան Մուրադխանեանը: Նա մասնագիտութեամբ ֆուտբոլիստ է եւ խաղում է «Քիան մեհր» ակումբում, Թեհրանի բարձր կարգի լիգայում: Աւելի վաղ ախոյեան է հանդիսացել Թեհրանի հիւսիս արեւելքի պատանիների լիգայում «Շահին» խմբի հետ: Նա ֆուտբոլը սկսել է 7 տարեկանից:

Իրաւարարների երդումը ընթերցեց սեղանի թենիսի իրաւարար՝ Արմիդա Գրիգորեանը: Նա մասնագիտութեամբ ֆիզկուլտուրայի գերլիսանսի ուսանող է: Երկար տարիներ է ինչ զբաղւում է սեղանի թենիս մարզաձեւով եւ նոյն մարզաձեւով Իրանի 3-րդ կարգի իրաւարար է:

Ապա հաղորդավարների միջոցով ամբիոնի մօտ հրաւիրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը: Իր ելոյթի ընթացքում նա ողջունելով ներկաներին ընդգծեց. «Այսօր մեկնարկում է 46-րդ Համադպրոցական խաղերը եւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման ու գործունէութեան 80-ամեակի միջոցառումների պաշտօնական բացումը: Սրանից 80 տարիներ առաջ ստեղծւած «Արարատ» կազմակերպութիւնը տարիների ընթացքում բարգաւաճել, զարգացել եւ ընդլայնել է իր աշխատանքային հորիզոնը միշտ հաւատարիմ մնալով իր նպատակներին եւ քայլելով օրւայ պահանջներին համապատասխան: Այդ նոյն մօտեցումով, 1973 թ.-ին հիմքը դրւեց Համադպրոցական խաղերի, որը ի բացառեալ Իրանի Իսլամական յեղափոխութեան եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի զգայուն ժամանակաշրջանի ու կորոնավիրուսի համաճարակի պարտադիր արձակուրդների, կայացել է պարբերաբար, ամէն տարի»: Նա այսպէս շարունակեց. «Խաղերի նպատակն է հայ աշակերտներին ի մի հաւաքել կազմակերպութեանս յարկի տակ եւ մարզական մրցոյթների միջոցով զարկ տալ նրանց ֆիզիկական ու մարզական կարողութիւններին եւ առաջացնել ընկերական ջերմ մթնոլորտ ու խանդավառ միջավայր: Համադպրոցական խաղերի ընթացքում նաեւ առիթ է ընձեռնւում ի յայտ բերել մասնակցող աշակերտների նախասիրութիւնները, ունակութիւնները եւ մարզական ընդունակութիւնները»: Իր ելոյթի այլ բաժնում, Սոֆի Ջաղարբէգեանը ընդգծեց. «Այս մեծ աշխատանքը իրագործելու մէջ մեզ աջակցում են բազմաթիւ անձինք, այդ թւում Թեհրանի հայոց թեմի յարգարժան Կրթական խորհրդի, դպրոցների ծնողական խորհուրդների եւ խաղերին մասնակցող աշակերտութեան ծնողները, որոնց յայտնում ենք մեր երախտագիտութիւնը»:

Օրւայ առիթով հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, որը սկզբում ընձեռնւեց մասնակից աշակերտ-աշակերտուհիների հետ, որից յետոյ փոխանցեց իր խօսքը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ողջոյնի խօսք փոխանցելով մասնակից աշակերտ-աշակերտուհիներին եւ ներկաներին ընդգծեց. «Կրկին անգամ համախմբւել ենք Հ.Մ.Ա.Կ.-ի հոգեհարազատ յարկի ներքոյ, ներկայ լինելու Համադպրոցական խաղերի բացման հանդիսութեանը, որի 46-րդ շրջանն է եւ այս տարի նւիրւել է Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման եւ գործունէութեան 80-ամեակին»: Նա նշեց. «Հայ պատանիների ու երիտասարդների համար տասնամեակներ շարունակ մարզամշակութային եւ ազգային արժէքների փոխանցման կենտրոն հանդիսացող «Արարատ» կազմակերպութեան գործունէութիւնը մեծապէս յաջողել է իր նւիրեալ անդամների շնորհիւ, ովքեր անձնւիրաբար ստանձնել ու իրականացրել են իրենց առաքելութիւնը, օրինակ հանդիսանալով նոր սերունդների համար: Համադպրոցական խաղերի անցկացումը մեր համայնքում նշանաբանն է միասնականութեան ու համախմբութեան, քանի որ յիշեալ խաղերը այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան պարտւողներ: Համադպրոցական խաղերը մեզ սովորեցնում են միայն տօնել յաղթանակներ»:

Օրւայ եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, ով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անունից փոխանցեց ողջոյնները: Իր ելոյթի ընթացքում Տէր Հայրը ողջունեց Համադպրոցական խաղերի մեկնարկը եւ ընդգծեց, որ այս խաղերը ոչ միայն մրցակցութեան առիթ են, այլ նաեւ նոր ընկերութիւնների եւ միմեանց հետ ծանօթանալու առիթ: Նա խօսքը ուղղելով աշակերտներին նշեց, որ նրանց մասնակցութիւնը խաղերին արդէն իսկ յաղթանակ է:

Միջոցառմանը հաղորդավարները յայտարարեցին, որ Ասիայի ռոբոտիկի մրցաշարում ոսկէ մեդալակիր է հանդիսացել Արեգ Շահվերդեանը, որը ներկաների ծափողջոյններին արժանացաւ:

Միջոցառմանը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի դիւանի անդամները, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Կրթական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի, «ԱԼԻՔ» հաստատութեան, դպրոցների տեսչական եւ ուսուցչական կազմերի ու ծնողական խորհուրդների ներկայացուցիչներ, ծնողներ եւ մեծ թւով հանդիսատեսներ:

Ապա հանդիսութիւնը շարունակւեց գեղարւեստական կատարումներով եւ մարզական ցոյցերով:

Առանձին ասմունքով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան մանկա-պատանեկան երաժշտա-թատերական խմբի անդամ Թալին Ալւանդեանը եւ Դաւիթ Շահնազարեանը, եւ «Արաքս» ազգային աղջկանց դպրոցի աշակերտուհի Նաթալի Համբարձումեանը: Պարային կատարումները ներկայացրեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի թիւ 3 եւ 4 խմբերի սաները: Իսկ երգերով հանդէս եկաւ Մինէ Քեշիշին:

Մարզական ցոյցերով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի Ֆուտբոլի ակադեմիայի սաները եւ բասկետբոլի պատանիները:

Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Լուսանկարները՝ Հատիսի

46-րդ Համադպրոցական խաղերի բացումը լուսանկարներով

Related Articles

Back to top button