Արա Շահվերդեանի նախընտրական քարոզարշաւը՝ Սարդարապատ քաղաքամասում
«ԱԼԻՔ», Կ. Դ.- Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը իր քարոզարշաւի շրջանակում երէկ՝ փետրւարի 25-ին այցելեց Սարդարապատ քաղաքամաս: Պատգամաւորը նախ քաղաքամասում հանդիպումներ ունեցաւ հայ արհեստաւորների եւ առեւտրականների հետ, որից յետոյ ժողովրդական հանդիպում էր կազմակերպւել Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնում: Հանդիպման սկզբում Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի միջոցով կատարւեց Տէրունական աղօթքը, եւ հնչեց Իրանի պետական հիմնը: Օրւայ հաղորդավարն էր Արմիդա Գրիգորեանը, ով ողջունելով ներկաներին հրաւիրեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանին, ժողովրդական հանդիպումը վարելու համար: Իր հերթին Մուշեղ Ծատուրեանը գնահատանքով անդրադարձաւ Արա Շահվերդեանի անցեալ 4-ամեայ ազգօգուտ աշխատանքներին եւ հրաւիրեց Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի պատգամաւորութեան թեկնածու Արա Շահվերդեանին իր խօսքը փոխանցելու:
Արա Շահվերդեանն իր երախտագիտութիւնը յայտնելով ներկաներին, անդրադարձաւ իր 4-ամեայ աշխատանքներին, ի մասնաւորի՝ քաղաքամասում գտնւող «Սահակեան» բարեսիրական կենտրոնին եւ բարձր գնահատեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի անմնացորդ աշխատանքները: Նա անդրադարձաւ Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում ժամանակին կազմակերպւած «Սպասարկութեան սեղան»-ին եւ ընդգծեց, որ պատգամաւոր վերընտրւելու դէպքում անհրաժեշտ է համարում նման սպասարկութեան հնարաւորութիւնների յաճախակի նախաձեռնումը: Իր ելոյթի ընթացքում, նա անդրադառնալով Սահմանադրական օրէնքի այն յօդւածին, որը առնչւում էր ժառանգութեան հարցերին, ընդգծեց, որ թէեւ անցեալ շրջանների պատգամաւորները եւս հետամուտ են եղել այդ հարցով, սակայն այն արդիւնաւորւել է 11-րդ խորհրդարանում:
Արա Շահվերդեանը կարեւորութեամբ անդրադարձաւ հայ երիտասարդ արհեստաւորների համար դիւրութիւններ ստեղծելու անհրաժեշտութեանը, որպէսզի նրանք կարողանան իրենց աշխատանքը զարգացնել նրանց տրամադրւող ազգային տարածքներում:
Յատկանշական է, որ բոլոր հանդիպումների աւարտին ներկաներին առիթ էր տրւում հարցումների, որոնց պատասխանում էր Արա Շահվերդեանը: