Մշակութային

Ի մեծարումն ամերիկահայ երաժշտագէտ, երգահան՝ դոկտ. Հարրի Բէգեանի

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

 

«Համալսարան ես ուզում գնալ, որ երաժշտութիւն սովորես եւ յետոյ ի՞նչ դառնաս, տղա՛ս: Որ նւագո՞ղ դառնաս: Որ խնջոյքներում, հարսանիքներում կամ թաղումներում նւագե՞ս: Դրանով կեանքում ապրուստդ չես կարող ապահովել: Դրանով ընտանիք չես կարող պահել,- յանդիմանական դէմքով հայրս ասաց ինձ, երբ ամերիկեան հանրային դպրոցն աւարտելուց յետոյ որոշեցի Միչիգանի համասալանում երաժշտագիտութիւն ուսանել: Իր կարծիքով լաւ ու բարեկեցիկ կեանք ունենալու համար ես պէտք է բժիշկ, փաստաբան կամ ճարտարապետ դառնայի: Աւանդամիտ, համեստ, բարի, ազնիւ ու ընտանիքասէր մարդ էր հայրս: Որպէս չարքաշ բանւոր անխոնջ աշխատում էր «Ֆորդ» ընկերութիւնում ընտանիքին տէր կանգնելու եւ առօրեայ կարիքները հոգալու համար»,- իր հարցազրոյցներից մէկում պատմել է ամերիկահայ տաղանդաւոր երաժշտագէտ, երգահան, գործիքաւորող եւ խմբավար՝ Հարրի Բէգեանը եւ աւելացրել, որ,- «այնուամենայնիւ, տարիներ անց, երբ խմբավարի հանգամանքով ղեկավարեցի Դիթրոյտի «Cass Technical» երկրորդական վարժարանի փողային նւագախմբի առաջին համերգս, որին ներկայ էին նաեւ ծնողներս եւ համերգասրահի պատշգամից հետեւում էին ելոյթին, աւարտին, մօտենալով հայրիկիս հարցրի, թէ ինչպէ՞ս էր համերգը, հայրս մի պահ զարմացած նայեց ինձ, ոտքի ելաւ եւ հիացած ասաց,- այդ դո՞ւ էիր բեմի վրայ ղեկավարում նւագախումբը,- ու ապա լացակումած, յուզւած աչքերով գրկեց ու համբուրեց ինձ»:

Երաժշտագէտ Հարրի Բէգեանը ծնւել էր 1921 թւականի Ապրիլի 24-ին Միչիգանի նահանագի Փոնթիաք քաղաքում: Ծնողները Հայոց Ցեղասպանութիւնից վերապրողներ էին, ովքեր 1915 թւականին բազմաթիւ ընտանիքների նման թուրքական եաթաղանից ճողոպրելով կայք էին հաստատել հայրենիքից հեռու այս ափերում: Ուսուցչի քաջալերանքով պատանի Հարրին դպրոցական տարիներին ծանօթացել ու սիրել է փողային գործիքներից քորնէթը եւ հետագային մասնագիտանալով երգահանման ու խմբավարման բնագաւառում, իր յօրինած սիմֆոնիկ ստեղծագործութիւններում յատուկ տեղ են գտել փողային գործիքներով համերգային ելոյթները:

Հարրի Բէգեանը իր բարձրագոյն կրթութիւնն ստացել է Միչիգանի համալսարանում արժանանալով դոկտորայի կոչմանը: «Gomidas Vartabed: His life and importance to Armenian music» խորագրով իր դոկտորական արժէքաւոր ատենախօսութիւնը նւիրւած է Կոմիտաս վարդապետի կեանքին ու գործունէութեանը, որը 1964 թւականին հրատարակւեց Միչիգանի համալսարանի երաժշտագիտական բաժնի կողմից:

Իր իմացական կեանքը նւիրելով երաժշտութեանը դոկտոր Բէգեանը Դիթրոյտի «Cass Technical» երկորդական դպրոցի փողային հանրայատ նւագախմբից բացի, երկար տարիներ հրաւիրւել եւ դասախօսի, երգահանի ու խմբավարի հանգամանքներով բազմիցս ելոյթներ է ունեցել Միչիգանի, Ուէյնի, Իլինոյսի եւ Փրդու համալսարանների նւագախմբերում, վայելելով թէ՛ ակադեմական շրջանակների, թէ՛ ուսանողների, եւ թէ՛ հանդիսատեսների բարձր գնահատանքն ու մեծարանքը: Ինչպէս նշւում է Վիքիպեդիայում, նոյնիսկ կենսաթոշակի անցնելուց յետոյ, դոկտոր Բէգեանը վերահրաւիրւել է երաժշտագիտական իր կենսափորձը կիսելու աշխարհահռչակ Ինտերլակէն արւեստի կենտրոնում, ուր նախկինում եւս մաս էր կազմել կենտոնի պրոֆեսորադասախօսական կազմին:

Իր աւելի քան կէսդարեան երաժշտական բարձրարժէք վաստակի համար դոկտոր Հարրի Բէգեանը արժանացել է բազմաթիւ մրցանակների, դափնիների, պատւոգրերի ամերիկեան համալսարանների եւ միջազգային երաժշտական հեղինակաւոր հաստատութիւնների կողմից: 2003 թւականին հայութեան վաղեմի բարեկամ Միչիգանի սենատոր Քարլ Լեւինը ելոյթ ունենալով Միացեալ Նահանգների Սենատում բարձրօրէն է գնահատել դոկտոր Հարրի Բէգեանի անմնցորդ նւիրումն ու ներդրումը ի խնդիր ամերիկեան ու համաշխարհային երաժշտութեան զարգացման: «Պատիւ է ինձ համար այս ամբիոնից մեծարելու բարձրաժէք երաժիշտ ու կրթամշակ դոկտոր Հարրի Բէգեանի վաստակը»,- ասել է սենատոր Լեւինը:

Արհեստավարժ խմբավար եւ երգահան լինելուց բացի, դոկտոր Բէգեանը որպէս հալասարաանի դասախօս լայն ճանաչում ունի նաեւ սերունդների երաժշտական ունակութիւնների դաստիարակման, ուսուցման ու զարգացման գործում: Հրատարակել է բազմաթիւ յօդւածներ, հարցազրոյցներ ու ելոյթներ է ունեցել նւագախմբային փորձերի վերլուծութեան ու խմբավարման գործելաձեւերի մասին: Նրա խմբավարած ու մշակած աւելի քան 65 նւագախմբային յօրինումների ձայնագրութիւնները որպէս ամերիկեան երաժշտութեան գանձեր պահպանւում են Միացեալ Նահանգների կոնգրեսի գրադարանում:

Դոկտոր Բէգեանը հրապարակային ելոյթներում ու հարցազրոյցներում հպարտութեամբ է անդրադարձել իր հայկական արմատներին եւ մեծ ոգեւորութեամբ է խօսել հայ ժողովրդի պատմամշակութային ձեռքբերումների մասին:

Պատանեկան տարիներին ընտանեկան յարկի տակ ունեցած յիուշերին անդրադառնալով, Հարրին երանութեամբ է յիշում, որ իր հայրը՝ Նշան Բէգեանը, հեռաւոր Միչիգանում կարօտելով հայրենի Երկիրը յաճախ մղմղում էր «Հով արէք»-ը, «Ծիրանի ծառ»-ը, «Ալագեազ»-ը եւ այլ կարօտերգեր: «Այդ օրերին թէեւ հրապուրւած չէի հայրիկիս երգերով, բայց նա միշտ ասում էր տղա՛ս, կը գայ մի օր, որ դու էլ կը սիրես, կը հիանաս, այդ երգերով: Եւ յիարւի, տարիներ անց, երաժշտութեան բնագաւառում համալսարանական բարձրագոյն կրթութիւն ստանալուց եւ տարբեր ազգութիւնների տոհմիկ ու աւանդական երգատեսակներին ծանօթանալուց յետոյ, ինքնահաւաստիացայ, որ հայրիկիցս լսած ու ժառանգած հայկական կարօտերգերը անգնահատելի ու սքանչելի էին»:

Հիացած կոմիտասեան ստեղծագործութիւններով, Հարի Բէգեանը դիմում է իր գործընկերոջ՝ ամերիկեան ականաւոր երաժշտագէտ ու երգահան Ալֆրէդ Ռիդին, որպէսզի փողային մեծ նւագախմբի համար նորարական ոճով ու հնչեղութեամբ գործիքաւորի իր լսած ու ապրած այդ երգերը: Արդիւնքում ստեղծւում է երկու մասից բաղկացած «Armenian Dances» (Հայկական պարեր) հոյակապ ստեղծագործութիւնը, ուր ներկայացւած են «Ծիրանի ծառ», «Կաքաւի երգ», «Հոյ Նազան», «Ալագեազ», «Գնա՛, գնա՛», «Հով արէք», «Խումար պառկէ», «Լոռւայ գութաներգ», ինչպէս նաեւ «Կիլիկիա» երգերը:

 Հեղինակաւոր խմբավարների ղեկավարութեամբ ամերիկեան եւ միջազգային հանրաճանաչ նւագախմբերը բազմիցս ներկայացրել են «Armenian Dances» ստեղծագործութիւնը բազմաթիւ երկրների համերգասրահներում, արժանանալով երաժշտասէր հանդիսատեսների հիացմունքին ու գնահատանքին: Փաստօրէն պիտի արձանագրենք, որ Ալֆրէդ Ռիդի եւ Հարրի Բէգեանի համագործակցութեամբ «Armenian Dances»-ը չէր ծնուի, եթէ Երկրից Միչիգան գաղթած Նշան Բէգեան համեստաբարոյ, չարքաշ հայը տանը մղմղած չլինէր այդ երգերը ընտանիքի համար եւ իր որդու՝ Հարիի հոգու բլթակներում չդրոշմւէր կոմիտասեան յաւերժական երգերի մեղեդիները:

Ամերիկահայ տաղանդաշատ երաժշտագէտ, երգահան, խմբավար Հարրի Բէգեանը վախճանուեց 89 տարեկանում, 2010 թւականի յուլիսի 26-ին, Միչիգանի Ալփինա քաղաքում:

Ամերիկեան մամուլում եւ երաժշտական արւեստի միջազգային ցանցերում ու շրջանակներում բազմիցս խօսւել ու գրւել է ամերիկահայ դոկտոր Բէգեանի կեանքի ու երաժշտական բեղմնաւոր գործունէութեան մասին, այն ինչ թւում է, թէ դա լիարժէքօրէն չի ներկայացւել կամ նւազ չափով է արձագանգւել մեր՝ հայկական մամուլում: Այնուամենայնիւ, նրա հայանունը, նրա երաժշտական յօրինումների գեղագիտական աւանդը կը շարունակի անմահ մնալ երաժշտագիտական աշխարհում:

Related Articles

Back to top button