Մշակութային

Թարըք Զիեա Էքինջիի պատմածների համաձայն Լիջէն եւ հայերը 1915 թւականին

Անցեալ շաբաթ 99 տարեկան հասակում կեանքից հեռացաւ թուրքական սոցիալիստական ​​շարժման եւ քրդերի իրաւունքների պայքարի կարեւոր գործիչներից մէկը՝ Թարըք Զիեա Էքինջին։ Էքինջին 1960-ականներին ակտիւ գործունէութիւն է ծաւալել նաեւ խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում եւ ընտրւել է Թուրքիայի բանւորական կուսակցութեան պատգամաւոր։ Էքինջին, ով նաեւ բժիշկ էր, մարտի 12-ին Դիարբեքիրի ռազմական դրութեան բանտում դատապարտւել է երեք տարւայ ազատազրկման՝ իբր «պրոքրդական» քարոզչութիւն անելու համար եւ երկու տարի ազատազրկւել։ 1980 թ․ սեպտեմբերի 12-ի յեղաշրջումից յետոյ հինգ անգամ ձերբակալւել է։ Էքինջիի «Յուշերս՝ Լիջէից Փարիզ» գրքում, որը հրատարակւել է “İletişim” հրատարակչութեան կողմից 2010 թ. եւ խմբագրւել է Դերւիշ Այդըն Աքքոչի կողմից, կան նաեւ կարեւոր վկայութիւններ 1915 թ․ Լիջէի եւ Դիարբեքիրի հայերի հետ կատարւածի մասին։ Այս հատւածներում Էքինջին յիշատակում է նաեւ Լիջէի շրջանի նահանգապետ Հուսէյն Նեսիմիին, ով սպանւել է 1915 թ․ հայերի դէմ արւածին հակառակւելու համար։ Մենք ոգեկոչում ենք Թարըք Զիեա Էքինջիի յիշատակը՝ “İletişim” հրատարակչութեան թոյլտւութեամբ նրա գրքից համապատասխան հատւածներ կիսւելով։

Լիջէի հայերը

«Լիջէի հայերի մասին կարեւոր տեղեկութիւններ կան, որոնք յիշում եմ հօրս եւ աւելի աւագ ծանօթներիս պատմածներից։ Մինչեւ 1915 թ․ հայերը լուրջ ազդեցութիւն են ունեցել Լիջէի մշակութային, քաղաքական եւ վարչական կեանքի վրայ։ Նահանգային խորհրդի անդամներն ընտրւել են կրթւած հայերից։ Ասում են, որ Լիջէում մտաւորական հայերն աշխատել են վարչական, ֆինանսական եւ դատական ​​պաշտօններում։ Օրինակ՝ հայրս պատմում էր, որ պատանեկութեան տարիներին Լիջէում աշխատող հետաքննող դատաւորը հայ էր։ Հայրս նաեւ յիշում է, որ այդ տարիներին Դիարբեքիրում Լիջէն ներկայացնող երկու գաւառական խորհրդի անդամները հայեր էին։ Հայկական տեղահանութիւնը (Հայոց Ցեղասպանութիւնը-Ակունքի խմբ.), որն իրականացւել է 1915 թ․ Միութիւն եւ առաջադիմութուն կոմիտէի ընդունած որոշման համաձայն, հիմնովին վերացրեց տարիներ ձգւած համատեղ կեանքը։ Դիարբեքրի նահանգապետ Ռեշիդ փաշան, ով եւս Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան անդամ էր, խստօրէն գործադրեց կառավարութեան արտաքսման որոշումը։ Լիջէի բէյերին ու քուրդ աղաներին տրւած հրահանգի համաձայն՝ տեղահանութիւնը որոշ տեղերում վերածւել է հայերի կոտորածի։ Տեղահանութեան ժամանակ Դիարբեքր տեղափոխւած քարաւանի մէջ գտնւած յայտնի եւ մեծահարուստ հայերի ու հոգեւորականների մեծ մասը կոտորւել են։ Լիջէի գաւառապետը այն ժամանակ զգուշացրել էր տեղահանւած քարաւանին ուղեկցած աղաներին ու առաջնորդներին, որ ոչ ոքի ձեռք չտան, եւ շարասիւնը մինչեւ Դիարբեքր պէտք է տեղափոխւի ապահով կերպով։ Նա անձամբ եւս ուղեկցել է քարաւանին։ Սակայն բէյերի բողոքներից յետոյ նահանգապետը յայտարարել է, որ գաւառապետը նոյնպէս պատժւելու է, եթէ կանխի ջարդերը։ Դիարբեքր տեղափոխւած շարասիւնը յարձակման է ենթարկւել ճանապարհին հանդիպած գիւղերում, իսկ շարասեան մէջ գտնւող մարդկանց մեծ մասը կոտորւել է։ Լիջէի Քարազ գիւղն (ներկայիս Քիրազլը շրջան) անցնելուց անմիջապէս յետոյ գաւառապետը եւս սպանւել է տեղում, քանի որ խանգարել է որոշ բացասական գործողութիւնների, իսկ յետոյ նրան թաղել են ճանապարհի եզրին։ Այս գերեզմանի պատճառով, որի գտնւելու վայրը մինչեւ վերջերս անյայտ էր, շրջանը յայտնի է որպէս «Թըրբա Քայմեքամ»՝ գաւառապետի գերեզման անունով։ Երբ 2006 թ․ Լիջէի քաղաքապետի հրաւէրով Լիջէ էի գնում, ուզում էի նորից տեսնել գաւառապետի գերեզմանը, սակայն, թէեւ գտանք այդ շրջանը, չկարողացանք գերեզմանի ճշգրիտ տեղը տեսնել։

Թէեւ տեղահանւածների թիւը յայտնի չէ, սակայն ակնյայտ է, որ Դիարբեքր տեղափոխւած քարաւանի մեծ մասը սպանւել է։ Ասում են, որ յատկապէս սպանել են նրանց, ում վրայ թանկարժէք զարդեր կամ փողեր են եղել, իսկ նրանց մօտ գտնւած ապրանքները խլւել են։ Ասում են, որ հարիւրաւոր մարդիկ սպանւել եւ նետւել են Լիջէից 10-15 կմ. հեռու գտնւող «Karkeşe Fis e» (քարանձավային լեռ Ֆիս գիւղում) կոչւող քարանձաւը։ Ասում են, որ որոշ մեծահարուստ հայեր, ովքեր հասկացել են, որ իրենց սպանելու ու նետելու են քարանձավը, նախընտրել են կամովին իրենց ունեցած փողն ու թանկարժէք իրերը տալ շարասիւնը ուղեկցող Լիջէցիներին»։

․․․

«Ցանկանում եմ նշել նաեւ իմ որոշ հարազատների եւ ծանօթների կողմից Հայերի աքսորի վերաբերեալ ինձ փոխանցւած վկայութիւնները։ Քանի որ կարծում եմ, որ պատմութեան խորքերում մնացած այս տեղական իրադարձութիւններով հնարաւոր է գնահատել ընդհանուր տեղահանութեան շարժման շրջանակները եւ դրանից պատմական եզրակացութիւն անել, չեմ կարող չնշել դրանք։ Որպէս 1958-59 թթ․ ԺՀԿ-ի Դիարբեքիր նահանգային կազմակերպութեան ակտիւ քարտուղար անդամ, ես պատասխանատու էի շրջանային կազմակերպութիւնների վերստեղծման եւ դրանց համագումարների անցկացման համար։ Չունգուշի շրջանի համագումարից վերադառնում էինք շրջանի յայտնի դէմքերից՝ Էրգանիի ԺՀԿ-ի շրջանային նախագահ Հայրի Գիւլդողանի հետ, ով ծագումով Չունգուշից էր եւ ապրում էր Էրգանիում։ Անցնում էինք Չունգուշի եւ Ջերմիկի միջեւ ընկած Դիւդերն անունով յայտնի քարայրի կողքով, որը, ըստ լուրերի, շատ խորն էր։ Հայրի բէյն ինձ հետեւեալն ասաց. «1915-ի հայերի տեղահանութեան ժամանակ հայրս՝ Չունգուշի նշանաւոր դէմքերից մէկը, շարասիւն հաւաքելու եւ Դիարբեքր տանելու համար պատասխանատու կոմիտէի ղեկավարն էր։ Մինչ շարասեան՝ ճամբայ ընկնելը, հաւաքւած հայերի միջից հօրս համաձայնութեամբ դուրս հանեցի մի գեղեցկուհի հայ աղջկայ, ում շատ էի հաւանել։ Հետը ամուսնացայ։ Աւելի ուշ տեղեկացանք, որ Դիարբեքր տեղափոխւած շարասեան մէջ գտնւող հայերը զանգւածաբար քարանձաւ նետւելով՝ կոտորւել են, երբ հասել են Դիւդերնի քարանձաւ։ Այս դէպքից շատ ժամանակ անց հայ կնոջս հետ ձիով գնում էինք այգի, երբ հասանք քարանձաւ, կինս ցատկեց ձիուց եւ վազեց դէպի քարանձաւը։ Ես էլ հետեւից գնացի։ Բայց երբ կինս հասաւ քարանձաւի մուտքի մօտ, վրաս գոռաց- հետեւիցս մի՛ արի, ես գնում եմ մօրս, հօրս մօտ, մի՛ խանգարիր ինձ,-ասաց եւ մինչեւ հասնէի՝ նետւեց քարանձաւի խորքերը։ Իրականացնելով այդ գործողութիւնը նա հասաւ իր նպատակին, ինչի մասին երկար ժամանակ էր մտածել»։ Հայրի Գիւլդողանի պատմած այս ցաւալի դէպքն ինձ մեծ ցնցում պատճառեց։ Ամբողջ կեանքում միշտ յիշում եմ այս ցաւալի յուշը, երբ լսում ու կարդում եմ հայերի տեղահանութեան մասին։ Մօտ կէս դար առաջ լսած այս սարսափելի իրադարձութիւնը միշտ վառ է մնացել իմ յիշողութեան մէջ։ Ու շարունակում է մնալ»։

Ունեցւածքի փոխանցումը Լիջէում

«Լիջէի հայերը հիմնականում արհեստաւորներ էին։ Զբաղւում էին արհեստներով՝ դարբնութեամբ, ատաղձագործութեամբ, կօշկակարութեամբ, պայտարութեամբ, բրդագործութեամբ եւ ջուլհակութեամբ։ Մասնագիտութիւն ունենալը թոյլ է տւել հայերին քրդերի համեմատ հարստանալ ու ունեցւածք կուտակել։ Լիջէում կապիտալի կուտակումը հայկական վերահսկողութեան տակ էր։ Մեծ գիւղերում գիւղատնտեսական գործունէութիւնն էլ քուրդ բէյերի մենաշնորհն էր։ Հասարակ մարդիկ եւ գիւղացիները ծայրայեղ աղքատ էին։ Նրանք այնքան աղքատ կեանքով էին ապրում, որ նոյնիսկ օրւայ հաց չունէին։ Հարուստ չէին համարւում նաեւ սահմանափակ կրթութիւն ունեցող (տարրական դպրոց) բիւրոկրատները կամ Լիջէցի վարպետները։ Սակայն ասում են, որ հայերի տեղահանութիւնից յետոյ պայմանները զգալիօրէն փոխւեցին։

Կենտրոնական իշխանութեան հրահանգով եւ Դիարբեքրի նահանգապետի յատուկ ջանքերով հայութեան դէմ գրգռւած աղքատ Լիջէցիները կրօնական մոլեռանդութեան ազդեցութեան տակ բացասական դեր խաղացին հայերի տեղահանութեան մէջ։ Նրանց յարձակումները աքսորւած հայկական շարասիւնների վրայ իրականացւել են կրօնական սադրանքների միջոցով, տեղահանութիւնը վերածւել էր մի տեսակ կոտորածի։ Այդ ընթացքում Լիջէի ազդեցիկ դէմքերը հնարաւորութիւն ունեցան տիրանալու տեղահանութեան ենթարկւած հայերի, որոնցից շատերը զոհւեցին ճանապարհին, կուտակած հարստութեանը։ Այսպիսով, Լիջէում հայկական տեղահանութիւնից յետոյ մի ​​տեսակ հարստութեան փոխանցում տեղի ունեցաւ։ Յատկանշական է, որ Լիջէի էֆենդիները, որոնք մինչ այդ անյայտ էին, յանկարծակի մեծ հարստութիւն ձեռք բերեցին։ Լիջէի մերձակայ հայկական գիւղերի հողերը սկզբում տնօրինւել են քաղաքի ղեկավար դէմքերի կողմից, ապա՝ գրանցւել հողային ռեգիստրում եւ դարձել սեփականութիւն։ Հայկական տեղահանութեան ժամանակ որոշ հայ երիտասարդներ թաքցւեցին եւ մահմեդականացւեցին առեւտրով զբաղւող քրդերի կողմից: Այս մարդիկ, որոնց ես մօտիկից ճանաչում էի իմ մանկութեան տարիներին, աշխատում էին որպէս հացթուխ, կտորի վաճառական կամ նպարավաճառ։ Անկեղծօրէն ընդունեցին իսլամը: Խստօրէն յետեւում էին կրօնական կանոններին: Աւելի խորը հաւատացեալ էին, քան մահմեդական քրդերը։ Նրանցից խուսափում էինք։ Երբ երեխայ էինք, նրանց ճնշման տակ մեզ ստիպում էին երկրպագել»։

Թարգմանեց ՏԻԳՐԱՆ ՉԱՆԴՈՅԵԱՆԸ

Akunq.net

Related Articles

Back to top button