Հայաստան - ԱրցախՄշակութային

Հայաստանի ազգային պատկերասրահում կը ցուցադրւի 19-րդ դարի անյայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը

«ԱԼԻՔ» – Փետրւարի 11-16-ը, Սուրբ Սարգսի տօնին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կը ցուցադրւի 19-րդ դարի անյայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտնում է պատկերասրահը:

«Սուրբ Սարգիս» կտաւում պատկերւած են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մէկը՝ Սարգիս զօրավարը, եւ նրա որդին՝ Մարտիրոսը, որոնք 14 զինւորների հետ նահատակւել են յանուն քրիստոնէութեան:

Կոստանդիանոս Ա կայսեր կողմից Կապադովկիայի իշխան եւ սպարապետ նշանակւած Սուրբ Սարգիսը նաեւ քարոզիչ էր, նա քանդում էր իր իշխանութեան տակ գտնւող մեհեաններն ու կառուցում եկեղեցիներ՝ նպաստելով քրիստոնէական հաւատքի տարածմանը:

Նրա կեանքի ու վարքի պատումները յաճախ են հանդիպում որմնանկարներում, միջնադարեան ձեռագրերում ու եկեղեցական կիրառական առարկաների վրայ: Պատկերագրութեան մէջ Սուրբ Սարգիսը սովորաբար ներկայացւում է հեծեալ զօրավարի կերպարանքով՝ վիշապին նիզակահարելիս: Հայ արւեստում յաճախ է հանդիպում որդու՝ Մարտիրոսի հետ պատկերման տարբերակը:

Նկարը Ազգային պատկերասրահ է բերւել Աշտարակի Կարմրաւոր եկեղեցուց, որտեղ պահպանւել է նաեւ Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար: Պահպանւել է տեղ-տեղ վնասւած հետեւեալ գրութիւնը՝ «Յիշատակ է, պատկեր ի Վարդազարի որդի Ստեփանին, որ …. ՌՆ Ամենափրկիչ սուրբ եկեղեցուն ՄՀ թւն»:

Յիշեցնենք, որ Երիտասարդների եւ սիրոյ բարեխօս Սուրբ Սարգսի յիշատակութեան օրը հայ եկեղեցու տօներից է: Այն ընդունւած է նշել թէ՝ եկեղեցական ծիսակարգով ու աղօթքներով, թէ՝ աշխարհիկ աւանդոյթների համաձայն: Տօնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագայ ընտրեալի յայտնութիւնը երազում: Սովորոյթներից է նաեւ փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին:

Ըստ աւանդոյթի՝ եթէ Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցութեամբ անցնում է եւ ալիւրի կամ փոխինձի վրայ թողնում ձիու պայտի հետքը, ապա այդ տարի իրականանում են երազանքները:

Երիտասարդներն այս օրը միմեանց բացիկներ եւ քաղցրաւենիք են նւիրում: Տօնի առթիւ Սուրբ Սարգիս Զօրավարի անունը կրող եկեղեցիներում մատուցւում է պատարագ եւ կատարւում է երիտասարդների օրհնութեան կարգ:

Related Articles

Back to top button