Մասնագէտները պնդում են, որ նկուղում յայտնաբերւած նկարը Պիկասոյի սիրուհու դիմանկարն է
«ԱԼԻՔ» – Նկարը, որը Կապրի կղզում գտնւող իր տան նկուղը մաքրելիս գտել է հին իրեր վաճառող Լուիջի Լօ Ռոսսոն, ըստ իտալացի մասնագէտների՝ Պաբլօ Պիկասոյի օրիգինալ գործն է: Դիմանկարում ֆրանսիացի լուսանկարիչ եւ նկարչուհի Դորա Մաարի աղաւաղւած պատկերն է, որը Պիկասոյի սիրեցեալն ու մուսան էր:
The Guardian-ի փոխանցմամբ՝ 1962 թւականին Լուիջի Լօ Ռոսսոն պատահաբար գտել է նկարը, եւ այն իր հետ տարել է Պոմպէյ, եւ տեղադրելով էժանագին շրջանակի մէջ՝ մի քանի տասնամեակներ կախել է իր հիւրասենեակի պատին։ Նկարի վերին ձախ անկիւնում առկայ է յայտնի նկարչի ստորագրութիւնը, բայց Լօ Ռոսսոն չգիտէր՝ ով է նա։
Լօ Ռոսսոյի մահից յետոյ նրա որդին՝ Անդրէան, որն այժմ 60 տարեկան է, հետամուտ է եղել նկարչին յայտնաբերելու գործին:
«Հայրս Կապրիից էր եւ աղբ էր հաւաքում, որպէսզի վաճառի։ Նա նկարը գտել է նախքան իմ ծնւելը եւ չգիտէր, թէ ով է Պիկասոն: Պիկասոյի ստեղծագործութիւնների մասին հանրագիտարանում կարդալիս՝ ես նայում էի նկարին եւ այն համեմատում նրա ստորագրութեան հետ: Ես անընդհատ ասում էի հօրս, որ դա նման է Պիկասոյի ստորագրութեանը, բայց նա չէր հասկանում: Որքան մեծանում էի, այնքան շարունակում էի զարմանալ նմանութեամբ»,- ասել է Անդրէան։
Անդրէա Լօ Ռոսսոն խոստովանել է, որ եղել են պահեր, երբ ընտանիքը մտածել է նկարից ազատւելու մասին. «Մայրս չէր ուզում պահել այն, նա անընդհատ ասում էր, որ դա սարսափելի է»:
Անդրէա Լօ Ռոսսոն մի քանի անգամ կապ է հաստատել Մալագայում գտնւող Պիկասոյի հիմնադրամի հետ, սակայն նրանք հետաքրքրութիւն չեն ցուցաբերել ուսումնասիրելու այն՝ համարելով, որ նկարը կեղծ է: Պիկասոն, ով մահացել է 1973 թւականին, աւելի քան 14.000 աշխատանքների հեղինակ է, եւ հիմնադրամն օրական հարիւրաւոր հաղորդագրութիւններ է ստանում մարդկանցից, ովքեր պնդում են, որ ունեն բնօրինակ:
Ռոսսոյի ընտանիքը, ի վերջոյ, դիմել է փորձագէտներին, այդ թւում՝ արւեստի յայտնի դեդեկտիւ Մաուրիցիօ Սերաչինիին: Մի քանի տարի շարունակ հետազօտութիւններ անցկացնելուց յետոյ գրաֆոլոգ եւ Արկադիա հիմնադրամի գիտական կոմիտէի անդամ Սինզիա Ալտիերին, ով զբաղւում է արւեստի գործերի գնահատմամբ, վերականգնմամբ եւ վերագրմամբ, հաստատել է, որ նկարի վրայի ստորագրութիւնը պատկանում է Պիկասոյին, իսկ նկարն այժմ գնահատւում է 6 միլիոն եւրօ:
«Նկարի միւս բոլոր զննումներից յետոյ ինձ տրւեց ստորագրութիւնն ուսումնասիրելու աշխատանքը։ Ամիսներ շարունակ աշխատել եմ դրա վրայ՝ համեմատելով նրա օրիգինալ գործերի հետ։ Կասկած չկայ, որ ստորագրութիւնն իրենն է։ Ոչ մի ապացոյց չկար, որ դա կեղծ է»,- Guardian-ին ասել է Ալտիերին:
Buste de femme (Դորա Մաար) նկարը արւել է 1938 թւականին. այն 1999 թւականին գողացել են Սաուդական Արաբիայի շէյխի զբօսանաւից։
Այժմ Մարկանտեն ապացոյցները կը ներկայացնի Պիկասոյի հիմնադրամին։
«Ինձ հետաքրքիր է իմանալ, թէ ինչ կասեն նրանք հիմա,- ասել է Լօ Ռոսսոն,- Մենք սովորական ընտանիք ենք, եւ մեր նպատակը միշտ եղել է ճշմարտութեան հաստատումը։ Մենք շահագրգռւած չենք դրանից գումար վաստակել»: