Փարաջանովի 100-ամեակի առթիւ Մոսկւայում համառուսաստանեան փառատօն կանցկացւի
«ԱԼԻՔ» – Սերգէյ Փարաջանովի 100-ամեայ յոբելեանի առթիւ հոկտեմբերի 5-30-ը Մոսկւայում կանցկացւի Parajanov-fest համառուսաստանեան փառատօնը։
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է փառատօնի պաշտօնական կայքէջը։
«Ս. Փարաջանովի անւան Մոսկւայի թատրոնը եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանութեան մշակոյթի կենտրոնը բացում են Parajanov-fest լայնածաւալ փառատօնը, որին կը մասնակցեն մշակոյթի եւ արւեստի անւանի գործիչներ»,-ասւում է հաղորդագրութեան մէջ։
Նախաձեռնութեան շրջանակում հոկտեմբերի 5-ին կը բացւի «Փարաջանովի ստւերները» եզակի ցուցահանդէսը, որի ընթացքում կը ցուցադրւեն ժամանակակից արւեստագէտների 100 աշխատանք։
Փառատօնին կը բացւի նաեւ «Վենետիկի նւէրները Սերգէյ Փարաջանովին» լուսանկարչական ցուցահանդէսը, որում ընդգրկւած են յայտնի լուսանկարիչների եւ Փարաջանովի ընկերների՝ Իւրի Մեչիտովի, Վիկտոր Բաժենովի եւ Տատիանա Դանիէլեանցի աշխատանքները։ Նախատեսւում է հայ դիզայներ Լիլիթ Մելիքեանի «Փարաջանովի յոթ խորհրդանիշ» հեղինակային հաւաքածուի ցուցադրութիւն անցկացնել։
Փառատօնը կեզրափակւի գալահամերգով, որին կը մասնակցեն Մարիամ Մերաբովան, պարահանդէսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսէն Աղամալեանը եւ Օքսանա Վասիլեւան, Սոֆի Դեւոյեանի «Հոգու եւ պարի թատրոն»-ը, Մարգարիտա Պոզոյեանը, Բարսեղ Թումանեանը եւ այլք։