«Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերոգրական ֆիլմը յաղթող է ճանաչւել

«ԱԼԻՔ» – «Կեղծ խաղաղութեան գինը» ֆիլմը յաղթող է ճանաչւել «Սահմանից դուրս» միջազգային կինոփառատօնում: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել է «5-րդ ալիքի»-ի գործադիր տնօրէն, ֆիլմի պրոդիւսեր Յարութիւն Յարութիւնեանը:
«Դէ ի՞նչ, այսօր (ապրիլի 27) մրցանակ ենք ունենալու, երկու անւանակարգում: «Սահմանից դուրս» միջազգային կինոփառատօնի ժիւրին կայքում հրապարակել է յաղթողների անունները:
«Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերոգրական ֆիլմը յաղթող է ճանաչւում երկու՝ «Լաւագոյն կրթական ֆիլմ» եւ «Լաւագոյն մոնտաժ» անւանակարգերում:
Սա դեռ սկիզբն է: «5-րդ ալիքը» նոր որակ է բերում եւ սա հրաշալի է: Հիմա անձնակազմին դեռ չեմ շնորհաւորում, շնորհաւորանքները՝ օրւայ վերջում՝ մրցանակաբաշխութիւնից յետոյ»,- գրել է նա:
Նշենք, որ «Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական ֆիլմի դէպքերը զարգանում են 1918 թւականի ապրիլի 11-ից մինչեւ մայիսի 25-ն ընկած ժամանակահատւածում, երբ դեռ Հայաստանը պետութիւն չունէր, Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութիւնը շարունակւում էր, պատերազմում պարտւած Թուրքիան խորամանկ դիւանագիտութեան շնորհիւ կարողանում էր հայկական տարածքներ պոկել ու թաթը դրել էր նաեւ Արեւելեան Հայաստանի վրայ:
Ձեռքի տակ ունենալով միայն պատմական վաւերագրութիւններ ու փաստաթղթեր՝ «Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական խաղարկային ֆիլմի ստեղծագործական խումբը գտել է ասելիքը մատուցելու ժամանակակից ոճ ու ելք՝ դիմելով եռաչափ անիմացիային ու արհեստական ինտելեկտի նորարարական լուծումներին։
Յարութիւն Յարութիւնեանը ֆիլմի երեւանեան պրեմիերայից առաջ այն բնորոշել է մէկ նախադասութեամբ. «Սա դեղահաբ է յիշողութեան կորստի դէմ»։