
(Հատւած վէպից)
ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ
– Երբ ամէն ինչ քանդւում է,- մի քիչ լռութիւն հաստատւելուց յետոյ ասաց Պերոնեանը,- հարեւանները տանդ վերջին քարերն էլ առնում են…
– Քեմալականները մեր գաւառներում մնացած հինաւուրց եկեղեցիների հոյակապ յիշատակարանները թնդանօթի են բռնում, որպէսզի հայութիւնից ոչ մի հետք չմնայ,- աւելացրեց Հայկ Շուշանը։
– Վաղը պիտի տեսնէք, Քեմալին պիտի համարեն մեծ եւ ազատարար մարդ…
Աշխարհի բաները այդպէս են… Ամերիկացի պատւելիները, որոնք իրենց կապիտալիզմի առաջնորդներն են, պիտի գովաբանեն արիւնարբու գազաններին…
– Սրանք հին ցաւեր են, որոնց մասին աւելի լաւ է չխօսել, ասաց Սուլթանեանը։ Պերոնեանը իրաւունք ունի, երբ ազգերը խեղճանում են եւ պատմական կարեւորութիւնից զրկւում՝ նրանց արհամարհում են եւ կողոպտում։ Երբ մի օր, նորից, ոտքի կանգնենք՝ մեր բարեկամների թիւը անմիջապէս կաւելնայ: Նախ՝ մենք մտածենք մեր մասին, հոգեպէս վերականգնենք, յետոյ կը տեսնենք…
– Քիչ առաջ, Սուլթանեան, դու խօսում էիր մեծ մի մշակոյթ ստեղծելու մեր պատմական ճիգի մասին… խօսքդ կտրեցին,- ասաց Կարան:
– Հա, այդ էի ուզում ասել…- շարունակեց Սուլթանեանը,-այդ… Մշակոյթը ոգի է եւ մեծ մշակոյթը յատուկ է մանաւանդ փոքրիկ ժողովրդներին…
– Ընտրեալ փոքրիկ ժողովուրդներին… Եթէ ուզում ես։ Գոնէ անցեալում այդպէս է եղել. Աթէնքը, Ֆլօրանսը… Մշակոյթը հարստութիւն, քաղաքակրթութիւն, ընկերային բարենորոգւած կազմ կամ պետական զօրութիւն չէ, այլ զուտ ոգեկանութիւն. կեանքը լուսաւորող եւ հարստացնող ճրագ… արդ՝ եթէ լաւ ուսումնասիրէք մեր պատմութիւնը, պիտի տեսնէք, որ ըսկըզբից, առասպելական օրերից, մենք վազել ենք այդ ճրագի, այդ լոյսի ետեւից: Արան…
– Արքան այդ լոյս, արքան արեւ,
Որ սուրը պարզեց եւ մթնաթեւ
Խաւարի դէմ կռիւ հանեց.
Շամիրամայ սէրը մերժեց…
Կարան իր գրած ոտանաւորի այդ տողերը արտասանեց եւ նայեց Սուլթանեանի աչքերի մէջ…
Դեկտեմբերի 15-ը հայ մեծանուն գրող Կոստան Զարեանի (1885-1969) յիշատակի օրն է



