Ճանաչենք Հայոց աշխարհը

Գիւմրիի մի շարք տեսարժան վայրերը
Գիւմրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ Երեւանից յետոյ։ Քաղաքի հին անունը Կումայրի է։ Ռուս կայսր Նիկոլայ I-ի այցից յետոյ՝ 1837 թւականին, քաղաքը անվանափոխւեց Ալեքսանդրապոլ՝ արքայի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆիոդորովնայի անունով։ Սովետական Միութեան տարիներին քաղաքը կոչւում էր Լենինական («Լենինեան»)։ Այս տարածքը շատ տուժեց 1988 թւականին տեղի ունեցած երկրաշարժից։ Աւելի ուշ այն մասամբ վերակառուցւեց։ Յետսովետական ժամանակաշրջանում քաղաքը նորից սկսեցին անւանել Կումայրի, իսկ աւելի ուշ՝ Գիւմրի։
Գիւմրին հնուց ի վեր համարւել է արհեստաւորների քաղաք, որոնք մեծ համբաւ ունէին իրենց հմտութիւնների եւ վարպետութեան շնորհիւ։ Այսօր Գիւմրին համարւում է երկրի իւրօրինակ մշակութային մայրաքաղաքը։ Եկէք պարզենք, թէ որ 10 տեսարժան վայրերը արժի տեսնել Գիւմրիում:
– Վարդանանց հրապարակ
Վարդանանց հրապարակը քաղաքի գլխաւոր հրապարակն է։ Հրապարակի մէջտեղում է կանգնեցւած ազգային հերոս Սուրբ Վարդան Մամիկոնեանի արձանը, ով զոհաբերել է իր կեանքը յանուն ժողովրդի եւ քրիստոնէութեան։ Հրապարակում նաեւ կարելի է տեսնել «երգող շատրւաններ»։
– Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ Սուրբ Աստւածածին եկեղեցի
Այս երկու եկեղեցիները գտնւում են Վարդանանց հրապարակի երկու կողմերում։ Սուրբ Աստւածածնի եկեղեցին ժողովուրդը անւանում է նաեւ Եօթ Վէրքի եկեղեցի։
– Աբովեան փողոց
Այս փողոցը Կումայրի պատմական շրջանի մի մասն է կազմում՝ իրենից ներկայացնելով հին քաղաքի իսկական պատկերը իր ծաղկման ժամանակաշրջանում։ Աբովեան փողոցի տները կառուցւած են սեւ տուֆից։ Իւրօրինակ ճարտարապետութիւնը այս փողոցին առանձնայատուկ հմայք է հաղորդում, իսկ պատերը, պատուհանները եւ շքամուտքերը զարդարող վարպետօրէն կատարած հնարամիտ փորագրութիւնները իւրաքանչիւր տունը մի արւեստի գործ են դարձնում։
– Ասլամազեան քոյրերի պատկերասրահ
Ասլամազեան քոյրերի պատկերասրահը գտնւում է Աբովեան փողոցի հնամեայ տներից մէկում։ Պատկերասրահի շէնքը ինքն իրենով ճարտարապետական արժէք է ներկայացնում։ Պատկեսրահում ցուցադրւած են մօտ 620 կտաւներ, որոնք նւիրաբերել են թանգարանին նշանաւոր քոյրերը։
– Սեւ բերդ
Սարաւանդի վրայ գտնւող Սեւ բերդը այսօր էլ պահպանել է իր վեհաշուք եւ ահարկու տեսքը։ Այս շինութիւնը կառուցել են ռուսական իշխանութիւնները 1834 թւականին։ Ամրոցը ունէր պաշտպանական նշանակութիւն քաղաքի համար, որը գնտւում էր գրեթէ Թուրքիայի սահմանին։ Միջնաբերդը իսկապէս իր տեսքով սարսուռ էր առաջացնում թշնամու մօտ։
– Քաղաքային կենցաղի եւ ազգային ճարտարապետութեան թանգարան
Այս թանգարանում ոչ միայն կարելի է տեսնել հետաքրքրաշարժ ցուցանմուշներ, այլեւ զգալ հին քաղաքի ամբողջ ոգին։ Թանգարանը իւրայատուկ է ժամանակի վերստեղծւած յարդարանքով եւ եզակի մակետներով, որոնք կարծես թէ Ալեքսանդրապոլի եւ Կումայրու առօրեայից կենդանի պատկերներ լինեն։
– Կենտրոնական զբօսայգի
Գիւմրու զբօսայգին մի զով կղզեակ է քաղաքի կենտրոնում։ Այստեղ միշտ կարելի է հանգստանալ:
– Խաչքարերի պուրակ
Խաչքարերի պուրակում գտնւում է աւելի քան 20 խաչքար, որոնք Ջուղայում աւերւած խաչքարերի ընդօրինակներն են։ Այստեղ կարելի է տեսնել արւեստի գործեր, որոնք տարբերւում են իրենց առանձնայատուկ նրբագեղութեամբ եւ ժանեակ յիշեցնող քարէ զարդանախշերով։
– Ռուսական ժամատուն
Ժամատունը կառուցւել է 1879-80-ական թւականներին Ալեքսանդրապոլում։ Այստեղ են անցկացւել ռուս զինւորների յուղարկաւորութիւնները։ Իւրայատուկ մետաղեայ գմբէթի շնորհիւ ժամատունը կոչւել է Պլպլան, քանի որ արեւի տակ գմբէթը վառ փայլում է։









