ՀՅԴ Մամուլ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարւել կամ հաստատել գոյութեան իրաւունքը

Հայաստանը եօթ ու կէս տարի կառավարող իշխանութեան արտաքին ու ներքին քայլերը, «վերակողմնորոշումները» եթէ գնահատենք ըստ կոնկրետ իրողութիւնների, կը յայտնւենք այն հանդիսականի դերում, ով մօտից դիտելով կտաւը տեսնում է նրա մանրամասները, բայց ոչ ամբողջական պատկերը։ Իսկ ամբողջութեան մէջ դիտարկելով՝ ցաւով տեսնում ենք, որ Հայաստանը յայտնւել է ոչ միայն տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական փոթորիկների մէջ, այլեւ համաշխարհային նոր աշխարհակարգի ձեւաւորման տեւտօնական տեղաշարժերի ճեղքած գծի վրայ։

Կարելի էր մտածել, թէ այս ամէնը տեղի է ունեցել փողոցից երկրի ղեկին յայտնւած քաղաքական, վարչական եւ այլ փորձառութիւններից զուրկ, սակայն ինքնագոհ ու ինքնավստահ երիտասարդների անփորձութեան պատճառով, եթէ ի սկզբանէ որդեգրած նրանց գործողութիւնների մէջ չդրսեւորւէին ռազմավարութեան միտող հետեւողական գործողութիւնները։ Եւս մէկ անգամ արձանագրելու համար, թէ շախմատային մեծ խաղի մէջ ինչ դիրքում ենք հիմա գտնւում, կարճ անդրադառնանք համընդհանուր իրավիճակի ձեւաւորման ընթացքին։

Խորհրդային Միութեան եւ, նրա հետ, կոմունիստական ողջ ճամբարի փլուզմամբ վերջ գտաւ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ձեւաւորւած երկբեւեռ աշխարհակարգը։ Փլուզւած բեւեռի հեգեմոն Ռուսաստանը կարծելով, թէ Արեւմուտքն ըստ արժանւոյն գնահատելով կոմունիստական ամբողջատիրական համակարգից եւ նրա գաղափարախօսութիւնից հրաժարումը, իրեն գրկաբաց ընդունելու է ժողովրդավարութեան ու արդարութեան օրրանում գնաց մեծ զիջումների, հասցնելով պետութիւնը խարխլման շեմին։

Իրականում հակառակորդ կողմը տեղի ունեցածը բնորոշում էր որպէս կէս դար ձգւած սառը պատերազմի արդիւնքում տարած մեծ յաղթանակ եւ անգլոսաքսոնական իր յաւակնոտութեամբ երազում էր Ռուսաստանի, որպէս պոտենցիալ մրցակցի, վերջնական ջախջախումը, երկրի մասնատումը, նրա բնական հարստութիւնների տիրապետումը եւ պետութեան մասնատւած բեկորները քաղաքական կախման մէջ գցելը։ Խորհրդային Միութեան վերջին առաջնորդին բանաւոր տրւած խոստումներով խաբելով՝ ՆԱՏՕ-ն շարունակեց իր յաղթարշաւը՝ նւաճելով Արեւելեան Եւրոպայի նախկին համայնավարական երկրները։ Փաստացի, բայց ոչ դէ իւրէ մտնելով Ուկրաինա՝ նա տիրացաւ դարաւոր կայսրութեան պատմական մէկ հատւածին եւ ընդհուպ մօտեցաւ այսօրւայ Ռուսաստանի սահմաններին։ Այս պատմական յաջողութեամբ խանդավառւած՝ Արեւմուտքը մեծ նշանակութիւն չտւեց Ռուսաստանում հարբեցող Ելցինին նախկին հետախոյզ Պուտինով փոխարինելու աննշան թւացող իրադարձութեանը։ Մօտ մէկուկէս տասնամեակի ընթացքում նոր ղեկավարին յաջողւեց բնում խեղդել անջատողական գործընթացները, ամրապնդել երկրի միասնականութիւնը, ոտքի հանել բանակն ու տնտեսութիւնը եւ հակադարձել Նապոլեոնից ու Հիտլերից յետոյ Արեւմուտքի ձեռնարկած նոր յաղթարշաւին։

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արեւմտեան նոր կոալիցիայի պաշտօնապէս պատերազմի մէջ մտնելուն խանգարեց, թերեւս, կէս դար աշխարհը մեծ պատերազմներից զերծ պահած «Միջուկային զսպման» ստատուս քւօն։ Նպատակադրելով զսպել Ուկրաինական ճակատում արեւմտեան դիրքերը վերականգնելու Ռուսաստանի յաւակնութիւնը՝ Արեւմուտքը ոչ միայն ամբողջական օգնութիւն ցուցաբերեց Ուկրաինային, այլեւ փորձեց ենթարկել նրան քաղաքական եւ տնտեսական շրջափակման եւ անյաղթահարելի պատժամիջոցների։ Որքան էլ որ անիրատեսական թւար 18 երկրի հետ ցամաքային ու ծովային սահմաններ ունեցող, բնական հսկայական պաշարներ եւ ահռելի տարածք ունեցող երկրի մեկուսացումը, Արեւմուտքը հաշւարկում էր, որ ռազմադաշտում խոշոր պարտութիւնները, տնտեսական մեծ անկումը տեւական ժամանակում կը մաշեցնեն Ռուսաստանին, կը նետեն ներքաղաքական նոր ցնցումների ու յեղաշրջումների գիրկը։

Ռուսաստանի նոր ղեկավարութիւնը, թերեւս, ի սկզբանէ նախապատրաստւելով աշխարհաքաղաքական այս անխուսափելի բախմանը եւ առաւել սթափ ու խորքային կեպով գնահատելով համաշխարհային քաղաքական քարտէզի կրած ներքին փոփոխութիւնները, ձեռնամուխ էր եղել Արեւմուտքի հինգհարիւրամեայ համաշխարհային գերակայութիւնը համաշխարհային նոր առանցքով փոխարինելու գործին։ Ոչ առանց ԱՄՆ-Արեւմուտքի ապաշնորհ քաղաքականութեան ընձեռած պատեհութեան, անվտանգութեան բնազդով առաջնորդւելով, Հեռաւորարեւելեան Ասիայում սկսեցին ձեւաւորւել համաշխարհային նոր քաղաքական, տնտեսական առանցք դառնալուն յաւակնող Շանհայի համագործակցութեան երկրների եւ մանաւանդ արտատարածաշրջանային աւելի լայն ընդգրկում ունեցող ԲՐԻԿՍ-ի երկրների դաշինքները։ Արեւելքի ու Արեւմուտքի բախումը, ըստ էութեան, վերածւեց աշխարհի միաբեւեռութիւնը յաղթահարելու եւ բազմաբեւեռ աշխարհակարգի հիմքերը ձեւաւորելու նոր մրցակցութեան։

Դիմակայութիւնը հասաւ այն մակարդակին, որ Ուկրաինական իրադարձութիւնների խորապատկերին ընդունելի դարձան հաւանական միջուկային պատերազմի մասին խօսակցութիւնները։ Ահա այս լարւածութեան գագաթնակէտի պատմական պահին տեղի ունեցաւ ԱՄՆ-ում նախագահի փոփոխութիւնը։ Գերտէրութեան նոր առաջնորդը, թւում է՝ իրատեսօրէն գնահատեց աշխարհում ձեւաւորւող նոր իրողութիւնները, տաք պատերազմի Ուկրաինական ճակատում Ռուսաստանի յաղթանակի անխուսափելիութիւնը, եւ հրաժարւեց Ուկրաինայի պատերազմը սեփական կռիւը համարելու մտասեւեռումից, զատւեց եւրոպական երկրներին համակած հակառուսական տենդից ու, ըստ այդմ, 2025 թւականի դեկտեմբերին հրապարակեց ԱՄՆ անվտանգութեան ռազմավարութեան նոր հայեցակարգը։

Հաշւի առնելով թիւ մէկ մրցակից Չինաստանի հզօրութիւնը Հեռաւորարեւելեան դաշինքների եւ նրանց գործակից միջին-մերձաւոր արեւելեան, աֆրիկեան, հարաւամերիկեան երկրների զգալի տոկոսի քաղաքական նոր նախընտրութիւնները, ինչպէս եւ Եւրոպայի քաղաքական եւ տնտեսական անկումը՝ ԱՄՆ-ը հակւած է երէկւայ հակառակորդների հետ քաղաքական ու տնտեսական գործակցութեան՝ դանդաղօրէն համակերպւելով աշխարհի միաբեւեռութեան աւարտի հետ միաժամանակ ձգտելով պահպանել ԱՄՆ-ի, որպէս համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը։ Այստեղ կարելի է յիշել Ուկրաինական պատերազմի սկզբում Ամերիկեան քաղաքական մտքի հսկայ Հենրի Քիսինջերի արտայայտած այն միտքը, որ պատմականօրէն ռուսական ազդեցութեան գօտում գտնւած Ուկրաինայի համար հակադրւելու փոխարէն ԱՄՆ-ն աւելի ճիշտ կանէր, եթէ նստեր Ռուսաստանի հետ եւ որոշէր աշխարհի ճակատագիրը։ Յալթայի կոնֆերանսի 80-ամեակի առիթով՝ 2025 թւականին, որոշ քաղաքագէտներ խօսեցին այն մասին, որ համաշխարհային երեք գերտէրութիւնների նորացւած ղեկավար եռեակը օրինաչափօրէն պէտք է որոշի նոր հազարամեակում աշխարհի ապագան։ Վերջերս տեղեկութիւններ տարածւեցին, որ այդ ապագայի ճանապարհն ուղենշողների հարցում ԱՄՆ նախագահը գործող Մեծ եօթնեակը ցանկանում է փոխարինել ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Ճապոնիա նոր հնգեակով։

Կէսհազարամեայ գերիշխանութեան դիրքերը կորցնող Եւրոպայի այսօրւայ լիբերալ-գլոբալիստ առաջնորդները, այնուամենայնիւ, չեն ցանկանում հաշտւել Ուկրաինայի պատերազմում իրենց կրած պարտութեան հետ։ Կանգնած լինելով սեփական քաղաքական մշուշոտ ճակատագրի առջեւ՝ այդ առաջնորդները փորձում են Ռուսաստանի նկատմամբ ռեւանշի հասնել Անդրկովկասում եւ Միջին Ասիայում։ 2022 թ․ Ղազախստանում բռնի ճանապարհով իշխանափոխութիւն իրականացնելու փորձերը ձախողւեցին եւ այժմ այդ տարածաշրջանում նրանք փորձում են իրենց նպատակներին հասնել փափուկ ուժի աստիճանական զարգացման ճանապարհով։

Պարագան այլ է Անդրկովկասում, որտեղ նրանց դաշնակիցն է Ադրբեջանը, սակայն եւրոպական վասալութիւնից խուսափելու կռիւ է տալիս Վրաստանի ազգային արժանապատիւ իշխանութիւնը։ Այլ է պարագան Հայաստանում, որտեղ Արեւմտեան եւ թուրքադրբեջանական դրածոյ իշխանութիւնը փլուզում է իր պետութիւնը, յանուն նրա, որ թուրքադրբեջանական բութ ուժի ճնշմամբ Անդրկովկասից վերջնականօրէն դուրս մղւի Ռուսաստանը, եւ Արեւմուտքի անունից տարածաշրջանը վերահսկի հարեւանների թշնամական տանդեմը։ Գործընթացներն այստեղ աւելի քան բացայայտ են։ Հայաստանի իշխանութիւնը գնում է պետական եւ ազգային ամենաարմատական զիջումների իր հովանաւորներին համոզելու համար, որ հաւատարիմ է մնում նրանց նպատակներին։

Աւելին, քիթը խոթելով պատմականօրէն դատապարտւած արկածախնդրութեան մէջ Հայաստանի իշխանատենչ կառավարողները ձգտում են համոզել եւրոպական առաջնորդներին, թէ Հայաստանը Ուկրաինայի նման պատերազմական ճակատ է Ռուսաստանի դէմ, եւ ստանալ եւրոպացիների ամբողջական ու անվերապահ աջակցութիւնն իշխանութեան պահպանման համար մղւող գալիք ընտրապայքարում։ Եւրոպայի քաղաքական էլիտան, որը Հայաստանում տեղի ունեցող վերջին տարիների գործընթացների ժամանակ բացայայտեց իր իրական դէմքը, առանց քաշւելու խոստանում է միջամտել պետութեան ներքաղաքական փոփոխութիւնների գործընթացին եւ կոչ է անում այդ գործընթացներն իրականացնել նոյնքան ապօրինի եւ խայտառակ օրինախախտումներով, որպիսիք տեղի ունեցան, օրինակ Մոլդովայի վերջին երկու համապետական ընտրութիւնների ժամանակ։

Նկատի ունենալով համաշխարհային մեծ փոփոխութիւնները՝ տրամաբանական է թւում, որ Հայաստանը գտնւէր մեր պետութեան գոյութեամբ եւ կայունութեամբ շահագրգիռ մեծ տէրութիւնների հետ դաշինքների մէջ, կարողանար աշխարհի հետ գործակցել իր հաղորդակցական եւ այլ առաւելութիւնների համադրմամբ։ Փոխարէնը Հայաստանի քաղաքականապէս ընկեցիկ իշխանութիւնը մտել է երկու հայատեաց թուրք ղեկավարների տակ ու չի ցանկանում այնտեղից դուրս գալ։ Ամէն ինչ տրամաբանական է, երբ ակտը վերահսկում են բրիտանացիները։

Իշխանութիւնը, որը պատմականօրէն ձախողել ու վարկաբեկել է իրեն, փոխւել չի կարող, նա այլեւս մէկ տեղ ունի յայտնւելու՝ պատմութեան աղբանոցը։ Սպասւող ծանր ու ճակատագրական գործընթացի ելքը, այնուամենայնիւ, վճռելու է ժողովուրդը՝ հրաժարւելով կամ հաստատելով գոյութեան իր պատմական իրաւունքը։

«Դրօշակ» թիւ 12, 2025 թ.

Related Articles

Back to top button