ՀՅԴ Մամուլ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Խաղաղութեան միֆն ու իրարամերժ տրամաբանութիւնները

ԱՄՆ նախագահի միջնորդութեամբ Վաշինգտոնում կայացւած համաձայնութիւններին անմիջապէս յաջորդեց ՔՊ-ականների, նրանց արբանեակ ուժերի ու ֆէյք հասցէատէրերի խանդավառ գրոհը։ Վերեւից նախապէս թելադրւած այս քարոզչական բեմադրութիւնը փորձ էր տպաւորութիւն ստեղծելու, թէ Նիկոլ Փաշինեանը մեծ յաջողութեան է հասել, նոյնիսկ «պալատամերձ» արւեստագէտներից մէկը վարչապետի «վաշինգտոնեան սխրանքը» հաւասարեցրեց Նժդեհի կողմից Սիւնիքը պահելու քաջագործութեան հետ։ Մի քանի օր անց նոյն տրամադրութիւնը խաղալով Նիկոլ Փաշինեանը փորձեց այդ մեծ «աչքալուսանքը» փոխանցել մամուլի ասուլիսի ճանապարհով, համոզելով իր ունկնդրին, որ հայ ժողովուրդը օգոստոսի 8-ից ապրում է բոլորովին այլ իրականութեան մէջ, այսպէս կոչւած, խաղաղութեան դարաշրջանում։ Ակնյայտ է, որ 7 տարւայ անփառունակ կառավարումից յետոյ Նիկոլն ու նիկոլականներն աւելի լաւ բան չունեն ընտրական քւէի դիմաց ծախելու ժողովրդին, քան խաղաղութեան վերջնական հաստատման մասին պատրանքը։ Ինչպէս այս մասին Նիկոլն ակնարկեց նոյն ասուլիսում, ինքը դեռ շատ կը խօսի այդ մասին, եւ պարզ է, որ մինչեւ ընտրութիւնները ինքն ու իր սազանդարներն անընդհատ փորձելու են խլացնել ժողովրդի ականջները այս հանկերգով։

Եթէ անգամ չխորանանք Վաշինգտոնում քննարկւած հարցերի մէջ, ամենացցուն փաստն այն է, որ երկրների միջեւ Խաղաղութեան ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրւել, թէեւ, ըստ Ալիեւի հրապարակային յայտարարութիւնների, առկայ փաստաթղթերի բոլոր պայմանները թելադրւած են եղել իրենց կողմից, եւ Հայաստանի ղեկավարն անվերապահօրէն ընդունել է դրանք։ Այնուամենայնիւ, Վաշինգտոնում ընդամէնը նախաստորագրւել է Խաղաղութեան պայմանագրի նախագիծը, ինչը նշանակում է, որ այն մնում է իրաւաբանական ոչ մի ուժ չունեցող եւ պարտաւորութիւն չթելադրող թղթի կտոր։ Հասկանալով, սակայն, որ մինչեւ Հայաստանում տեղի ունենալիք ընտրութիւնները այլեւս աւելին չի կարող ակնկալել Ալիեւից, Փաշինեանը փրփուրից կառչած խեղդւողի պէս որոշել է հայ ժողովրդի վրայ ծախել նախաստորագրւած թղթի կտորը։ Մէկը, ով պատերազմում խայտառակ ձախողւեց թշնամուն զիջելով նրա կողմից ոչ միայն զաւթւած, այլեւ չգրաււած տարածքներ, սակայն շատերին համոզեց, թէ այդ տարածքները նախկինները յանձնել էին իրենից առաջ, թերեւս ակնկալում է, որ նոյն մարդկանց վրայ կը կարողանայ ծախել նաեւ գեբելսիան այս մեծ սուտը։

Իսկ ի՞նչ հերոսական ձեռքբերման մասին է խօսքը, եթէ անգամ ենթադրենք թէ Նիկոլին յաջողւէր հասնելու յիշեալ պայմանագրի վաւերացմանը։

Պատմութիւնը վկայում է, որ աւելի քան հարիւր տարի Սիւնիքի ճանապարհին տիրանալու ձգտումը եղել է պանթուրանիզմի եւ նրա թիկունքում կանգնած բրիտանացիների տարածաշրջանի աշխարհաքաղաքական գերնպատակներից մէկը։

1918 թւականին Առաջին Հանրապետութեան հիմնադիր եւ Ներքին գործոց նախարար Արամ Մանուկեանը Երեւանում բանակցում էր Խալիլ փաշայի հետ: Թուրք զօրահրամանատարը նոյնիսկ կատարում է Արամի որոշ ցանկութիւնները, օրինակ՝ Արամի թելադրանքով Բաշ Գառնիի ձորերից հեռացւում են զինւած թաթար բաշիբոզուկները, որոնք նեղութիւն էին պատճառում տեղի բնակչութեանը, կամ Խալիլը սովեալ Հայաստանին է թողնում 25.000 փութ ցորեն։ Խալիլը յայտնում է, որ անգամ Ղարաբաղը պատրաստ են զիջելու, միայն թէ հայերն իրենց տան Մեղրիի ճանապարհը։ Այստեղ Արամը կտրուկ մերժում է, եւ սրանով բանակցութիւններն աւարտւում են։ Թուրքերի եւ ադրբեջանցիների այս ռազմավարական երազանքը չմարեց նաեւ խորհրդային տասնամեակների ընթացքում, յայտնի է, որ կայսրութեան վերջին շրջանում այդպիսի խնդրանքով Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարէն Դեմիրճեանին է դիմել Հէյդար Ալիեւը, բայց Դեմիրճեանը եւս ազգային ու պետական մտածողութեամբ օժտւած գործիչ էր, հայ ժողովրդի կենսական շահերին դաւաճանել չէր կարող եւ նոյնպէս մերժել է այդ առաջարկը։

Հայաստանի անկախութեան շրջանում ճանապարհի նկատմամբ հետաքրքրութիւնը սկսում է աճել նաեւ Արեւմուտքի մօտ, քանի որ այն, ինչին ցանկանում էր հասնել թուրքադրբեջանական տանդեմը որպէս Նախիջեւանը Ադրբեջանին կապող, միաժամանակ Թուրքիան Ադրբեջանին ու Միջին Ասիային կապող պանթուրանիզմի ճանապարհ, միաժամանակ դառնում էր ՆԱՏՕ-ի միջանցք։ Այդ տարիներին շրջանառութեան մէջ դրւեց ամերիկացի քաղաքական գործիչ եւ վերլուծաբան Պօլ Գոբլի առաջարկը, որը ենթադրում էր Լաչինի միջանցքը Հայաստանին զիջելու փոխարէն Ադրբեջանին զիջել, այսպէս կոչւած, Զանգեզուրի միջանցքը։ Մինչ թուրք-բրիտանական դրածոների իշխանութեան գալը, Հայաստանի բոլոր իշխանութիւնները մերժել են նաեւ այս ծրագիրը, թէեւ տարբեր բանակցութիւնների ժամանակ արծարծւել է Հայաստանի լիարժէք պատկանելութեան եւ վերահսկողութեան ներքոյ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցական կապը վերականգնելու մասին։

Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ-ական իշխանախումբը, չգիտես ինչ վերերկրային իրաւասութիւններ վերապահելով իրենց, Արցախը ծախելուց յետոյ այս անգամ Մեղրու՝ զուտ հայկական պատկանելութիւն ունեցող տարածքով անցնող ճանապարհի կառավարումը յանձնեցին (արտապատւիրակեցին) ամերիկացիներին։ Իրեն յատուկ ստախօսութեամբ ու ցինիզմով Նիկոլ Փաշինեանը տարածքի այս յանձնումը նախապէս համեմատել էր Զւարթնոց օդանաւակայանն արտաքին կառավարման յանձնելու անհամեմատելի օրինակի հետ։ Միաժամանակ Ադրբեջանը ստացել է Նախիջեւանի հետ անխոչընդոտ կապի իրաւունք։ Սա չի՞ նշանակում արդեօք, որ հայկական եւ նոյնիսկ վերահսկողութիւն իրականացնող ամերիկեան կողմը իրաւունք չեն ունենալու կանգնեցնելու եւ զննելու այդ ճանապարհով անցնող որեւէ գնացք։ Հարցերի եւ մանրամասների ողջ համալիրի մէջ շատ բան հայ ժողովրդի համար մնում է մութ։

Դատելով, նախադէպերից, մենք լրջագոյն մտահոգութիւնների պատճառ ունենք այս հարցում, քանի որ Հայաստանի, այսպէս կոչւած, թաւշեայ, ժողովրդավարական իշխանութիւններն արդէն 7 տարի բանակցում եւ գրաւոր կամ բանաւոր յանձնառութիւններ են ստանձնում՝ դրանք թաքցնելով ժողովրդից։ Միւս կողմից, այլեւս ակնյայտ է, որ Հայաստանի ճակատագիրը տնօրինողներն ի վերջոյ ընդունում են Ադրբեջանի ցանկացած պահանջը։ Այստեղ յիշենք Իլհամ Ալիեւի այն յայտարարութիւնը, որ Զանգեզուրի միջանցքով անցնելիս ադրբեջանցին չպէտք է տեսնի որեւէ օտար մաքսաւորի դէմք։ Միւս կողմից, եւ այստեղ ընդհանրացնելով, կարելի է համոզւած ասել, որ Նիկոլին իրեն ենթարկեցրած Ալիեւը Խաղաղութեան պայմանագիրը դեռ երկար չի ստորագրելու՝ անընդհատ աւելացնելով ու խորացնելով իր նորանոր պահանջները։

Նիկոլ Փաշինեանը, խաղարկելով խաղաղութեան հաստատման սուտը, հասաւ այնտեղ, որ յայտարարեց, թէ պետական բիւջէում պաշտպանական նպատակով նախատեսւող ծախսերը յաջորդ տարի եւ ընդհանրապէս աւելացնելու անհրաժեշտութիւն տրամաբանօրէն չկայ այլեւս: Ակնյայտօրէն հայ-ադրբեջանական յարաբերութիւնների եւ դրանց զարգացման հարցում Փաշինեանի եւ Ալիեւի տրամաբանութիւնները հակասում են իրար: Ալիեւն օրինակ կարծում է, որ ցանկացած պահի նոր պատերազմը կարող է սկսւել եւ այդ պատճառով աւելացնում է ռազմական ծախսերը, բանակի վերազինումն ու մարտունակութիւնը:

Ի՞նչ վերջնական խաղաղութեան մասին կարող է խօսք լինել, եթէ Վաշինգտոնեան խաղաղութեան բանակցութիւններից ընդամէնը օրեր անց ադրբեջանական զինւած ուժերը դիրքային նոր առաջխաղացում իրականացրեցին Ջերմուկում, էլ չասած որ Ադրբեջանը ոչ թէ պատրաստւում է դուրս գալ, այլ աւելի է ամրապնդում դիրքերը Հայաստանից գրաւած տարածքներում: Ի՞նչ խաղաղութեան մասին կարող է խօսք լինել եթէ գնալով ոչ թէ նւազում, այլ աւելի բարձրագոչ է դառնում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանութիւնը, Բաքւում շարունակւում է Արցախի պատանդառւած ռազմաքաղաքական ղեկավարութեան խայտառակ դատավարութիւնը, բացարձակօրէն մերժւում է ճանաչել իրենց բնօրրանի նկատմամբ արցախահայութեան իրաւունքների հարցը, իսկ Արցախում ամէն օր ոչնչացւում են հայութեան պատմական, հոգեւոր ու մշակութային հետքերը:

Դրա դիմաց Հայաստանի ղեկավարութիւնը վախից մերժում է յաղթանակ բառի գործածութիւնն առհասարակ, Նախիջեւանը թուրքավարի անւանում է Նախճւան, ադրբեջանցիներից աւելի կատաղօրէն պայքարում է Արցախի եւ արցախցիների իրաւունքների համար ձայն բարձրացնողների դէմ՝ չգրգռելու համար ադրբեջանցիների զայրոյթը: Ակնառու է, որ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների հարցում եթէ Ալիեւի տրամաբանութիւնը բխում է Ադրբեջանի շահերից, ապա Փաշինեանի տրամաբանութեան հիմքում իր եւ իր թայֆայի շահերն են: Մի շարք անգամներ ազգային ուժերի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինեանին եւ նրա թիմակիցներին հարցրել են, թէ կարո՞ղ են Ադրբեջանի օգտին արւած զիջումների դիմաց նշել ինչ որ զիջում, որ կատարել է Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ:

Իշխանական թիմը մշտապէս պապանձւել է եւ չի կարողացել ոչինչ ասել: Այնպէս որ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցութիւններն ու պայմանագրերի կնքումը այլ բան չեն, քան միակողմանի զիջումների գործընթաց: Ով կասկած կունենայ այս հարցում, թող փորձի յիշել, թէ հայկական կողմի՝ 20 թւականից սկիզբ առած բազմաթիւ տարածքային զիջումների դիմաց Ադրբեջանը երբեւէ կատարե՞լ կամ խօսե՞լ է իր կողմից արւող զիջման մասին: Նոյն կերպ ադրբեջանական որեւէ պաշտօնեայ Փաշինեանին հակառակ, երբեք չի խօսել երկու երկրների տարածքների չափերի մասին: Այս առիթով անդրադառնանք խնդրին առնչւող եւս մէկ միֆի: Հայաստանի իշխանութիւնը փորձում է իր տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ երթեւեկ տրամադրելու զիջումը իբրեւ թէ հաւասարակշռել այս գործընթացի փոխադարձութեամբ: Իսկ հաւատո՞ւմ է որեւէ մէկը, որ Հայաստանը եւ նրա բնակչութիւնը ազատ եւ անվտանգ երթեւեկութեան հնարաւորութիւն կը ստանան Ադրբեջանի տարածքով:

Եթէ մարդիկ այս հեռանկարը պէտք է համեմատեն անդառնալիօրէն անցած ժամանակների նախադէպի հետ, ապա յիշեցնենք որ այն ժամանակ խորհրդային կայսրութեան սահմաններում էին ապրում բոլորը, եւ մետրոպոլիան էր ապահովում բոլոր տեսակի, այդ թւում նաեւ հաղորդակցական կապերի ազատութիւնը, օրինականութիւնն ու ապահովութիւնը ողջ կայսրութիւնում: Իսկ եթէ ցանկացած փաստաթղթի ստորագրումից յետոյ, (ինչն առհասարակ որեւէ կաշկանդիչ ուժ չի ունենում ո՛չ թուրքերի եւ ո՛չ էլ ադրբեջանցիների համար), Ադրբեջանի տարածքով անցնող հայերն այդպէս էլ տեղ չհասնեն, դրա համար որեւէ պատասխանատւութիւն ոխերիմ հարեւանը վստահաբար չի կրելու: Վկայութիւնը՝ Արցախի նկատմամբ դեռ երէկ իրականացւած ցեղասպանութիւնն է: Այնպէս որ, նրանք, ովքեր նման փափագներ ունեն, ճիշտ կանեն օր առաջ հրաժարւեն այդ անուրջներից:

Համաշխարհային աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի, տարածաշրջանի ու մեր ճակատագրի հետ կապւած բախտորոշ ժամանակաշրջանում Նիկոլի եւ ՔՊ-ականների գլխաւոր հոգսն այսօր դարձել են առաջիկայ ընտրութիւնները: Փաշինեանը ներթիմային եւ ներքաղաքական նախապատրաստութիւնների մէջ է միաժամանակ անընդհատ խոչընդոտելով, կանխելով մինչեւ ընտրութիւնների նախօրեակը ազգային ուժերի ակտիւ գործունէութիւն իրականացնելու հնարաւորութիւնը: Ազգային ուժերի նկատմամբ վերջին շրջանի հետապնդումները, քաղաքական ակտիւ կեանքից մեկուսացւածների կալանքի ժամկէտների երկարաձգումները եւ նոր հետապնդումների, դատական գործընթացների ու ձերբակալութիւնների հաւանականութիւնը բացատրւում է, նաեւ առաջիկայ ամիսներին քաղաքական դաշտի հնարաւոր ակտիւութիւնը վիժեցնելու ցանկութեամբ: Ինչպէս համոզւեցինք, Փաշինեանը դրսում փորձում է լուծել իր վերարտադրութեան երաշխիքների խնդիրը՝ այդ թւում նաեւ՝ երկրի ներսում սանձարձակ ու անօրինական գործունէութեան համար:

Փաշինեանը գալիք ընտրութիւնների հետ է կապում իր հետագայ ճակատագիրը եւ յանուն նպատակի գնում է «վա բանկ»՝ չխորշելով զոհաբերելու ե՛ւ մարդկանց, ե՛ւ երկրի ճակատագիրը, բոլոր հակառակորդների գլխին դամոկլեան սրի պէս կախելով բռնի իշխանափոխութեան կասկածանքով բանտարկութեան սպառնալիքը: Նա ամէն օր աւելի ու աւելի դժւարացնում է իրենից յետոյ Հայաստանն ու Արցախը փրկելու հնարաւորութիւնը:

Փաշինեանը սրանով նաեւ ազգային ուժերին կանգնեցնում է սեփական անելիքն օր առաջ յստակեցնելու պարտադրանքի առաջ:

«Դրօշակ» թիւ 8, 2025 թ.

Related Articles

Back to top button