ՄշակութայինՍփիւռք

Անւանի գիտնական Վահագն Տատրեանի արխիւի էլեկտրոնային տարբերակը շուտով հասանելի կը լինի համացանցում

Լոս Անջելէսի «Արարատ-Էսքիճեան» հետազօտական-թանգարան եւ Հայոց Ցեղասպանութեան հետազօտական կենտրոնները միասին նախաձեռնել են թւայնացնել պրոֆեսոր Վահագն Տատրեանի արխիւը:

Պրոֆ. Վահագն Տատրեանը (1926-2019) Հայոց Ցեղասպանութեան աշխարհահռչակ ուսումնասիրող գիտնական էր, որ մեծապէս նպաստել է ցեղասպանութեան պատմական իրողութեան գիտական համապարփակ ներկայացմանը՝ իր անգնահատելի ու կարեւոր նշանակութիւնն ունենալով այդ փաստի միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում։

Նա իր երկարամեայ գործունէութեան ընթացքում հաւաքել էր շատ հարուստ արխիւային նիւթեր: Նրա արխիւները ներառում են բազմահազար էջեր ամերիկեան, բրիտանական, գերմանական, ֆրանսիական, հայկական եւ օսմանեան արխիւներից, ինչպէս նաեւ բազմալեզու անտիպ նիւթեր եւ մամուլի հրապարակումներ: Մահից առաջ պրոֆեսորն իր արխիւը փոխանցել է «Արարատ-Էսքիճեան» թանգարանին, իսկ նրա գրքերի ամբողջական հաւաքածուն գտնւում է Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Էդւարդ Տոհըն կրտսերի անւան գրադարանում:

2009 թւականին Տատրեանի արխիւը Բոստոնից փոխադրւելուց յետոյ, «Արարատ-Էսքիճեան» թանգարանը նախաձեռնեց դրանք թւայնացնելու աշխատանքները` մասնագէտներին հասանելի դարձնելու համար: Արխիւների տեղափոխման եւ նախնական թւայնացման աշխատանքները կազմակերպել եւ իրականացրել է թանգարանի տնօրէն Մակի Գոշին Մանկասարեանը, իսկ հետազօտողներին հասանելի դարձնելու նպատակով թւայնացւած նիւթերը բանալի բառերով փնտրելու համակարգի աշխատանքին մասնակցել է Քլարք համալսարանի դոկտ. Աննա Ալեքսանեանը՝ պրոֆ. Թաներ Աքչամի ղեկավարութեամբ: Նախատեսւում է աշխատանքներն աւարտել 2025 թւականի դեկտեմբերին, որից յետոյ արխիւն ամբողջութեամբ կը ներկայացւի համացանցով:

Alphanews.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button