«ԱԼԻՔ» – Ապրիլ 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի սրահում մեկնարկեց «Արցախի իրաւունքների վերականգնման հրամայականը՝ «Ընդդէմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութեան» համագումարը: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պաշտօնական կայքից:
Համագումարին մասնակցում են Միջազգային Քրէական դատարանի հիմնադիր դատախազ դոկտ. Լուիս Մորէնօ Օքամփոյը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը եւ պատմաբաններ, միջազգային իրաւունքի մասնագէտներ ու քաղաքագէտներ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից:
Համագումարի բացումը կատարւել է Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական պատգամով: Ողջունելով դոկտ. Լուիս Մորէնօ Օքամփոյին, Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել յանուն արդարութեան նրա ծաւալած գործունէութիւնը:
Իր ելոյթում Վեհափառ Հայրապետը նշել է, որ համագումարը կազմակերպւել է ներկայացնելու այն բոլոր հնարաւորութիւնները եւ ուղիները, որոնք կը նպաստեն արցախահայութեան իրաւունքների վերականգնմանը. «Որովհետեւ Արցախի էջը մեզ համար փակւած չէ»,- ընդգծել է Նորին Սրբութիւնը:
Անդրադառնալով դոկտ. Լուիս Մորէնօ Օքամփոյի հրապարակած վերջին երկու զեկոյցներին, Արամ Ա կաթողիկոսը յիշեցրել է Արցախում տեղի ունեցած ցեղասպանութեան հանդէպ միջազգային հանրութեան անտարբերութեան, ինչպէս նաեւ՝ Միջազգային Քրէական դատարանում Ադրբաջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատասխանատւութեան կանչելու հնարաւորութեան մասին:
Վեհափառ Հայրապետի պատգամից յետոյ, «Ադրբեջանի իրականացրած ցեղասպանութիւնը եւ արցախահայութեան վերադարձի իրաւունքը» թեմայով ելոյթ է ունեցել Միջազգային Քրէական դատարանի հիմնադիր դատախազ դոկտ. Լուիս Մորէնօ Օքամփոյը, որն իր խօսքում ընդգծել է, որ պէտք է շարունակել Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները որակել, որպէս ցեղասպանութիւն. «Որովհետեւ առանց ցեղասպանութեան հատուցման՝ արցախահայութեան վերադարձը եւ նրանց իրաւունքների ապահովումը անկարելի է»,- ասել է նա:
Միջազգային իրաւունքի ճանաչւած մասնագէտը խօսելով Արցախում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ պետութիւնների անտարբերութեան մասին, նշել է, որ դա հիմնականում պայմանաւորւած է պետութիւնների՝ ստանձնած պարտականութիւններից խուսափելու եւ իրենց աշխարհաքաղաքական շահերը վեր դասելու հանգամանքով:
Դոկտ. Լուիս Մորէնօ Օքամփոյի զեկոյցից յետոյ, ելոյթ ունեցաւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը: Իր ելոյթում փորձառու դիւանագէտը նշել է, որ Ցեղասպանութեան դէմ պայքարը մշտապէս եղել է հայ ժողովրդի պահանջատիրական պայքարի առաջնահերթութիւններից, որը իւրաքանչիւր փուլում հանդիպել է տարաբնոյթ մարտահրաւէրների: Նա մտահոգութիւն է յայտնել, որ ժամանակի ընթացքում Ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման պայքարը կարող է նահանջ ապրել:
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ցեղասպանութեան հարցը բարձրացնելու նպատակով դոկտ. Օքամփոյի տարած աշխատանքներին, Վարդան Օսկանեանը կարեւորել է այդ ուղղութեամբ իրաւաբանութեան եւ քաղաքականութեան ճիշտ օգտագործումը՝ յատուկ ընդգծելով այս հարցում Հայաստանի իշխանութեան դերակատարութեան անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը:
Զեկոյցներից յետոյ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարւել Արցախում կատարւածը Մարդու իրաւունքների խախտման քաղաքական հարց լինելուն, ինքնավարութեանը, երրորդ կողմի պատասխանատւութեանը, Արդարադատութեան Միջազգային դատարանում այս հարցերի բարձրացմանը, Սփիւռքի դերակատարութեանը, անիրական երազներով պայքար տանելու վտանգին, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դերակատարութեանը եւ հանրային կարծիքի ազդեցութեանը:
Խորհրդաժողովը տեւելու է երեք օր: