Իտալիայում կայացել է «Արցախում տեղի ունեցած վայրագութիւնները» թեմայով սեմինար-քննարկում
Իտալիայի Կալաբրիա քաղաքի Università degli Studi Mediterranea համալսարանում դեկտեմբերի 20-ին կայացել է «Արցախում տեղի ունեցած վայրագութիւնները» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցել է ՀՀ-ից իրաւագիտութեան պրոֆեսոր Լիլիթ Գէորգեանը։
Քննարկմանը, որին 200 մասնակից է ներկայ եղել, այդ թւում իրաւաբան-պրոֆեսորներներ Իտալիայից, Բրազիլիայից եւ Արգենտինայից, Գէորգեանը պատմել է, որ Արցախի ժողովուրդը 1990-ականներին օրինական կերպով ընտրել է Ադրբեջանից առանձին ապրելու ճանապարհը, քանի որ իւրաքանչիւր ազգ ունի ինքնորոշման իրաւունք:
«Ինքնորոշումը ժամանակակից միջազգային իրաւունքի հիմնական սկզբունքն է, որը սովորաբար յայտնի է որպէս «jus cogens» կանոն: Իրաւունքի ուժով ցանկացած ժողովուրդ ազատօրէն որոշում է իր քաղաքական կարգավիճակը եւ ազատօրէն հետամուտ է լինում իր զարգացմանը»,- Aysor.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Լիլիթ Գէորգեանը ներկայացրել է 2020 թւականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարւած դաժանութիւնները եւ խոշտանգումները։ Նա նշել է, որ այժմ պատմական Արցախն անցել է Ադրբեջանի վերահսկողութեան տակ։
«Հայկական Արցախի ժողովրդի բնաջնջման փաստերը ներկայացնելուց յետոյ, ուզում եմ հարցնել ձեզ՝ ի՞նչ իրաւական գնահատական կարող էք տալ, յարգելի պրոֆեսորներ»,- հարց է ուղղել Գէորգեանը։
Արգենտինացի պրոֆեսոր Լուի Վիլլալբան նշել է. «Սա դաժան պատերազմ է եղել, աւելի դաժան, քան մենք լսում ենք մեդիայում»։
«Սա պատերազմ չի եղել, այլ միայնակ հայի գոյամարտ քաղաքակիրթ հասարակութեան անտարբերութեան ովկիանոսում»,- արձագանգել է Գէորգեանը։