ԽՄԲԱԳՐԱԿԱՆ․ ԻՐԱՆ-ԱՄՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ԱՇԽԱՐՀՆ ԻՆՉՊԻՍԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՅ ՄԱՍԿԱՏԻՑ

Օմանի մայրաքաղաք Մասկատում ապրիլի 12-ին մեկնարկելու է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնները։ Արդէն յայտնի է, որ Օմանի ԱԳ նախարարի միջնորդութեամբ կայանալիք բանակցութիւններին Իրանը ներկայացնելու է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, իսկ ամերիկեան կողմը՝ Մերձաւոր Արեւելքի հարցերով նախագահ Թրամփի յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆը։
Եթէ մի կողմ թողնենք միջնորդաւորւած կամ ուղղակի բանակցութիւնների հետ կապւած ինտրիգը, որը քարոզչական եւ հոգեբանական ճնշում բանեցնելու նպատակով, փորձում է առաջնային պլան մղել ամերիկեան կողմը, ապա միջազգային հանրութեանը հիմնականում հետաքրքրում է այն, թէ ի՞նչ հնարաւոր ընթացք են ունենալու բանակցութիւնները եւ ինչպիսի՞ն են կարող լինել աշխարհաքաղաքական զարգացումները դրանց յաջողութեան կամ ձախողման արդիւնքում։
Չափազանց բարդ եւ բազմաթիւ անյայտներով այս բանակցութիւնների համար կողմերը յստակ նպատակներ են սահմանել։ Թրամփի վարչակազմը ձգտում է հասնել իր համար աւելի լաւ պայմաններով նոր գործարքի կնքմանը, քան Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ «Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագիրը», ինչը ոչ միայն հնարաւոր նւազագոյն մակարդակի կիջեցնի, կամ ընդհանրապէս կը դադարեցնի Իրանի միջուկային ծրագիրը, այլեւ կը չեղարկի հրթիռային ծրագիրն ու կը զրոյացնի երկրի քաղաքական ազդեցութիւնը տարածաշրջանում։
Պաշտօնական Թեհրանն էլ իր հերթին յայտարարել է, որ ամերիկեան պատժամիջոցների չեղարկման դիմաց Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնոյթի մասին հաւաստիացումները քննարկւելիք միակ թեման է լինելու, եւ որ Մասկատի բանակցութիւնները դիւանագիտութեան համար նոր հնարաւորութիւն են եւ Ամերիկայի լրջութիւնը գնահատելու փորձ։
Ակնյայտ է, որ բանակցութիւնների նախօրէին ամերիկեան ճնշումներն ընթանում են տարբեր ուղղութիւններով, այդ թւում՝ ռազմական։ Թրամփն հաւատարիմ իր ոճին, փորձում է օգտագործել սպառնալիքների ամենակոշտ լեքսիկոնը։ Նա համաձայնութեան հասնելու համար Իրանին տւել է երկու ամիս ժամանակ՝ շեշտելով, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կը գան «ցանկալի» համաձայնութեան, կա՛մ էլ շատ վատ բաներ կը կատարւեն Իրանի հետ։
Միեւնոյն ժամանակ, Իրանը պարզորոշ հասկացնել է տւել, որ չի պատրաստւում ընկրկել Սպիտակ տնից հնչող սպառնալիքների առջեւ, հաստատակամ է իր ազգային շահերը պաշտպանելու հարցում, եւ անհրաժեշտութեան դէպքում պատրաստ է գործել Թրամփի լեքսիկոնի հնչերանգին համարժէք ու համապատասխան։
Կողմերի սահմանած նպատակների եւ մօտեցումների միջեւ նման հեռաւորութիւնը տրամաբանական հարց է առաջացնում․ Իսկ բանակցութիւնների հնարաւոր ձախողման դէպքում ինչպի՞սի ընթացք կունենան հետագայ զարգացումները, կը լինի՞ արդեօք պատերազմ, թէ՞ ոչ։ Ամենայն հաւանականութեամբ՝ ոչ, քանի որ առկայ իրողութիւնը եւ հաւասարումները յուշում են, որ գոնէ ներկայ դրութեամբ երկու կողմերն էլ շահագրգռւած չեն Մերձաւոր Արեւելքում նոր հակամարտութիւն հրահրելու հարցում:
Նման եզրակացութեան համար կան մի քանի որոշիչ գործօններ․
Ա․ Իրանը ամենաբարձր մակարդակով բազմիցս հասկացնել է տւել, որ թէեւ պատրաստ է դիմակայելու իր ինքնիշխանութեանը եւ անվտանգութեանն ուղղւած ցանկացած մարտահրաւէրի, այդուհանդերձ շահագրգռւած չէ ռազմական գործողութիւններով եւ հակամարտութեամբ, ուստի անում է հնարաւորը, որպէսզի իրադարձութիւնների նման շրջադարձ տեղի չունենայ։
Բ․ Զուգահեռաբար, ռազմական էսկալացիան բացառելու նպատակով, Իրանն ակտիւ բանակցութիւններ է վարում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի երկու ազդեցիկ անդամների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի, ինչպէս նաեւ ՄԱԳԱՏԷ-ի հետ, որպէսզի հնարաւոր լինի հասնել խնդրի դիւանագիտական կարգաւորման։
Գ․ Չնայած Թրամփի կողմից օգտագործւող չափազանց կոշտ լեքսիկոնի եւ յոխորտանքների, ակնյայտ է, որ ԱՄՆ-ի նպատակն այս պահին Իրանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելն է։
Սպիտակ տանը գիտակցում են, թէ ներկայ դրութեամբ իրենց դիրքերը տարածաշրջանում ինչպիսի խոցելի վիճակում են։ Որեւէ ռազմական գործողութեան դէպքում, ամերիկեան բոլոր բազաները տարածաշրջանում կարող են յայտնւել Իրանի ԶՈՒ-ի կործանիչ հարւածների թիրախում։ Մերձաւոր Արեւելքից ԱՄՆ առաքւող դիակներն ու դագաղները միանշանակօրէն կարող են շատ թանկ արժենալ Թրամփի եւ նրա վարչակազմի համար՝ ԱՄՆ ներքաղաքական ճակատում։ Իրանի հետ ռազմական առճակատման արդիւնքում կորուստները ԱՄՆ նախագահի համար տեսականօրէն կարող են դառնալ անգամ պաշտօնը կորցնելու պատճառ, ինչից ԱՄՆ պոպուլիստ առաջնորդը տրամաբանօրէն պէտք է, որ խուսափի։
Դ․ Եւ վերջապէս, Իրանի դէմ հնարաւոր ռազմական գործողութիւնների վերաբերեալ չկայ որեւէ կոնսեսուս ո՛չ միջազգային, ո՛չ առաւել եւս տարածաշրջանային մակարդակներում։
Այս համատեքստում յատկապէս կարեւոր է արաբական երկրների դիրքորոշումը, որոնք պարզորոշ հասկացնել են տւել, որ դէմ են տարածաշրջանում նոր ռազմական հակամարտութեանը, որի աւերիչ հետեւանքներն անխուսափելիօրէն կրելու են նաեւ նրանք։
Հիմա հարցն այն է, թէ կը համաձայնի՞ արդեօք Թրամփն Իրանի հետ բարդ, երկարատեւ, եւ ամենակարեւորը՝ առանց նախապայմանների, սպառնալիքների եւ հաւասարը հաւասարի դիրքերից բանակացութիւնների, թէ՞ ոչ։
Փաստն այն է, որ համաձայնելով գնալ բանակցութիւնների, աշխարհաքաղաքական այս չափազանց բարդ շախմատային պարտիայում Իրանը կատարել է փղի իր քայլը, հերթը հիմա Ամերիկայինն է, պատասխան քայլը վճռորոշ է։ Այն կարող է լարւածութիւն թօթափելու եւ առկայ խնդիրները դիւանագիտական ճանապարհով լուծելու կարեւոր ցուցիչ լինել։