ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՄԵՐ 25,000-ՐԴԸ

«ԱԼԻՔ»-ի 40-ամեակին նւիրւած բացառիկ թւի խմբագրականում, թերթիս այն օրերի գլխաւոր խմբագիր Արսէն Մամեանը գրել էր. «Հայ մամուլի պատմութեան մէջ մեծ է թիւը այն պարբերաթերթերի, որոնք կարճատեւ կեանք են ունեցել, հազիւ մի քանի տարի:
Մեծ չէ թիւը այն հայ թերթերի, որոնք տասնամեակ են բոլորել:
Եւ դժբախտաբար փոքրաթիւ են այն հայ պարբերակնները, որոնք կարողացել են տոկալ եւ տասնամեակներ բոլորել:
Այդ բախտաւորներից է «ԱԼԻՔ»-ը, որը բոլորել է չորս տասնամեակներ…»:
Եւ այսօր՝ 2025 թւականի սեպտեմբերի 21-ին, իր 95-ամեակի նախաշեմին, «ԱԼԻՔ»-ն ընթերցողների դատին է յանձնում իր յոբելեանական՝ 25,000-րդ համարը:
Առաջին հայեացքից, երեւի թէ դիւրն թւայ ասելը՝ 9 տասնամեակ ու 4 տարի, 25,000 օր, սակայն, գրեթէ անհնար է պատկերացնել այն անյաղթահարելի թւացող դժւարութիւնները, բազմաբնոյթ եւ բազմաբովանդակ մարտահրաւէրները, որոնց յաղթահարել է «ԱԼԻՔ»-ը, իր 25,000-րդ համարի հասնելու ճանապարհին: Դժւարութիւններ եւ մարտահրաւէրներ, որոնցից մէկն ընդամէնը կը բաւարարեր տապալելու, ձախողելու որեւէ նախաձեռնութիւն:
Իսկ «ԱԼԻՔ»-ը ոչ միայն տոկաց ու դիմացաւ այդ փորձութիւններին, այլեւ շարունակեց իր ուղին, արձանագրելով ակնառու յաջողութիւններ, եւ շեշտւած որակական վերելք՝ դառնալով հայկական մամուլի ամենահեղինակաւոր ներկայացուցիչներից մէկը:
Միգուցէ տրամաբանական հարց առաջանայ, որ որն է «ԱԼԻՔ»-ի տոկունութեան եւ յարատեւութեան գաղտնիքը:
Սկսենք ամենասկզբից: Յայտնի է, որ «ԱԼԻՔ»-ը, իր գաղափարաբանութեամբ, քաղաքական, տնտեսական ու հասարակական ուղղւածութեամբ, համարւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրգաններից մէկը:
Հաւատարիմ իր գաղափարական ակունքներին, 94 տարիների ընթացքում, «ԱԼԻՔ»-ն անսակարկ սպասարկել է հայ ժողովրդի ազգային շահերին, եւ հակառակ քաղաքական եւ հասարակական վերիվայրումների, խոչընդոտների, հարւածների եւ յարձակումների, մնացել է անդրդւելի իր ուղում՝ հետապնդելով իր արմատները սնուցող գաղափարախօսութեան ծրագրային սկզբունքների, հանրահռչակած նպատակների ու որդեգրած արժէքների նւիրագործումը:
Այս ճանապարհին, «ԱԼԻՔ»-ը երբեք չի ընկրկել, չի նահանջել, տուրք չի տւել «ամբոխային տրամաբանութեանը», պայքարել է մերթ ընդ մերթ մեր ազգային կեանքը ախտահարող բոլոր քաղաքական կամ հասարակական բնոյթի վնասակար երեւոյթների, դրանց արտաքին պատւիրատուների եւ ներքին սպասարկողների դէմ, եւ մշտապէս յաղթանակած է դուրս եկել:
«ԱԼԻՔ»-ը երբեք հատւածական շահեր չի փնտրել եւ հետապնդել: «ԱԼԻՔ»-ի շահը /ինչպէս դաշնակցական մամուլի միւս բոլոր ներկայացուցիչները/ եղել է բացառապէս ազգայինը, հայկականը, Հայոց հայրենիքը եւ հայ ժողովուրդը: «ԱԼԻՔ»-ը մշտապէս նեղ կուսակցական շահերը ստորադասել է համահայկական շահերին՝ ելնելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան էութիւնից:
Ահա՛ «ԱԼԻՔ»-ի տոկունութեան, յարատեւման եւ շարունակականութեան հիմնական պատճառը, կենսատու աղբիւրը:
Համազգային ու համահայկական խնդիրներին զուգահեռ, «ԱԼԻՔ»-ը երբեւէ աչքաթող չի արել իրանահայութեանը՝ դառնալով նրա իղձերի ու ցանկութիւնների թարգմանը, նրա դժւարութիւնների ու խնդիրների բարձրաձայնողը, օրհասական պահերին նրա առաջին պատնէշը, ապաւէնը, պահպանող վահանն ու հատու թուրը:
Ահա՛ «ԱԼԻՔ»-ի կենսունակութեան երկրորդ աղբիւրը. Իրանահայութիւնը, առանց որի «ԱԼԻՔ»-ն ընդհանրապէս գոյութիւն ունենալ չէր կարող:
Եւ վերջապէս երրորդը՝ «ԱԼԻՔ»-ի նւիրեալները, անցած ու գնացած բոլոր աշխատակիցները. խմբագրապետերը, լրագրողները, վարչական ու տեխնիկական անձնակազմը…բոլոր, բոլորը: Նւիրեալներ, որոնք անսակարկ նւիրումով իրենց ուսերին են կրել «ԱԼԻՔ»-ի պահպանման, զարգացման եւ առաջընթացի ապահովման ծանր գործն ու պարտականութիւնը: Չլինէին նրանք, չէր լինի նաեւ «ԱԼԻՔ»-ը, որն իր 25,000-օրեայ երթի համար մեծապէս պարտական է նրանց՝ բառերում ու տողերում չտեղաւորւող աներեւակայելի եւ անասելի զոհողութիւններին:
94 տարի, 25,000 օր. «ԱԼԻՔ»-ի երթը, որը ձգտում է դէպի նոր հորիզոններ: «ԱԼԻՔ»-ը հանգրւաններ է նւաճել եւ դեռ նւաճելու է: «ԱԼԻՔ»-ը կանգ չի առել եւ կանգ չի առնելու: Գալու եւ գնալու են իրարայաջորդ սերունդները՝ «ԱԼԻՔԱԿԱՆՆԵՐԸ», դառնալով հող ու յիշողութիւնը: Բայց կարեւորը «ԱԼԻՔ»-ն է, մեր ՏՈՒՆԸ, մեր ՕՋԱԽԸ, որը յարատեւելու է, որը մնալու է կանգուն:
Ուրեմն՝ ՈՂՋՈՅՆ «ԱԼԻՔ»-ԻՆ: