ԱԿՆԱՐԿ. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԹՒԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ՀԱՏԻՍ
Արհեստական բանականութիւնն այլեւս միայն տեխնոլոգիական նորարարութիւն չէ․ այն դարձել է մտածողութիւն ձեւաւորող միջավայր։
Իսկ այդ միջավայրում օրակարգային հարց է դառնում՝ ի՞նչ տեղ ունի Հայ Դատին նպաստող գիտելիքի համակարգւած շտեմարանը։
Երբ թուրքական քարոզչամեքենան տարիներ շարունակ հսկայական բիւջէներ է ուղղում հայանպաստ բովանդակութիւնը չէզոքացնելու, աղաւաղելու կամ լռեցնելու համար, թւային անգործութիւնը վերածւում է քաղաքական թերացման։
Նման շտեմարանները կարող են վճռորոշ դեր ունենալ փորձագիտական կենտրոնների, հետազօտական հարթակների եւ միջազգային վերլուծաբանների համար։ Պատահական չէ, որ պետութիւնների դիրքորոշումները Հայկական Հարցի վերաբերեալ յաճախ նաեւ հիմնւում են հէնց այդպիսի ուսումնասիրութիւնների վրայ։ Իսկ երբ հայկական աղբիւրները թւային աշխարհում համեմատաբար լինեն սակաւ, անկանոն կամ դժւար հասանելի, այդ բացը արագօրէն լցւելու է այլոց թելադրանքով։
Միեւնոյն ժամանակ, թւային շտեմարանների ստեղծման ճանապարհին լուրջ խոչընդոտ է գիտական հետազօտութիւնների հեղինակային իրաւունքների հարցը։ Շատ ուսումնասիրութիւններ, որոնք կարող էին ծառայել Հայ Դատին եւ հանրային գիտելիքի հարստացմանը, փակ են մնում հրատարակչական սահմանափակումների, ֆինանսական պայմանների կամ իրաւական անորոշութեան պատճառով։ Այս հանգամանքը ոչ միայն սահմանափակում է ընթերցողի հասանելիութիւնը, այլեւ խոչընդոտում է այդ բովանդակութեան ներգրաւումը արհեստական բանականութեան ուսուցման եւ վերլուծական գործընթացներում։ Անհրաժեշտ են յստակ եւ արդիական լուծումներ՝ բաց արտօնագրերի, համաձայնեցւած օգտագործման կամ հանրային շահի սկզբունքով վերարտադրութեան մոդելների տեսքով, որպէսզի գիտական աշխատանքը չկորցնի իր ազդեցութիւնը եւ կարողանայ գործել այն նպատակով, որի համար ստեղծւել է՝ ձեւաւորել տեղեկացւած դիրքորոշում եւ դիմակայել համակարգւած խեղաթիւրմանը։
Արհեստական բանականութեան համար «ճշմարտութիւնը» մեծ մասամբ այն է, ինչ առաւել հասանելի եւ բազմապատիկ կրկնւած է վիրտուալ հարթակներում։ Այդ համատեքստում հայկական բաց աղբիւրների (open source), բազմալեզու եւ համակարգւած տարածումը այլեւս ընտրութիւն չէ, այլ կենսական անհրաժեշտութիւն։ Յատկապէս այն պարագայում, երբ հայերը՝ առնւազն Սփիւռքում, կենտրոնացած են մայրաքաղաքային միջավայրերում եւ ունեն մտաւոր ու կազմակերպչական ներուժ։
Օրինակները խօսուն են. առցանց թարգմանութիւններում «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթը յաճախ փոխարինւում է «հայկական ջարդեր»-ով։ Առաջին հայեացքից սա կարող է մանրուք թւալ, սակայն իրականում դա պատմութեան գիտակցւած խեղաթիւրում է, որը ենթագիտակցաբար մղում է մոռացութեան։ Երբ Հայոց Ցեղասպանութեան թեման քննարկւում է առանց համարժէք եզրոյթի, ժխտումն արդէն սկսւած է։
Իսկ այսօր, երբ արցախահայութեան բռնի տեղահանութեան հարցը դեռ լռութեան քողի տակ է, իսկ լսարանի համբերութիւնը սահմանափակւում է միայն վերնագրային խորութեամբ, հարցը մնում է բաց. ո՞րն է ժխտման սահմանը, եւ արդեօք այն կարող է օրակարգից դուրս մղւել նաեւ պետական քաղաքական ուղեգծի անտարբերութեան հետեւանքով։
Պատասխանը կախւած է նրանից, թէ մենք կը կարողանա՞նք մեր պատմութիւնը դարձնել տեսանելի եւ անվիճարկելի ճշմարտութիւն՝ թւային աշխարհում… թէ կը բաւարարւենք լռութեան արագ սպառւող յարմարւողութեամբ։



