ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՆՀՆԱՐ Է ԽԼԵԼ ԹԷ՛ ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ, ԹԷ՛ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ

ՀԱՏԻՍ

 

– «Շուշիի ազատագրման օպերացիայի նախորդ օրը երգում էինք։ Ընդհանրապէս շատ էինք երգում։ Հաւաքւած էինք Սխնախի անտառներում՝ պատրաստւում էինք գիշերը դուրս գալու։ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական ջոկատով մի առանձին վրանի մէջ էինք։ Որոշեցինք՝ ով ինչ շնորհք ունի, թող ցուցադրի։ Մէկը արտասանեց, միւսը երգեց, երրորդը՝ անեկդոտ պատմեց։ Այդ պահին վրանը մտաւ Վիգէն Զաքարեանը, ով Բէյրութից էր եկել կռւելու։ Լսեց մեզ մի քանի վայրկեան, ժպտաց ու ասաց. «Ասոնք խենթ են. վաղը կերթան, չգիտեն՝ կը վերադառնա՞ն, թէ՞ ոչ, բայց երգ ու պար կընեն»։ Ցաւօք, գործողութեան ընթացքում Վիգէնը զոհւեց»։

– «Մահւան վախ չկար, դրա մասին չէինք էլ մտածում։ Գիտակցում էինք միայն, որ կարելի է տխրեցնել ծնողների սիրտը այդ պահին, բայց եթէ չհանդգնէինք, ապա յետոյ աւելի մեծ ցաւ պիտի ապրէինք, երբ թշնամին հասնէր մեր դռան շեմին։ Արցախի սահմանը մեր հայրենիքի՝ մեր օջախի դուռն է»։

 

Իգոր Սարգսեան

Յաղթանակները միայն պատերազմի արդիւնք չեն։ Դրանք ժողովրդի հոգեբանական եւ գոյաբանական ամրութիւնն են՝ վստահութիւն, որ պատմութիւնը կարող է շարունակւել ազգի կամքով։ Երբ յաղթանակի յիշողութիւնը մերժւում է, սկսում է գործել մօռացութիւնը, իսկ մօռացութիւնը ծնում է անտարբերութիւն՝ երկրի, սահմանների, ինքնութեան հանդէպ։

Շուշիի ազատագրումը վերականգնեց այդ հաւատը… Իսկ Շուշիի անկումը սկսւել էր դեռ «ոմանց» մտածողութեան մէջ՝ այն պահին, երբ մթագնել էր սեփական յաղթանակներին արժանի լինելու գիտակցութիւնը։ Այդ վիճակից ծնւեց նաեւ այն պատկերացումը, թէ քեզ ստրկացնող «խաղաղութիւնը» կարելի է ընդունել ամէն գնով՝ անգամ սեփական ինքնութեան ու նպատակների հաշւին։

Այդ պատճառով Շուշիի ազատագրումը ոչ միայն ռազմական յաջողութիւն էր, այլեւ գոյաբանական սպառնալիքի յաղթահարում՝ ապացոյց, որ պատմութիւնը կարող է փոխւել ազգի կամքով… Իսկ այդ անկումը նախ տեղի ունեցաւ նրանց մէջ, ովքեր հրաժարւեցին իրենց երազանքներից, իրենց նպատակներից եւ վերջիվերջոյ՝ իրենց պատասխանատւութիւնից։

Մի բան ակնյայտ է․ պատմութիւնը հնարաւոր չէ խլել ժողովրդից, որքան էլ փորձեն։ Յաղթանակները մնում են ժողովրդական յիշողութեան մէջ՝ որպէս ուժի, տոկունութեան եւ ապագայի վստահութեան աղբիւր։

Տարիների ընթացքում ձեւաւորւել են տարբեր մօտեցումներ, սակայն մէկն ակնյայտ է․ պարտութեամբ պատմութիւնը չես վերցնի մի ամբողջ ազգից։ Այսօր Հայոց Յաղթանակի օրն է, եւ այն չի կարող խլւել որեւէ ժամանակից։

Վերջում պարզ մի ճշմարտութիւն էլ կայ: Նման մտահորիզոնների խաւարը, իրենց իսկ հասակի ու չափի սահմաններում մնալով, երբէք չի կարող համեմատւել հայ իրականութեան, նրա կենսատու ապաքինման եւ վերածննդի կարողութեան հետ։

Մէկ է՝ պատմութիւնը ժողովրդի գենոֆոնի մէջ է ներթափանցում:

Եւ այսօր, երբ նշում ենք յաղթանակի օրը, յիշում ենք նաեւ այն «Հարսանիքի» չափ յուսալի լոյսը, որը ծնւեց «լեռներում» ու հէնց լեռների պես էլ երաշխաւորելու է ազգի ապագայ լուսաբացը:

Related Articles

Back to top button