ԱԿՆԱՐԿ. ՄԱԿ-Ի 81-ՐԴ ԳԼԽԱՒՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ. ԵՐԲ ԴԱՀԼԻՃԸ ՆՈՅՆՊԷՍ ԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՕՍՔ

ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ
Միջազգային իրաւունքի ասպիրանտ, համալսարանի դասախօս
ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ միջազգային համակարգի ամենամեծ խնդիրը այլեւս միայն պատերազմների կանխումն ու հակամարտութիւնների կարգաւորումը չէ, այլ՝ միջազգային իրաւունքի, բազմակողմ դիւանագիտութեան եւ ՄԱԿ-ի նկատմամբ վստահութեան պահպանումը։ Նստաշրջանը պաշտօնապէս բացւել է 2026 թւականի սեպտեմբերի 8-ին, իսկ ընդհանուր քննարկումները՝ սեպտեմբերի 22-ին։ Այս նստաշրջանի նշանաբանն է՝ «Վերականգնել վստահութիւնը, կառավարել փոխակերպումը. ՄԱԿ, որը արդիւնք է ապահովում բոլորի համար»։
Գլխաւոր ասամբլեան, ի տարբերութիւն Անվտանգութեան խորհրդի, պարտադիր ուժ ունեցող որոշումների հիմնական կենտրոնը չէ։ Սակայն դրա քաղաքական նշանակութիւնը դրանով չի նւազում։ 193 պետութիւնների այս հարթակը այն եզակի վայրերից է, որտեղ մեծ ու փոքր պետութիւնները, մշտական անդամներն ու ոչ մշտական դերակատարները, կարող են նոյն քաղաքական օրակարգի շուրջ իրենց դիրքորոշումը ներկայացնել միջազգային հանրութեան առջեւ։ Հետեւաբար ՄԱԿ–ի ամբիոնը երբեմն աւելի շատ քաղաքական եւ դիւանագիտական նշանակութիւն ունի, քան զուտ իրաւական։
Այս իմաստով առանձնայատուկ ուշադրութեան արժանի էր այն, ինչ տեղի ունեցաւ ոչ թէ միայն ամբիոնի վրայ, այլեւ՝ դահլիճում։ Բենիամին Նեթանիահուի ելոյթի ժամանակ տասնեակ պատւիրակութիւնների ներկայացուցիչներ լքեցին դահլիճը։ Նման քայլը կարելի է դիտարկել որպէս քաղաքական բողոքի խորհրդանշական ձեւ, սակայն դրա նշանակութիւնը պէտք է գնահատել ոչ միայն դաշնակցային պատկանելիութեան տեսանկիւնից։ Դահլիճը լքելը կարող է լինել նաեւ այն ուղերձը, որ տւեալ պետութիւնը չի ցանկանում իր ներկայութեամբ քաղաքական լեգիտիմութիւն հաղորդել որոշակի ելոյթի կամ դիրքորոշման։
Նոյն երեւոյթը տեսանելի եղաւ նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ելոյթի ժամանակ, երբ ԱՄՆ պատւիրակութիւնը լքեց դահլիճը։ Այս դէպքում, սակայն, քայլը պէտք է դիտարկել երկու պետութիւնների միջեւ ընթացող ծանր հակամարտութեան համատեքստում։ Այսպիսով, դահլիճը լքելը դառնում է դիւանագիտական լեզւի մի ձեւ՝ երբ պետութիւնը ոչ թէ բառերով, այլ իր ֆիզիկական ներկայութեան բացակայութեամբ է արձագանգում։
Սակայն այստեղ կայ աւելի խորքային հարց. եթէ ՄԱԿ–ը ստեղծւել է երկխօսութեան համար, ապա ի՞նչ է նշանակում այն պահը, երբ պետութիւնները հրաժարւում են լսել միմեանց։ Գլխաւոր ասամբլեան կարող է լինել հակասութիւնների արտացոլումը, բայց պէտք է նաեւ մնալ այն հարթակը, որտեղ հակասութիւնները դառնում են երկխօսութեան առարկայ։ Հակառակ դէպքում բազմակողմ դիւանագիտութիւնը կարող է աստիճանաբար վերածւել զուգահեռ մենախօսութիւնների։
Այս համատեքստում Հարաւային Կովկասի ներկայութիւնը 81-րդ նստաշրջանում առանձնայատուկ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթում առանցքային տեղ զբաղեցրեց տարածաշրջանային հաղորդակցութիւնների եւ TRIPP նախագծի հարցը։ Նա շեշտեց Հայաստանի տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան հիման վրայ հաղորդակցութիւնների բացման անհրաժեշտութիւնը եւ նախագիծը ներկայացրեց որպէս տարածաշրջանային տնտեսական կապերի նոր հնարաւորութիւն։
Հայաստանի համար այստեղ առանցքային խնդիրը միայն ճանապարհի կամ երկաթուղու բացումը չէ։ Միջազգային իրաւունքի տեսանկիւնից էական է այն հարցը, թէ ինչպիսի իրաւական ռեժիմով է իրականացւելու հաղորդակցութիւնը, ում է պատկանում իրաւազօրութիւնը եւ ինչպէս են պահպանւելու Հայաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։ Հէնց այս պատճառով «միջանցք» եւ «հաղորդակցութիւն» եզրերի տարբերութիւնը միայն բառաբանական չէ, այլ կարող է ունենալ իրաւական եւ քաղաքական հետեւանքներ։
Նաեւ առանցքային էին բաքւում գերիեների եւ մշակութային կոթողների ու մշակութային ժառանգութեան մասին ՀՀ վարչապետի արտայայտութիւնները:
Սակայն Իրանն իր հերթին ՄԱԿ-ի այս նստաշրջանում ներկայացել է բոլորովին այլ իրականութեան մէջ։ Փեզեշքիանը շեշտեց Իրանի՝ խաղաղ միջուկային տեխնոլոգիայի օգտագործման իրաւունքը եւ միաժամանակ պատրաստակամութիւն յայտնեց բանակցութեան համար՝ մերժելով, սակայն, արտաքին ճնշման տակ պայմանների պարտադրումը։
Այս իրավիճակում Հայաստանի եւ Իրանի համար կայ նաեւ ընդհանուր տարածաշրջանային չափում։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ընդգծւեց երկկողմ պայմանաւորւածութիւնների, մասնաւորապէս՝ հաղորդակցութիւնների եւ տարանցիկ ուղիների իրականացման կարեւորութիւնը։
Ուստի 81-րդ Գլխաւոր ասամբլեան մեզ համար պէտք է դիտարկել ոչ միայն Նիւ Եօրքում հնչած ելոյթների շարան, այլ միջազգային համակարգի մի հայելի, որտեղ միաժամանակ երեւում են ուժային քաղաքականութիւնը, միջազգային իրաւունքի սահմանները, դիւանագիտական բողոքը եւ պետութիւնների ինքնիշխան շահերը։
Եւ թերեւս ամենակարեւոր դասը սա է. փոքր պետութիւնների համար ՄԱԿ–ի ամբիոնը շքեղութեան վայր չէ, այլ գոյութեան, իրաւունքի եւ պետական շահի բարձրաձայնման հարթակ։ Իսկ Հարաւային Կովկասի նման զգայուն տարածաշրջանում այդ հարթակից հնչող իւրաքանչիւր բառ կարող է ունենալ նշանակութիւն ոչ միայն այսօրւայ, այլեւ վաղւայ քարտէզի համար։



