Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայկ Նահապետեան. ‎«Ադրբեջանի կողմից սահմանին զօրքի կուտակումն ուժի սպառնալիք է, ‎չի բացառւում սեպտեմբերի 13-14-ի գործողութիւնների կրկնութիւն»

Տարածաշրջանային զարգացումների ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ‎գործիք են ընդամէնը՝ կայ շահերի բախում, մի կողմից՝ Ռուսաստան-Իրան, ‎միւս կողմից՝ Ադրբեջան-Թուրքիա, Իսրայէլ-Մեծ Բրիտանիա-Միացեալ ‎Նահանգներ։

«168.am»-ի հետ զրոյցում ասաց ռազմական փորձագէտ Հայկ ‎Նահապետեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ու ‎Հայաստանի սահմաններին զօրքի տեղակայմանը եւ ռազմական ‎գործողութիւնների վերսկսման հնարաւորութեանը։

Ըստ ռազմական փորձագէտի, այն հրապարակային յայտարարութիւնները ‎խաղաղութեան ամրագրման, պայմանագրի կնքման վերաբերեալ, պարզապէս ‎գործիքներ են, քանի որ Արեւմուտքին մէկ բան է պէտք՝ ժամ առաջ առանց ‎լրջագոյն խնդիրների՝ առանց Արցախի հարցի լուծման, կնքել պայմանագիր, ‎որը փաստացի հայկական կողմին՝ Հայաստանին ու Արցախին, ձեռնտու չէ, ‎քանի որ խնդիրները շարունակում են մնալ։ Դա ձեռնտու չէ նաեւ ‎Ռուսաստանին՝ նոյն տրամաբանութեամբ։

‎«Փաստացի Արեւմուտքին պէտք է ժամ առաջ կնքել խաղաղութեան ‎պայմանագիր, ժամ առաջ պէտք է, որպէսզի Աղդամի ճանապարհը բացի, ‎որպէսզի «հումանիտար» բեռ մտցնի Արցախ։ Սա, բնականաբար, բերելու է ‎ինտեգրման գործընթացի սկզբին, սա ոչ Արցախին ու Հայաստանին, ոչ էլ ‎Ռուսաստանին ու Իրանին է պէտք։ Փաստացի հիմա Փաշինեանն այդ ‎փաստաթուղթը չի ստորագրում՝ ասելով, թէ կէտեր կան, որոնց շուրջ ‎համաձայնութեան չեն գալիս, ինչն Արեւմուտքին առհասարակ չի հետաքրքրում։

Սահմանին այս պահին զօրքերի կուտակման իմաստը՝ զօրավարժութիւնների, ‎զօրակոչի անւան տակ, ուժի սպառնալիք է, այսինքն՝ ցոյց է տալիս, որ եթէ ‎Հայաստանն ու Արցախը մեր պայմաններին չեն համաձայնում, ուրեմն՝ այսպէս ‎է լինելու։ Իսկ Ադրբեջանը երկու բան է ուզում՝ իր պայմաններով ու ‎ցանկութիւններով կնքել խաղաղութեան պայմանագիր եւ բացել Ակնայի ‎ճանապարհը, որը, կրկնում եմ՝ նպաստելու է Արցախի հայաթափմանը։ Թէպէտ ‎չի բացառւում, որ Ադրբեջանն այդուամէնայնիւ, կիրառի այդ ուժը, բացի ուժ ‎ցոյց տալուց, ինչը ենթադրում է լայնածաւալ ռազմական գործողութիւններ»,- ‎շեշտեց Հայկ Նահապետեանը։

Փորձագէտը վստահ է՝ Հայաստանի վրայ Ադրբեջանի յարձակման դէպքում, ‎երբ փորձի ՀՀ մարզերն իրարից կտրել կամ «Զանգեզուրի միջանցք» կոչւածը ‎ստեղծել, որով Հայաստանը բաժանւելու է երկու մասի, սա նշանակում է, որ ‎տարածաշրջանում շահեր ունեցող այլ երկրներ եւս՝ Ռուսաստանը եւ Իրանը, ‎ցանկանան թէ ոչ, ներգրաււելու են այդ գօրծընթացում։

‎«Կրկնում եմ՝ Ադրբեջանի կողմից սա ճնշման գործիք է, բայց չի բացառւում, որ ‎կրկնւի սեպտեմբերի 13-14-ի գործողութըւնները։ Սահմանային միջադէպերի ‎անւան տակ, քանի որ դրանք դեռ դելիմիտացւած եւ դեմարկացւած չեն, ‎Ադրբեջանը կը յայտարարի, թէ դրանք իր տարածքներն են, կը վերցնի ‎ռազմավարական նշանակութեան բարձունքներ, յենակէտներ, որտեղ իր ‎վիճակը շատ աւելի շահեկան կը լինի, նաեւ բանակցային սեղանի շուրջ»,- ‎շեշտեց նա։

Հայկ Նահապետեանի խօսքով՝ պատերազմի հաւանականութիւնը մեծանում է, ‎որովհետեւ Հայաստանը, ի դէմս իր ղեկավարի՝ արդէն հրապարակաւ ‎յայտարարում է, որ անվտանգութեան առումով ժամանակին ստրատեգիական ‎սխալ որոշում է կայացւել ՌԴ-ի հետ անվտանգային ճարտարապետութիւնը ‎կառուցելու առումով։

‎«Փաշինեանն իր վարած քաղաքականութեամբ փորձ է անում Հայաստանից ‎հանել ՌԴ-ի հիմնական ներկայութիւնը, ինչը երկնային մանանա է Ալիեւի ‎համար։

Եթէ Նիկոլ Փաշինեանի ու քաղաքական խմբակի մտքի թռիչքը բերում է նրան, ‎որ Հայաստանից պէտք է հանւի ռուսական ներկայութիւնը, ապա ապագան մեզ ‎համար դառնում է խիստ կանխատեսելի՝ ՀՀ տարածքը 10 հազար քկմ. ‎տարածքով։ Սա է այն իրականութիւնը, որին Փաշինեանը ցանկանում է հասնել։

‎Սակայն հաշւի առնելով այն գնահատականները, որոնք տւեցի, ՌԴ-ն երբէք ՀՀ-‎ից դուրս չի գայ, այս մասին ՌԴ-ն ասաց ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ ‎Մարիա Զախարովայի շուրթերով, որ չի պատրաստւում դուրս գալ ‎Հայաստանից, առաւել եւս՝ Արցախից։

Հիմա, երբ Նիկոլը ՆԱՏՕ-ին ասում է՝ «էստի համեցէք», մենք գիտէք, թէ դա ինչ ‎է նշանակում, որտեղ ՆԱՏՕ-ն, այնտեղ քաոս, պատերազմ։ Ստացւում է, որ ‎Փաշինեանը Հայաստանը դարձնում է Ուկրաինայ, ինչո՞ւ։ Նիկոլը մտածում է, ‎որ ՌԴ-ին այստեղից կը հանի, ու կը հաճոյանայ Արեւմուտքին, որին հաճոյանալու ‎համար արդէն իսկ մի քանի քայլ է արել՝ հարցազրոյցը իտալական ‎լրատւամիջոցին, Ուկրաինայ օգնութիւն ուղարկելը եւ Հռոմի ստատուտի ‎ընդունումը, այս ամէնն Արեւմուտքին քծնելու համար է։ Նիկոլն իր ‎իշխանութիւնը պահելու համար պատրաստ է զոհաբերել ամէն ինչ ու ‎բոլորին»,- եզրափակեց Հայկ Նահապետեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button