Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունէութիւնը Բուլղարիայում (1894-1924 թթ.)
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր,
Խ. Աբովեանի անւան ՀՊՄՀ համաշխարհային պատմութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
Աշխարհագրական դիրքով, բուլղար ժողովրդի քաղաքական իղձերով եւ թուրքերի հանդէպ ունեցած հակակրանքով պայմանաւորւած, Բուլղարիան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար հանդիսացել է կարեւոր յենակէտ Կոստանդնուպոլիս եւ այնտեղից Երկիր անցնելու ու ազգային-ազատագրական պայքարն առաջ մղելու համար: Գտնւելով Կ. Պոլսին կից, Երկրին մօտիկ, միաժամանակ Եւրոպայում՝ նրա դիրքը բացառիկ էր յեղափոխական գործի համար: Կարեւոր էին նաեւ Բուլղարիայի ծովային հաղորդակցութեան հնարաւորութիւնները Տրապիզոնի, Բաթումի եւ Զմիւռնիայի հետ:
Աշխարհագրական եւ քաղաքական առանձնայատկութիւնները պատճառ են դարձել, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը շատ վաղուց արմատներ նետեր Բուլղարիայում: Նախընթաց շրջանում Բուլղարիայում թուրքերի վարած հալածական քաղաքականութիւնը փաստօրէն նպաստել էր, որ բուլղար ժողովուրդը եւ նրա իրարայաջորդ կառավարութիւնները ոչ միայն բարեացակամ վերաբերւէին հայ յեղափոխական շարժմանը, այլեւ երբեմն ուղղակի կամ անուղղակի կարեւոր օժանդակութիւն ցուցաբերէին:
ՀՅԴ մուտքը Բուլղարիա
Կուսակցական առաքելութեամբ Բուլղարիա ժամանած առաջին դաշնակցական գործիչը Գարեգին Խաժակն (Չաքալեան) էր՝ Բաբա-Գասպար կեղծանունով: Նա 1894 թ. վերջերին Յամբոլ եւ Սլիւեն քաղաքներում մի շարք հանդիպումներ է ունենում տեղի հայրենասէր ու սրտացաւ հայերի հետ: Սլիւէնի հայութեանը ոգեւորելու տեսակէտից բաւական ազդեցիկ է եղել Ամբակում աղայի տանը տեղի ունեցած հաւաքոյթի ժամանակ Գ. Խաժակի հնչեցրած հայրենաշունչ ճառը: Նա այստեղ ներկայացրել է արեւմտահայութեան ծանր վիճակը, Սասունի կոտորածները:
Գ. Խաժակը համոզմունք է յայտնել, որ Օսմանեան կայսրութեան դէմ յեղափոխական պայքարի ելած ժողովուրդներն ազատագրւել են բռնակալութիւնից: Ուստի «հայն ալ պիտի թօթափէ ստրկութեան լուծը՝ ազատ եւ անկաշկանդ ապրելու եւ հայ մշակոյթը
զարգացնելու համար»:
Գարեգին Խաժակը շատ կարճ ժամանակամիջոցում Սլիւէն եւ Ֆիլիպէ (ներկայումս՝ Պլովդիւ) քաղաքներում ձեւաւորում է դաշնակցական բջիջներ, որոնք նոյնիսկ կարողանում են հանգանակութիւն կազմակերպել Սասունի կարօտեալների համար: 1895 թ. Գ. Խաժակը դաշնակցական խումբ է ստեղծում նաեւ Վառնայում:
1895 թ. աշնանը Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրօն Բուլղարիա է գործուղում Վարդոյին (Վարդ Պատրիկեան): Վարդոն այստեղ զբաղւում էր փամփուշտի տարանցումը կազմակերպելու գործով: Նա եւրոպական երկրներից Արեւմտեան Հայաստանի համար ձեռք բերւած փամփուշտը բուլղարական նաւահանգիստներով ուղարկում էր Կովկաս:
1897 թ. Կ. Պոլսից Վառնա է անցնում Արշակ Վռամեանը (Օննիկ Դերձակեան) եւ նոյն տարւայ օգոստոսի 20-22-ին կազմակերպում Բուլղարիայի Յամբոլ, Ֆիլիպէ, Բուրգաս, Սլիւէն, Ռուսճուք, Վառնա, Շումլա (Շումէն) քաղաքների դաշնակցական մարմինների առաջին շրջանային ժողովը, որն ընտրում է Բալկանեան Կենտրոնական կոմիտէ:
ՀՅԴ կառոյցը Բուլղարիայում 1898-1907 թթ.
Առաջին շրջանային ժողովից յետոյ, սակայն, Կենտրոնական կոմիտէն չցուցաբերեց ակնկալւող աշխուժութիւնը: 1898 թ. ՀՅԴ 2-րդ Ընդհանուր ժողովից յետոյ Ֆիլիպէում հաստատւեց կուսակցութեան առանցքային դէմքերից Ռոստոմը (Ստեփան Զօրեան): Վերջինիս գլխաւոր խնդիրը Դաշնակցութեան տեղի կազմակերպութեան հզօրացումն էր: Ռոստոմի անմիջական նախաձեռնութեամբ. «սարքւեցան խառն կամ զուտ դաշնակցական բազմաթիւ լսարաններ, օրիորդաց, տիկնանց եւ երիտասարդներու համար առանձին լսարաններ, յետոյ կազմւեցան երգեցիկ ու թատերասէր երկսեռ խումբերը եւ հետզհետէ զինավարժական-մարմնամարզական խումբերը, առանց հաշւելու զուտ յեղափոխական 3-4 օժանդակ խումբերը, որոնք նոյնպէս այդ ժամանակ կազմւեցան: Այս եղանակաւ քաղաքի գրեթէ բոլոր երիտասարդ ու տրամադրելի ուժերը ներգրաււեցան, եւ շատ չանցած՝ բոլորը դաշնակցական դարձան»: Այս ընթացքում Ռոստոմն իր կնոջ՝ Եղիսաբեթ Շահնազարեան-Զօրեանի հետ Ֆիլիպէում հիմնում է հայկական դպրոց, որտեղ յաճախող հայ մանուկները դաստիարակւում էին հայկական ոգով: Դպրոցը բազմաթիւ հայ ընտանիքների կապեց Հ. Յ. Դաշնակցութեան հետ:
Ֆիլիպէում Ռոստոմի հայկական դպրոց բանալը իւրատեսակ մեծ յանդգնութիւն էր: Քաղաքում ապրում էր մօտ 1000 տուն հայ ընտանիք:
Ռոստոմի աշակերտուհիներից Պերճուհի Բարսեղեանը այդ կապակցութեամբ հետագայում հետեւեալը պիտի գրեր. «¬Անհաւատալի աղմուկ մը առաջ բերաւ այդ դպրոցին բացումը: Աղաներու շշմանքին, զարմանքին այդպիսի յանդգնութեան դէմ՝ յաջորդեցին զայրոյթը եւ պայքարը ամէն զէնքերով: Անոնցմէ ոմանք չվարանեցան անգամ տաճիկ հիւպատոսին միջոցաւ բուլգար կառավարութեան դիմելու եւ բողոքելու, որ Ռոստոմի դպրոցին մէջ ռումբեր կը պատրաստւին թուրք կառավարութեան դէմ: Այնպէս որ բուլղար կառավարութիւնը ձեւական քանի մը խուզարկութիւններ կատարել տւաւ դպրոցին մէջ: Ձեւական, որովհետեւ կառավարական շրջանակները, որոնց մէջ աչքի կը զարնէին մակեդոնական յայտնի գործիչներ, շատ լաւ գիտէին թէ ինչ էր դպրոցին նպատակը»: Իրականում աղաները մտահոգւած էին, որ հայ միջին եւ ստորին դասի ներկայացուցիչներն իրենց երեխաներին ուղարկում էին Ռոստոմի դպրոցը: Այլեւս Ֆիլիպեի հայութեան մէջ Ռոստոմն էր հեղինակութիւնը եւ ոչ իրենք: Ռոստոմի շնորհիւ Ֆիլիպէի հայութեան հասարակական-քաղաքական կեանքը եռում էր, կանայք ներգրաււած էին Կարմիր խաչի, մշակութային ձեռնարկների մէջ, վարժարանը դարձել էր զանազան քննարկումների կենտրոնատեղի:
Մինչեւ 1905 թ. վարժարանի նիւթական կարիքները՝ մօտ 7000 ֆրանկ, հոգացւում էին աշակերտների թոշակների, հիմնադիրների անձնական զոհողութիւնների եւ կովկասցի կրթասէր անձանց նւիրատւութիւնների հաշւին: Վարժարանի ուսուցիչներն ու ուսուցչուհիները, հիմնականում դաշնակցականներ, աշխատում էին առանց վարձատրութեան: Սակայն 1905-1906 թթ. կովկասեան դէպքերը (հայ-թաթարական զինւած բախումները) խանգարեցին այնտեղից նիւթական աջակցութիւն ստանալուն, եւ վարժարանը յայտնւեց կարիքի մէջ:
Բուլղարիայում Ռոստոմի հաստատւելու պատճառներից մէկն էլ մակեդոնացի յեղափոխականների հետ համագործակցութեան ծրագրերի մշակումն ու իրականացումն էր: Բուլղարահայ դաշնակցականները կապ էին հաստատել Բուլղարիայում գործող մակեդոնական ազգային-ազատագրական շարժման ղեկավարների հետ եւ հիմնել Օսմանեան կայսրութեան դէմ ուղղւած «Հայ-մակեդոնական եղբայրութիւն» դաշինքը: Ռոստոմը, օգտւելով մակեդոնացի յեղափոխականների աջակցութիւնից, կատարելագործեց նաեւ պայթուցիկներ պատրաստելու իր հմտութիւնը, որը հետագայում պիտի շարունակեր Քրիստափոր Միքայէլեանը: Մակեդոնացի յեղափոխականների աջակցութեամբ եւ բուլղարական կառավարութեան «արտօնութեամբ», մի փոքր ուշ Հ. Յ. Դաշնակցութիւնը նաեւ զինւորական վարժարան բացեց Բուլղարիայում:
Հայ-մակեդոնական համագործակցութիւնը, ցաւօք, նաեւ ողբերգական դրւագներով է յայտնի: Բուլղարիայում հայ յեղափոխականներից մակեդոնացիների հետ սերտ յարաբերութիւններ ունէր Պետրոս Սերեմճեանը: Վերջինս իր մակեդոնացի ընկերների հետ ստեղծեց 10 հոգուց բաղկացած հայ-մակեդոնական զինեալ խումբ, որը պէտք է Ադրիանապոլսի բանտից ազատէր հայ եւ բուլղար մի քանի բանտարկեալների: Խմբի մէջ էին Պետրոս Սերեմճեանը, Թաթուլը (Արամ Արամեան), Օննիկ Թորոսեանը, Խաչիկ Ասլանեանը, բուլղարներից՝ Սոկոլովը, Ս. Մերջանովը, Խրիստօ Հաջի Իլիեւը եւ ուրիշներ: Յեղափոխականների խումբը որոշել էր գերի վերցնել Ադրիանապոլսի վալիին եւ փոխանակել խնդրոյ առարկայ բանտարկեալների հետ: Իմանալով վալիի գտնւելու յստակ վայրը, յեղափոխականները հատում են թուրք-բուլղարական սահմանը եւ 1901 թ. յուլիսի 6-ին անցնում յարձակման: Սակայն մինչ նրանք հասնում էին, վալին արդէն հեռացել էր, փոխարէնը գերի են վերցնում մի թուրք մեծահարուստի որդուն: Սկսւում է կռիւ, յեղափոխականներից վեցը անհաւասար կռւում զոհւում են, իսկ չորսը՝ Պետրոս Սերեմճեանը, Օննիկ Թորոսեանը, Ս. Մերջանովը, Խրիստո Հաջի Իլիեւը գերի են ընկնում: Թուրքական իշխանութիւնները հայ-մակեդոնական համագործակցութիւնը սաղմի մէջ խեղդելու դիտաւորութեամբ որոշում են ամենախիստ պատիժը կիրառել գերի ընկածների նկատմամբ. հայ եւ մակեդոնացի գերի յեղափոխականները 1901 թ. նոյեմբերի 27-ին (դեկտեմբերի 9-ին) կախաղան են բարձրացւում:
Բուլղարիայից Ռոստոմի հեռանալուց յետոյ այնտեղ Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավար դէմքը դառնում է Վարդօն, ով նոր էր վերադարձել Ժնեւից: Սակայն 1904 թ. Վարդոյի եւ Կենտրոնական կոմիտէի միւս ընկերների միջեւ անհամաձայնութիւնների պատճառով ձախողումներ են արձանագրւում: Դրանք հետագայում աւելի են խորանում եւ պատճառ դառնում Վարդոյի նկատմամբ կուսակցական պատժական տնօրինման:
1904-1907 թւականները Բուլղարիայում ՀՅԴ-ի գործունէութեան առումով նշանաւոր են մի շարք իրադարձութիւններով՝ Սոֆիայի Ընդհանուր ժողով, Վիտոշի ողբերգութիւն, ՀՅԴ զինւորական դպրոց եւ այլն:
1904 թ. փետրւար-մարտին Սոֆիայում տեղի է ունենում ՀՅԴ 3-րդ Ընդհանուր ժողովը, որտեղ որոշւում է մի ցուցական գործողութիւն իրականացնել Կ. Պոլսում: Այդ նպատակով ժողովն ընտրում է նաեւ Ցուցական պատասխանատու մարմին: Այդ մարմնում ընդգրկւում է նաեւ Քրիստափոր Միքայէլեանը, ում համար սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի ահաբեկումը գերագոյն նպատակ էր: Բացի Քրիստափորից, Ցուցական պատասխանատու մարմնի անդամ ընտրւեցին նաեւ Սաֆօն (Մարտիրոս Մարգարեան), Թորգոմը (Արտաշէս Սերեմճեան), Յովնան Դաւթեանը, Աշոտ Բագրատունին (Կարապետ Եղիկեան, Սեւ Աշոտ): Աշխատանքներում ներգրաււեցին նաեւ օրիորդ Ռուբինա Արեշեանը (հետագայում՝ Օհանջանեան), Վռամ Քենտիրեանը (ով հետագայում պիտի նահատակւէր Քրիստափորի հետ), Քրիս Ֆեներճեանը, Գրիգոր Սայեեանը (Ջայիլ), օրիորդ Էմիլը, կէս-յոյն, կէս-իտալացի Սիլւիօ Ռիչչին, գերմանուհի Սոֆի Ռիպսը եւ ուրիշներ: Բուլղարիայում Քրիստափորն իր համախոհների հետ ձեռնամուխ եղաւ սուլթանի ահաբեկման նախապատրաստական աշխատանքներին:
1905 թ. մարտի 4(17)-ին Սոֆիայից ոչ հեռու, Վիտոշ լեռան լանջին ռումբի վերջին փորձարկման ժամանակ, Քրիստափորը եւ Վռամը զոհւում են: Քրիստափորի նահատակութիւնից յետոյ գործի ղեկավարումը վստահւում է Սաֆոյին: Վերջինիս ղեկավարութեամբ, սուլթանի մահափորձը տեղի է ունենում 1905 թ. յուլիսի 21-ին: Ցաւօք, Աբդուլ Համիդ Բ-ն ողջ է մնում:
Այս ընթացքում Վառնայում լոյս տեսնող «Շարժում» թերթում Վարդ Պատրիկեանը սկսում է քննադատել Քրիստափորին եւ Ցուցական մարմնի գործունէութիւնը, ինչն, ըստ էութեան, գաղտնապահութեան կոպիտ խախտում էր: 1906 թ. տեղի ունեցած ՀՅԴ Բալկանեան ժողովը քննում է նաեւ Վարդոյի հարցը: Վարդօն մեղադրւում էր ոչ միայն կուսակցական մարմիններին հրապարակաւ քննադատելու եւ գաղտնապահութիւնը խախտելու, այլեւ կուսակցութեան նիւթական միջոցները իւրացնելու մէջ: Ժողովը բաւական երկար անդրադարձաւ այս հարցին եւ միաձայնութեամբ որոշեց «գիտակցաբար ու բացարձակօրէն զեղծարարութիւն ընող Իսակ Առվախի Վարդոյի նկատմամբ յեղափոխութեան եւ կազմակերպական կանոններու տրամադրած ամենածանր պատիժը, անոր վաւերացումը յանձնարարելով Ընդհանուր ժողովին կամ Դաշնակցութեան խորհուրդին»:
1907 թ. փետրւար-մայիսին Վիեննայում տեղի ունեցած ՀՅԴ 7-րդ Ընդհանուր ժողովն անդրադարձաւ նաեւ «Վարդոյի խնդրին»:
Ապրիլի 28-ի նիստում, լսելով Վարդոյի գործի համար կազմւած Դատական յանձնաժողովի մանրամասն զեկուցումը, Ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ Վարդոն գիտակցաբար, սեփական կարիքների համար իւրացրել եւ ծախսել է ՀՅԴ Բալկանեան Կենտրոնական կոմիտէի գումարները՝ ընդհանուրը 12112 ֆրանկ: Բացի դա, Վարդօն շահագործել է նահատակ ընկերոջ՝ Պետրոս Սերեմճեանի յիշատակը, իր խմբագրած «Շարժում» թերթի մէջ Պ. Սերեմճեանի բանաստեղծութիւնները հրատարակելու նպատակով հանգանակութիւն է կազմակերպել եւ իւրացրել հաւաքւած գումարը: Ժողովը եզրակացրեց, որ «Վարդօն իւր բոլոր անմաքուր գործերը եւ, մանաւանդ, իւր զեղծումները չքմեղելու համար հանրային կարծիքին առջեւ՝ դիմած է ամէն տեսակ անորակելի միջոցներու՝ ջանալով արատաւորել Դաշնակցութիւնը, դաշնակցական ամենամաքուր գործիչները, նկրտելով կասկածի ստւեր ձգել անոնց գործունէութեան վրայ, անւանարկութեան ու խեղաթիւրման հակասական ամէն փորձ ի գործ դնելով իւր թերթին մէջ»: Ելնելով վերոնշեալ ծանրակշիռ եզրակացութիւններից՝ Ընդհանուր ժողովը որոշեց հաստատել ՀՅԴ Բալկանեան Շրջանային ժողովի որոշումը Վարդոյի վերաբերեալ:
Վարդոյի ահաբեկումն իրականացւեց Ռուսճուքում 1907 թ. Յակոբի (Կըճի) կողմից:
1905 թւականից Ֆիլիպէում սկսում է հրատարակւել «Ռազմիկ» պարբերականը, որը գաղափարա-քաղաքական լուրջ դերակատարում է ունեցել: Թերթի կայացման գործում առանձնապէս մեծ է խմբագրի՝ Ռուբէն Զարդարեանի ներդրումը: Լինելով լուրջ մտաւորական եւ միաժամանակ քաղաքական անձնաւորութիւն, նա կարեւոր որակ է հաղորդում թերթի հրապարակումներին: Այս հանգամանքը հաշւի առնելով՝ ՀՅԴ Բալկանների Կենտրոնական կոմիտէն թերթին ֆինանսական եւ բարոյական մեծ աջակցութիւն է ցուցաբերում: Շրջանի Կենտրոնական կոմիտէն մեծ աշխատանքներ է կատարել «Դրօշակ» եւ «Ռազմիկ» թերթերի հնարաւորինս շատ օրինակներ Երկիր ուղարկելու գործում:
1907 թ. Բուլղարիայի հայութեան թիւը 13.000 էր, որոնց մէջ դաշնակցականները՝ 1000-1200 հոգի: Դաշնակցական կառոյցներ կային Ֆիլիպէ, Սոֆիա, Ռուսճուք, Վառնա, Բուրգաս, Սլիւէն քաղաքներում: Այսպիսով, 1905-1907 թւականներին ՀՅԴ Բուլղարիայի կառոյցը բաւական ուժեղ կազմակերպութիւն էր, որը հիմք էր տալիս արեւմտահայ-ազգային ազատագրական պայքարում առաւել լուրջ քայլեր ձեռնարկելու:
ՀՅԴ ԶԻՆՒՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
1906 թ. ՀՅԴ Բալկանների Շրջանային ժողովը որոշեց. «պարբերաբար Երկիր մտնելու համար ուժեր պատրաստել, կրթել փափագողները զինւորական մարզանքով, տալ անոնց մասին տեսական եւ գործնական ծանօթութիւններ, ինչպէս նաեւ յեղափոխական գործունէութեան համար անհրաժեշտ գիտական, քիմիական ուսուցում: Այս նպատակին իրագործման համար հետեւեալ միջոցները խորհեցաւ ժողովը. Կենտրոնական կոմիտէն փափագող յարմարագոյն եւ վստահելի ընկերները մէկ տեղ հաւաքէ եւ մասնագէտներու միջոցաւ անոնց հարկ եղածը սորվեցնելէ ետքը, անոնց մէկ մասը ղրկէ Երկիր, իսկ միւս մասը ցրւէ Բալկանի մէջ, այս ձեռնարկէն անկախաբար՝ իւրաքանչիւր քաղաքի մէջ կազմւած զինավարժական խումբերու հարկ եղածը սորվեցնող, կրթիչներ ըլլալու նպատակաւ»:
Զինւորական դպրոց-վարժարան բացելու այս որոշումը էապէս բարձրացրեց ՀՅԴ Բուլղարիայի կառոյցի դերակատարումը արեւմտահայ ազգային-ազատագրական պայքարում:
Դպրոցի կազմակերպմանը նիւթական մեծ աջակցութիւն էր ցոյց տալու ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն:
ՀՅԴ Բուլղարիայի զինւորական դպրոցի կազմակերպման գործում մեծ է Անդրանիկ Օզանեանի ներդրումը: Ինչպէս յայտնի է, Սասունի 1904 թ. ապստամբութիւնից յետոյ Անդրանիկն անցնում է Վասպուրական, ապա՝ Ատրպատական, Արեւելեան Հայաստան, այնուհետեւ մեկնում է Ժնեւ, որտեղ կուսակցական մարմինների եւ ընկերների աջակցութեամբ հետեւում է իր քայքայւած առողջութեան վերականգնմանը: Ռոստոմի կարգադրութեամբ, մեծանուն հայդուկապետը Արեւմտեան Եւրոպայում սկսեց զբաղւել ազատամարտի համար զէնքի գնումներով: ՀՅԴ Արեւմտեան Բիւրօն 1906 թ. Անդրանիկին գործուղեց Բուլղարիա՝ նոյն առաքելութեամբ, ինչպէս նաեւ «մակեդոնացի յեղափոխականներու եւ բուլղար պետական շրջանակներու հետ Հ. Յ. Դաշնակցութեան կապերը ամրապնդելու համար»:
Անդրանիկին վստահւեց նաեւ ՀՅԴ Բուլղարիայի զինւորական դպրոց-վարժարանի կազմակերպման գործը: Դպրոցը սկզբնապէս նախատեսւած է եղել 12 հոգու համար: Բուլղարները ողջունել են, խոստացել են աջակցել, եթէ հայերը բուլղար-թուրքական պատերազմի դէպքում ապստամբութիւն սկսեն Արեւմտեան Հայաստանում: Հ. Յ. Դաշնակցութեան բարեկամ մակեդոնացի յեղափոխական Բորիս Սարաֆովի ջանքերով, զինւորական դպրոցը 1906 թ. տեղակայւեց Բուլղարիայի Դուբնիցայի շրջանի մի վանքի տարածքում՝ թուրք-բուլղարական սահմանի մօտ: Բուլղարական բանակի կապիտան Պօղոս Պօղոսեանը (Պետրոս Սերեմճեանի հօրեղբօրորդին) ՀՅԴ-ի կողմից նշանակւեց դպրոցի տնօրէն, օգնականն էր Ռաշիդը (Նիկոլայ Պանով): 1907 թ. դպրոցն ունէր մօտ 50 աշակերտ, իւրաքանչիւրի վրայ ամսական ծախսւում էր 100 ֆրանկ: Դասընթացները տեւում էին 10 ամիս: Դպրոցը դրականօրէն ազդեց ՀՅԴ-ի մարտական ուժի որակի բարձրացման վրայ: Դպրոցի սաներից եւ կամաւորներից 1912 թ. կազմաւորւեց Հայկական վաշտը՝ Անդրանիկի եւ Գարեգին Նժդեհի հրամանատարութեամբ։
Անդրանիկի ներկայութիւնը Բուլղարիայում նաեւ վերաթարմացրեց Ռոստոմի գործունէութեան շրջանում այստեղ ծաւալւած հայ-մակեդոնական յարաբերութիւնները: 1906 թ. յունիսին ՀՅԴ Արեւմտեան Բիւրոյին Անդրանիկի գրած նամակից տեղեկանում ենք, որ նա հանդիպել է Բորիս Սարաֆովին, ով բուլղարական կառավարութեան առջեւ բարձրացրել է հայ-մակեդոնական յեղափոխական գործնական շփում եւ համագործակցութիւն ստեղծելու խնդիրը: Անդրանիկը հանդիպել է նաեւ Բուլղարիայի ռազմական նախարարին, որից ակնկալում էր զինական աջակցութիւն հայկական յեղափոխութեանը: Բուլղարական կառավարութիւնը խոստացել է Արեւմտեան Հայաստանի համար Վիեննայում կամ այլուր պատւիրւած զէնքը բուլղարական մաքսատանը ընդունել առանց մաքսի, իբրեւ մակեդոնական յեղափոխութեան համար նախատեսւած ապրանք, փոխադրել հայերի համար ցանկալի որեւէ բուլղարական նաւահանգիստ, այնտեղից էլ՝ ապահովութեամբ տեղափոխել մէկ այլ ցանկալի նաւահանգիստ: «Զինւորական նախարարութիւնը պատրաստ է մինչեւ 10.000 հոգինոց հայ եւ բուլղար խառն բանակ մը սպառազինել եւ զինւորական շտապի մը հետ դնել իմ հրամանատարութեան տակ, որպէսզի առաջին նաւերով կարող ըլլամ գրաւել սեւծովեան թուրքական նաւահանգիստներէն մէկը կամ աւելին»,- գրում է Անդրանիկը:
Ոգեւորւած բուլղարական կառավարութեան խոստումներից, Անդրանիկն առաջարկում է արագացնել Ընդհանուր ժողովի գումարումը: Ընդհանուր ժողովն արագացնելը կապւած էր նրա հետ, որ Անդրանիկի պայմանաւորւածութիւնները ՀՅԴ Բալկանների Կենտրոնական կոմիտէն լուրջ էր համարում՝ դրանց հաղորդելով անհետաձգելի հանգամանքի բնոյթ, եւ պէտք չէր յապաղել գործնական քայլերի անցնելու համար: Այսպիսով, Բուլղարիայում զինւորական դպրոց-վարժարանի բացումը ոչ միայն ցոյց էր տալիս ՀՅԴ կառոյցի հզօրութիւնը Բուլղարիայում, այլեւ վկայում էր հայ-բուլղարական բարձր մակարդակի համագործակցութեան մասին: Այդ համագործակցութեան շրջանակներում բուլղարական կառավարութիւնը օգնում էր հայ յեղափոխականներին զէնք հասցնել Արեւմտեան Հայաստան: Բացի նշւածներից, բազմաթիւ հայորդիներ (որոնց թւում՝ Գարեգին Նժդեհը) հնարաւորութիւն ունեցան ռազմական գիտելիքները հարստացնել Բուլղարիայի Բարձրագոյն Սպայական վարժարանում:
ՀՅԴ գործունէութիւնը Բուլղարիայում 1908-1914 թթ.
Բուլղարիայում Հ. Յ. Դաշնակցութեան 1908-1914 թթ. գործունէութիւնը լեցուն է իրարամերժ իրադարձութիւններով:
Այստեղ շարունակում էր հրատարակւել «Ռազմիկ» թերթը՝ Ռուբէն Զարդարեանի խմբագրութեամբ: Սակայն, 1908 թ. յուլիսին, օսմանեան սահմանադրութեան հռչակումից յետոյ, Ռ. Զարդարեանը տեղափոխւեց Կ. Պոլիս՝ իբրեւ ՀՅԴ Կ. Պոլսի Պատասխանատու մարմնի անդամ: Այստեղ նա պէտք է նաեւ խմբագրեր նորաբաց «Ազատամարտ» օրաթերթը: Բուլղարիայից Կ. Պոլիս անցաւ նաեւ Բարթող Զօրեանը (Ժիրայր): Ռ. Զարդարեանի Կ. Պոլիս մեկնելուց յետոյ, նիւթական դժւարութիւններ ունեցող «Ռազմիկ»-ը առաւել ծանր վիճակի մէջ յայտնւեց: «Ազատամարտ»-ի հրատարակումից յետոյ նրա կարեւորութիւնն ընկաւ: Ըստ էութեան, մինչ «Ազատամարտ»-ի հրատարակումը «Ռազմիկ»-ը Կ. Պոլսի վերաբերեալ տեղեկութիւններ հաղորդող, Կ. Պոլսում ամենաշատը տարածւող կարեւոր թերթ էր համարւում: 1909 թ. դադարեցւում է «Ռազմիկ»-ի հրատարակումը: Թերթի բոլոր տպագրական պարագաները տեղափոխւում են Կ. Պոլիս՝ «Ազատամարտ»-ի խմբագրութիւն:
Օսմանեան սահմանադրութեան հռչակումը եւ թուրք-բուլղարական յարաբերութիւնների ջերմացումը բարդացրին Բուլղարիայում Հ. Յ. Դաշնակցութեան գործունէութիւնը: Նախընթաց ժամանակաշրջանի բարենպաստ պայմաններն անցեալում էին: Բուլղարական կառավարութիւնն սկսեց խոչընդոտներ եւ դժւարութիւններ յարուցել: Մասնաւորապէս, 25-30 գործուն դաշնակցականների սպառնում էին արտաքսել Բուլղարիայից:
Օսմանեան սահմանադրութեան հռչակած ազատութիւնը մեծապէս ոգեւորեց Բուլղարիայում ապաստանած արեւմտահայ գաղթականութեանը՝ վերադառնալու հայրենի օջախներ: Պանդխտութիւնից Երկիր վերադառնալու շարժում սկսւեց: Ցաւօք, հայրենադարձների ճնշող մեծամասնութիւնը հիասթափութիւն ապրեց, երբ վերադառնալուց յետոյ ոչ միայն տնտեսական ու քաղաքական ազատութիւն չտեսաւ, այլեւ իրավիճակը երբեմն աւելի տխուր էր, քան աբդուլհամիդեան վարչակարգի դժնդակ օրերին:
Չնայած նրան, որ Ադանայի 1909 թ. կոտորածների արձագանգները բացասական ազդեցութիւն ունեցան Բուլղարիայի դաշնակցական կառոյցի վրայ, այնտեղ շուտով կրկին բիւրեղացաւ զինւած պայքարի գաղափարը: Պատահական չէ, որ այդ օրերին նոյնիսկ զէնք էին տեղափոխում Երկիր:
Հ. Յ. Դաշնակցութեան Բուլղարիայի կառոյցի վրայ օսմանեան սահմանադրութեան բացասական ազդեցութիւնն աւելի ակնառու դարձաւ 1910-1912 թւականներին: ՀՅԴ Բալկանեան կոմիտէի 1910-1911 տարեշրջանի գործունէութեան տեղեկագրից պարզ է դառնում, որ նոյնիսկ առաջ են եկել կուսակցութեան գործունէութիւնն աննպատակայարմար համարող տրամադրութիւններ: Սա հիմնականում պայմանաւորւած է եղել նրանով, որ որոշ դաշնակցականներ բաւարար են համարել օսմանեան սահմանադրութեան հռչակած ազատութիւնը: Այս շրջանում Բուլղարիայում որպէս ՀՅԴ գործիչ աշխատել է Արշակ Իսահակեանը (Ջամալեան):
Բալկանեան պատերազմների տարիներին (1912-1913 թթ.) կուսակցական-կազմակերպական կեանքը Բուլղարիայում զգալի չափով խաթարւեց: ՀՅԴ Բալկանների ԿԿ-ի դիրքորոշումն անշուշտ պէտք է լինէր ի նպաստ Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրութեան: Պատահական չէր, որ. «բացի զինակոչի ենթարկւած բուլղարահպատակ հայ երիտասարդութենէն, կազմակերպւած էր նոյնպէս կամաւորական զօրագունդ»:
Բալկանեան առաջին պատերազմին բուլղարական բանակի կազմում մասնակցեց նաեւ Հայկական կամաւորական վաշտը (270 հոգի) վոյեւոդա Անդրանիկ Օզանեանի եւ պոդպորուչիկ Գարեգին Նժդեհի հրամանատարութեամբ։ Բուլղարական կառավարութիւնը բարձր գնահատեց Հայկական վաշտի մարտական ծառայութիւնները. շատ ռազմիկներ ու սպաներ կառավարական պարգեւների արժանացան։
Բալկանեան պատերազմին բուլղարական բանակի կազմում մասնակցելու նախաձեռնութիւնը թէեւ պաշտօնապէս ազգային-եկեղեցական մարմինների ներքոյ առաջ եկաւ, սակայն. «չէր կրնար այսուհանդերձ, անտես առնւիլ կուսակցական ղեկավարութենէն, մանաւանդ, որ հայկական գունդին գլուխ անցած էին ազգային հերոս Անդրանիկն ու բուլղար Զին. Վարժարանէն շրջանաւարտ երիտասարդ սպայ Գարեգին Նժդեհը, մանաւանդ, որ շարժումը մեծ խանդավառութիւն յառաջացուցած էր ժողովրդական զանգւածներու մօտ»:
Հարկ է նշել նաեւ, որ բուլղարական բանակի կազմում պատերազմին մասնակցելը չողջունեցին ինչպէս ՀՅԴ Արեւմտեան Բիւրօն, այնպէս էլ Արեւմտեան Հայաստանում ու Օսմանեան կայսրութեան այլ վայրերում ապրող հայութիւնը: Դա իւրատեսակ վրէժի պատրւակ էր համարւում թուրքական խուժանի կողմից հերթական նախճիրը գործադրելու համար: «Կը հասկնանք ձեզ թելադրող զգացումները, սակայն Երկրի հայ ժողովուրդի ներկայ տագնապալի կացութիւնը ստիպողաբար կը թելադրէ զգոյշ մնալ այնպիսի քայլերէ, որոնք կրնան գրգռել իսլամ ժողովուրդը: Կամաւոր գրւող մեր հայրենակիցները աւելի օգտակար գործ ըրած կըլլան եթէ երթան մասնակցելու Երկրի մէջ ինքնապաշտպանութեան գործին»,- ասւած է ՀՅԴ Արեւմտեան Բիւրոյի՝ Բալկանեան ԿԿ-ին ուղարկած նամակում: Թուրք-բուլղարական պատերազմում բուլղարահայերի կամաւորութեանը վերապահումով է մօտենում նաեւ Բարթող Զօրեանը, որը ժամանակին գործել էր Բուլղարիայում եւ այդ օրերին Կ. Պոլսում էր կուսակցական պատասխանատու հանգամանքով: Նա ընկերներին կոչ է անում խնայել իրենց անունը եւ թուրքերին աւելորդ չգրգռել Երկրում հայերի դէմ, յատկապէս, որ դիմացը շատ չնչին ակնկալիք կարող էր լինել:
Միւս կողմից էլ «ցնորք կը համարւէր՝ հայութեան ի սպառ բնաջնջումը հետապնդող Թուրքիայէն ակնկալել որեւէ բարեկարգում կամ բարիք»:
Բալկանեան պատերազմների տարիներին բաւական աշխոյժ էին ՀՅԴ Բուլղարիայի կանանց եւ բարեսիրական կազմակերպութիւնները: Օրինակ՝ Ռուսճուքի կանանց «Մարօ» խումբը գործունէութեան կարճ ժամանակաընթացքում 800-900 ֆրանկի օգնութիւն է ապահովել: Եռանդուն են եղել նաեւ Սոֆիայի Կարմիր խաչի ընկերուհիները:
1913 թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը գումարւած ՀՅԴ Բալկանեան հերթական Շրջանային ժողովը, հաշւի առնելով օսմանեան կառավարութեան՝ հայերին հալածելու հանգամանքը, առաջարկում է կուսակցութեան Արեւմտեան Բիւրոյի կազմը տեղափոխել արտասահման եւ աւելի ազատ ու անկաշկանդ կազմակերպել ինքնապաշտպանութեան գործը:
Հետաքրքիր է Բալկանեան Շրջանային ժողովի վերաբերմունքը 1914 թ. յուլիս-օգոստոսին տեղի ունեցած ՀՅԴ 8-րդ Ընդհանուր ժողովի օրակարգին: Ժողովը կոչ էր անում մի կողմից ամրապնդել սահանադրական վարչակարգը Օսմանեան կայսրութիւնում, հարկ եղած դէպքում չբացառելով նաեւ անլեգալ գործողութիւնները, միւս կողմից յորդորում էր թշնամական դիրք չբռնել Ռուսաստանի հանդէպ՝ ռուսներին համոզելով, որ հայ ժողովուրդը հակառուս ձգտումներ չունի եւ հայաշատ, ու շէն Հայաստանի գոյութիւնը բխում է Ռուսաստանի շահերից:
Ինչպէս տեսնում ենք, Առաջին Աշխարհամարտին նախորդող ժամանակաշրջանում ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութիւնը մի կողմից ներքաշւած էր Բալկանեան պատերազմների թոհուբոհի մէջ, որն ինքնին հակասական տրամադրութիւններ էր ստեղծում ինչպէս հայութեան տարբեր հատւածների միջեւ, այնպէս էլ կուսակցութեան ներսում, միւս կողմից՝ վերահաս աշխարհամարտի վտանգն իր հնարաւոր սարսափելի հետեւանքներով Բուլղարիայի դաշնակցականներին դրդում էր չէզոքութեան մղել կուսակցութեան ղեկավար մարմիններին:
ՀՅԴ գործունէութիւնը Բուլղարիայում Առաջին Աշխարհամարտի տարիներին
Առաջին Աշխարհամարտը ծանր պարտականութիւններ դրեց ՀՅԴ Բալկանեան կառոյցի վրայ: Հերթական անգամ, Բուլղարիան, աներեւակայելի դժւարութիւններ յաղթահարելով, կապող օղակ հանդիսացաւ Կ. Պոլսի, Երկրի, Կովկասի կազմակերպութիւնների եւ արտասահմանի կուսակցական մարմինների միջեւ:
Պատերազմի սկսւելուն պէս ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութեան շատ անդամներ ու համակիրներ անցան Անդրկովկաս եւ համալրեցին հայկական կամաւորական ջոկատները։ Քանի որ Բալկաններում թուրքական լրտեսական ցանցը բաւական տարածւած էր, այս գործը կաշկանդող զգուշութիւն էր պահանջում: ՀՅԴ Բալկանեան Կենտրոնական կոմիտէն կարողացաւ համոզել Բուլղարիայի եւ Ռումինիայի կառավարութիւններին եւ յաջողեցնել հազարից աւելի կամաւորներ ուղարկել Կովկաս:
1914 թ. դեկտեմբերին ՀՅԴ Բալկանեան Կենտրոնական կոմիտէն կոչ է անում Բալկանների հայութեանը՝ վեր կանգնել «իր գաղութային սահմանափակ մտահոգութիւններուն շրջանակէն» եւ տեսնել հայութեանն սպառնացող ահեղ աղէտը:
1915 թ. փետրւարին տեղի ունեցած ՀՅԴ Բալկանեան արտահերթ Շրջանային ժողովը որոշում է սահմանափակել կամաւորական շարժմանն իր մասնակցութիւնը եւ չսպառել հայութեան բոլոր ուժերը՝ պատճառաբանելով, որ դա աւելի էր վտանգում արեւմտահայութեան կացութիւնը, քանի որ ռուսները կամաւորական շարժմանը պատշաճ չեն աջակցում: Փաստօրէն, եթէ սկզբնական շրջանում Բուլղարիայում ոգեւորւեցին ռուսական կողմի տւած խոստումներից, ապա պատերազմի ընթացքն ստիպեց վերանայելու նախկին ոգեւորութիւնը եւ վերադասաւորելու ունեցած հնարաւորութիւնների սպառումը:
Պատերազմի տարիներին ՀՅԴ Բալկանների Կենտրոնական կոմիտէի միւս կարեւոր ձեռնարկը Սոֆիայում «¬Հայաստան» թերթի լոյս ընծայումն էր, որը ոչ միայն վեր հանեց շրջանի հայութեանը յուզող խնդիրները, այլեւ անփոխարինելի դեր կատարեց արտերկրի հայութեանը բոլոր կարեւոր իրադարձութիւնների մասին պարբերաբար տեղեկացնելու գործում, որոնք տագնապալի այդ օրերին տեղի էին ունենում Կովկասում, Կ. Պոլսում ու Արեւմտեան Հայաստանում:
ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութիւնը եւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը
Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծումից անմիջապէս յետոյ Դաշնակցութեան Բուլղարիայի կազմակերպութեան գործունէութեան գլխաւոր օրակարգը կրկին հայրենիքն էր:
1918 թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած ՀՅԴ Բուլղարիայի հերթական Շրջանային ժողովն առաջարկում է «Ստեղծել անկախ Հայաստան մը, ազգային ժողովի մը գերիշխանութեամբ, որ լինի իր ձեւով Ռամկավարական Հանրապետութիւն եւ որուն հողային տարածութիւնը պարփակէ պատմական Հայաստանը իր երեք հատւածներով – Ռուսական, Պարսկական եւ Թուրքական (Փոքր Հայքով եւ Կիլիկիայով միասին)»: Միաժամանակ, ժողովը գտնում էր, որ հաշւի առնելով ուժերի յարաբերակցութիւնը եւ զինադադարից յետոյ օսմանեան զորքի ներկայութիւնն Արեւմտեան Հայաստանում, դաշնակից ուժերը պէտք է օգնեն ազատագրելու այն: Շատ կարեւոր էր նաեւ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական հոսանքների համագործակցութիւնն ու նրանցից որեւէ մէկին չանտեսելը:
Շրջանային ժողովն անդրադառնում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներին եւ իրագործողներին պատժելու խնդրին: Այս կապակցութեամբ յստակ էր ժողովի կայացրած որոշումը. «Դաշնակցութիւնը պէտք է նշանակէ մասնաւոր մարմին մը, որուն նպատակը պիտի ըլլայ ճշդել բոլոր հեղինակները բոլոր այն ոճրագործութեանց, որոնզ զոհ գնաց հայ ժողովուրդը: Անհրաժեշտ քննութենէ մը վերջ կուսակցութիւնը պարտաւոր է առանց այլեւայլի, հնարաւոր ամէն միջոցներով տնօրինել անոնց արժանի պատիժը»: Աւելի ուշ, 1919 թ. աշնանը Երեւանում գումարւած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը համապատասխան որոշում կայացրեց այս մասին: Պէտք է ընդգծել նաեւ Առաջին Աշխարհամարտի ընթացքում օսմանեան կառավարութեան կողմից հայ ժողովրդին հասցւած նիւթական վնասի հատուցման մասին ժողովի պնդումը:
1919 թ. յունիսի 2-ին տեղի է ունենում Բալկանների արտակարգ Շրջանային ժողովը, որը քննում է ՀՅԴ 9-րդ Ընդհանուրն ժողովի օրակարգը:
Շրջանային ժողովը 9-րդ Ընդհանուր ժողովին առաջարկում է մինչեւ Սահմանադիր ժողովի գումարումը Հայաստանում՝ «ճանչնալ Կովկասեան հանրապետութիւնը իբրեւ կորիզ Հայաստանի»: Առաջարկւում է Սահմանադիր ժողովը գումարել ներգաղթի կազմակերպումից յետոյ, իսկ մինչ այդ, կառավարութեան կազմի մէջ ընդգրկել նաեւ արեւմտահայ հակառակ հոսանքների ներկայացուցիչների՝ նրանց պահանջներին զիջումներ կատարելու համար:
Սահմանադիր ժողովի ընտրութեան համար առաջարկւում է ընտրական հաւասար իրաւունք 20 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար:
Ընդհանուր ժողովին առաջարկւում է լրջօրէն մօտենալ հայրենադարձութեան կազմակերպմանը, հողային հարցին, տնտեսութեան վերականգնմանը:
Այս ժողովը որոշեց վերահրատարակել «Հայաստան» թերթը: Պարբերականը պէտք է ունենար կուսակցական, հայ կեանքի, միջազգային, տեղական, մամուլի տեսութեան, լուրերի, մշակոյթի բաժիններ: Մինչեւ 9-րդ Ընդհանուր ժողովի աւարտը թերթի խմբագիրը լինելու էր Յովհաննէս Դեւեճեանը (Արմէն Սեւան): «Հայաստան» թերթի հրատարակումը շարունակելու վերաբերեալ որոշում կայացրեց նաեւ 1920 թ. օգոստոսի 3-13-ը Սոֆիայում տեղի ունեցած ՀՅԴ Բալկանների 14-րդ Շրջանային ժողովը:
Ինչպէս տեսնում ենք, 1918-1920 թթ. ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութիւնը գործում էր Հայաստանի Հանրապետութիւնը կայացնելու, հայ գաղթականներին հայրենիք տեղափոխելու, ցեղասպանութեան մեղաւորներին պատժելու, հայ ժողովրդին փոխհատուցելու խնդիրները լուծելու ակնկալիքով:
ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութեան գործունէութիւնը 1921-1924 թթ. Հանրապետութեան անկումից յետոյ նախկին ղեկավարներից մի քանիսը՝ Գարեգին Նժդեհ, Ռուբէն Դարբինեան, Սիմոն Վրացեան, Ալեքսանդր Խատիսեան եւ ուրիշներ, ժամանակաւորապէս հաստատւեցին Բուլղարիայում:
1921-1925 թթ. ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութեան հիմնական նպատակը տեղի գաղութի վերակազմակերպումն ու Հայկական Հարցի հետապնդումն էր:
1921 թ. օգոստոսի 16-22-ին տեղի ունեցած ՀՅԴ Բալկանների 15-րդ Շրջանային ժողովի եզրակացութեամբ՝ «Հայաստան» թերթը գտնւել է իր բարձրութեան վրայ: Այն Սոֆիայից տեղափոխւում է Ֆիլիպէ: Չնայած ֆինանսական միջոցների սղութեանը եւ շրջանների անբաւարար աջակցութեանը, թերթը կարողանում է լուրջ քարոզչութիւն իրականացնել: Օննիկ Վարդանեանի խմբագրած թերթը մինչեւ 1923 թ. հրատարակւում է եռօրեայ պարբերականութեամբ: Դրանից յետոյ, չնայած նիւթական դժւարութիւններին, որոշւում է «Հայաստան»-ը հրատարակել գոնէ որպէս շաբաթաթերթ՝ հետագայում օրաթերթի վերածւելու հարցը պահելով օրակարգում: Այս հարցը մեծապէս պայմանաւորւած էր Կ. Պոլսում դաշնակցական թերթ պահելու հնարաւորութեամբ: Կ. Պոլիսը 1922 թ. վերջին քեմալականների կողմից գրաււելուց յետոյ այնտեղ այս հարցը գործնականում վերացաւ: Նորից «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր դարձաւ Յովհաննէս Դեւեճեանը: Պարբերականը շարունակում էր ներկայացնել ոչ միայն հայ ազգային, այլեւ բուլղարական, ինչպէս նաեւ միջազգային ընկերվարական կեանքը:
Բուլղարիայի դաշնակցական կազմակերպութիւնը մեծապէս օգտակար է եղել Սոֆիայում հիմնւած ՀՀ հիւպատոսարանին: Վերջինս ինչպէս Առաջին Հանրապետութեան օրերին, այնպէս էլ նրա անկումից յետոյ որոշ ժամանակ լրջօրէն զբաղւած էր Բուլղարիայում ապաստանած ՀՀ քաղաքացիների եւ Մեծ Եղեռնից մազապուրծ արեւմտահայերի հարցերով: Յայտնի է, որ 1921 թ. փետրւարեան ապստամբութիւնից յետոյ մեծաթիւ մտաւորականութիւն ստիպւած տարագրւեց Պարսկաստան: ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութիւնն անտարբեր չմնաց նրանց ճակատագրի հանդէպ: Ֆիլիպէի կոմիտէն տեղի Հայ Օգնութեան միութեան հետ 30.000 լեւայի օգնութիւն ցոյց տւեց Թաւրիզում ապաստանած հայ մտաւորականներին, ովքեր այդ օրերին գործնականում զրկւած էին ապրուստի տարրական հնարաւորութիւններից:
ՀՅԴ Բուլղարիայի 16-րդ Շրջանային ժողովը (1922 թ. յունիս-յուլիս) իւրաքանչիւր կոմիտէի վրայ բարոյական պարտաւորութիւն է դրել ՀՀ-ից գաղթած ընկերների համար գործ գտնելու: Հարկ է նշել, որ դա յաջողւել է որոշ չափով իրականացնել:
Կարեւորելով Հայաստանի անկախութեան վերականգնման խնդիրը՝ Շրջանային ժողովը քննարկում է նաեւ ազգային միւս կուսակցութիւնների հետ համագործակցութեան հարցը, թէեւ միւսները պատրաստ չէին դրան: Այդուհանդերձ, Կենտրոնական կոմիտէն անհրաժեշտութեան դէպքում պատրաստ է եղել համագործակցութեան, անշուշտ կուսակցութեան ծրագրից բխող խնդիրների լուծման շուրջ միայն:
Հայաստանի անկախութեան վերականգնման հիմքում Շրջանային ժողովը դնում է Սեւրի պայմանագիրը: Այդ կապակցութեամբ, առաջիկայում գումարւելիք ՀՅԴ 10-րդ Ընդհանուր ժողովին հետեւեալ բանաձեւն է յղւում. «Ընդունելով միանգամայն, որ հայ ժողովուրդի գոյութեան եւ զարգացման միակ պայմանը անկախութիւնն է, որ այդ անկախութիւնը կարելի եւ հնարաւոր է միայն հայ ժողովուրդի երկու հատւածներու ամբողջացումով մէկ հողամասի վրայ, որ Սեւրի դաշնագիրը հանդիսաւորապէս նւիրագործած է արդէն անոր Միացեալ եւ Անկախ գոյութեան անհրաժեշտութիւնը, որ այդ դաշնագիրը թէեւ քաղաքական արտաքին պատճառներով ցարդ չէ գործադրւած, եւ սակայն ուրիշ դաշնագրով մըն ալ վերջնականապէս չէ փոխարինւած, Շրջանային ժողովը կորոշէ առաջարկել 10-րդ Ընդհանուր ժողովին շարունակել հայ ժողովուրդի դատի լուծումը իբրեւ հիմք ունենալով Սեւրի դաշնագիրը՝ ի հարկին ընդունելով պարտադրւած զիջումները»: Միաժամանակ առաջարկութիւն է արւում պահանջել մեր պատւիրակութիւնից՝ չընդդիմանալ Հայկական տուն ստեղծելու եւրոպական պետութիւնների առաջարկած գաղափարին, միայն թէ հնարաւոր ամէն ինչ անել, որ «այդ տունը ըլլայ ներկայ Հայաստանի սահմանին մօտ նահանգներուն մէջ»: Անկախութեան գաղափարին հաւատարիմ մնալու սկզբունքը պահպանւում է նաեւ յաջորդ Շրջանային ժողովում:
Հետաքրքիր է Խորհրդային Հայաստանի հանդէպ որդեգրելիք դիրքորոշման վերաբերեալ ՀՅԴ Բուլղարիայի կազմակերպութեան բարձրագոյն ժողովի մօտեցումը. «Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետութիւնը, անկախ անոր պարտադրւած ներկայ ռեժիմէն, է եւ կը մնայ միակ հիմքը ապագայ Միացեալ Հայաստանի, որ Հայկական Հարցի վերջնական լուծումը մեծ չափով կապւած է նաեւ Ռուսաստանի հետ, ընդունիլ Հայաստանի խորհրդային ռեժիմի ժամանակաւոր գոյութիւնը իբրեւ փաստ եւ ամէն կերպ աշխատիլ համաձայնութեան գալ Խորհրդային Ռուսաստանի հետ, այդ միջոցով ապահովելու համար Միացեալ եւ Անկախ Հայաստանի իրագործումը»: Ինչպէս տեսնում ենք, խորհրդային իշխանութիւնների մերժած Դաշնակցութեան արտասահմանեան կազմակերպութիւնները անտեսում էին իրենց հանդէպ ցուցաբերւած բացասական վերաբերմունքը եւ ջանքեր գործադրում Խորհրդային Հայաստանի շենացման համար:
1923 թ. տեղի ունեցած յաջորդ՝ 17-րդ Շրջանային ժողովը նոյնպէս յորդորում է՝ հաշւի առնելով, որ Խորհրդային Հայաստանը հանդիսանալու է ապագայ անկախ Հայաստանի հիմքը, ամէն ինչ անել յանուն Խորհրդային Հայաստանի տնտեսական վերաշինութեան: Նոյն որոշումն ընդունւում է նաեւ 1924 թ. ապրիլ-մայիսին գումարւած 18-րդ Շրջանային ժողովում:
ՀՅԴ Բալկանների 17-րդ Շրջանային ժողովը յանձնարարում է ԿԿ-ին՝ Բուլղարիայում գործող հայկական միւս կուսակցութիւնների հետ համախորհուրդ ստեղծել Բուլղարահայ ազգային կենտրոնական վարչութիւն՝ Բուլղարիայի օրէնքներին համահունչ: Ցաւօք, դա չի յաջողւում միւս կուսակցութիւնների որդեգրած ապակառուցողական կեցւածքի պատճառով, որը պայմանաւորւած էր Խորհրդային Միութեան թելադրանքով: Բուլղարիայի ներքաղաքական կեանքում Դաշնակցութիւնը չէզոքութիւն է պահպանում՝ չարգելելով, որ անհատ ընկերներ առնչութիւն ունենան հակադաշնակցական քաղաքականութիւն չունեցող կուսակցութիւնների հետ:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Բուլղարիայում շարունակեց գործել նաեւ 1924 թւականից յետոյ: Մինչեւ Երկրորդ Աշխարհամարտը բաւական աշխոյժ աշխատանքներ են իրականացւել: Սակայն երբ խորհրդային բանակը 1944 թ. աշնանը մուտք գործեց Բուլղարիա, տեղի կառոյցն անցաւ ընդհատակեայ գործունէութեան: Միայն 1990 թւականից յետոյ, երբ Բուլղարիայում կործանւեց ամբողջատիրական վարչակարգը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը գործունէութիւնը վերականգնելու հնարաւորութիւն ստացաւ:
Այսպիսով, 1894-1924 թւականներին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը բաւական լայնածաւալ գործունէութիւն իրականացրեց Բուլղարիայում: Ստեղծւած նպաստաւոր պայմանները հաշւի առնելով՝ կուսակցութիւնն օգտագործեց բազում հնարաւորութիւններ ուժեղացնելու արեւմտահայ ազգային-ազատագրական պայքարը: Արեւմտեան Հայաստան զէնք-զինամթերք, մարտական եւ կազմակերպական գործիչներ տեղափոխելու առումով Բուլղարիայի դաշնակցական կազմակերպութեան դերն առաւել քան կարեւոր էր: Դաշնակցութեան Բուլղարիայի կառոյցի ջանքերով մեծ օգնութիւն ցուցաբերւեց ցեղասպանութեան հետեւանքով այնտեղ ապաստանած հայ գաղթականութեանը: Հայաստանի Առաջին Հանրապետութեան տարիներին մեծ էր պետականութեան կայացմանը ցուցաբերւած աջակցութիւնը: Առաջին Հանրապետութեան անկումից յետոյ էլ յատկապէս ՀՅԴ շնորհիւ Բուլղարիայի հայ գաղութը կարողացաւ ինքնակազմակերպւել եւ դիմագրաւել նոր մարտահրաւէրներին:
«Դրօշակ» թիւ 10, 2024 թ.