Դաշնակցութիւնը՝ մէկ հայեացքով
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հիմնադրւել է 1890 թւականի օգոստոսին, Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Սկզբնապէս կազմաւորւել է որպէս Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն՝ նպատակ ունենալով համախբել Արեւմտեան Հայաստանի ազգային-ազատագրական պայքարին լծւած յեղափոխական կուսակցութիւններն ու խմբաւորումները:
1892 թւականին գումարւած Առաջին Ընդհանուր ժողովում, կուսակցութիւնը վերանւանւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն եւ հիմնւելով կազմակերպական ապակենտրոնացման սկզբունքի վրայ, վերածւել է գաղափարական եւ բարոյական միաձոյլ կուսակցութեան: Որպէս այդպիսին՝ ՀՅԴ-ն գլխաւորել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի դրօշակակիրը: Գործունէութեան առաջին իսկ օրերից Դաշնակցութիւնը եղել է գործի կուսակցութիւն՝ դառնալով հայ ժողովրդի մարտական բազուկը: Իր ծաւալած յեղափոխական եւ կազմակերպչական եռուն գործունէութեամբ՝ Դաշնակցութիւնը զինել է մեր ժողովրդին եւ պատրաստել ինքնապաշտպանութեան եւ համաժողովրդային ընդհանուր ապստամբութեան: Համիդեան բռնատիրութեան տապալման եւ պարսկական սահմանադրական շարժման յաղթանակի մէջ կարեւոր դեր է ունեցել ՀՅԴ-ն:
1907 թւականին գումարած Չորրորդ Ընդհանուր ժողովից սկսած, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ծաւալուն պայքար է մղել նաեւ Արեւելեան Հայաստանում ու Կովկասում ՝ խնդիր ունենալով պաշտպանել հայութեան ազգային-մշակութային եւ ընկերային-տնտեսական իրաւունքները:
Յատակապէս հայ աշխատավորութեան շահերի պաշտպանութեան ճակատում մղել է ծաւալուն պայքար, եւ որպէս ռուսական իրականութեան մէջ գործող ընկերվարական կուսակցութիւն, ՀՅԴ-ն անդամակցել է Ընկերվարական Բ. Միջազգայնականին եւ ստացել է հայ ժողովրդի ընկերվարական հոսանքը ներկայացնող լիիրաւ անդամի կարգավիճակ:
Այսպիսով՝ Դաշնակցութիւնը որպէս մէկ ամբողջութիւն արժեւորել է թէ՛ Օսմանեան Թուրքիայի, եւ թէ՛ Ցարական Ռուսաստանի լծից հայ ժողովրդի ազգային ազատագրութեան դատերը:
1918 թւականին ղեկավար դերակատարութիւն է ունեցել Հայաստանի անկախութեան նւաճման եւ Հայաստանի Հանրապետութեան կերտման մէջ՝ որդեգրելով Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի հանգանակը:
1920 թւականի դեկտեմբերին, Հայաստանի անկախութեան կորստից եւ հանրապետութեան խորհրդայնացումից յետոյ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դարձել է տարագիր կուսակցութիւն՝ մինչեւ 1932 թւականը, Հայաստանում ընդյատակեայ գործունէութիւնը շարունակելով հանդերձ:
Այնուհետեւ, մինչեւ 1988 թւականի Արցախեան շարժման պոռթկումը, ՀՅԴ գործունէութեան առանցքը եղել է մի կողմից հայկական սփիւռքի ազգապահպանումն ու կազմակերպումը, իսկ միւս կողմից Հայ Դատի հետապնդումը՝ իր զոյգ մակարդակներով. առաջին՝ հայկական Ցեղասպանութեան արդար հատուցման պահանջով պայքար Թուրքիայի դէմ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի հայութեան ազգային եւ մարդկային իրաւունքների պաշտպանութիւնը ընդդէմ խորհրդային ամբողջատիրութեան:
1988 թւականին Արցախեան շարժման պոռթումից յետոյ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վերահաստատել է համահայկական կազմակերպութեան իր տեղն ու դերակատարութիւնը հայ ժողովրդի կեանքում։ Ձեւաւորւել է Հայաստանի, Արցախի, ԱՊՀ եւ արտասահմանեան 28 երկրներում գործող կազմակերպական ծաւալուն ցանց:
ՀՅԴ-ն առաջադրում է Հայաստանի եւ Արցախի՝ հայկական զոյգ պետութիւնների ամրապնդումը՝ որպէս կռւանները, հայ ժողովրդի ազգային իրաւունքների ամբողջական վերականգման:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր էութեամբ, աշխարհայեացքով եւ աւանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական եւ յեղափոխական կուսակցութիւն է:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր բոլոր ուժերով պայքարում է հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանութեան համար:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր գաղափարախօսութեամբ հիմնաւորում է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը՝ առաջադրելով անահատի ազատութեան, ազգային ինքնորոշման, անկախ պետականութեան, ընկերութեան համերաշխութեան եւ բարօրութեան ճամփով ապահովել հայ մարդու եւ հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացումը:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ձգտում է հասնել Հայ Դատի լուծմանը, ամբողջական հայութեամբ՝ ամբողջական հայրենիքի կերտմանը: