Դաշնակցութիւնը ազգային, պետականամէտ, արժանապատւութիւն ունեցող բոլոր ուժերի եւ անհատների ընկերն ու վահանն է
ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի ելոյթը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 35-րդ Ընդհանուր ժողովի պաշտօնական բացման ժամանակ

Գերաշնորհ Սրբազան հայրեր, յարգելի հիւրեր, սիրելի ընկերներ,
ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան անունից ողջունում եմ բոլորիդ:
Այսօր հայրենիքում մեկնարկում է մեր կառոյցի բարձրագոյն՝ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։
ՀՅԴ Ընդհանուր ժողովները երբեք չեն եղել կուսակցական հերթական արարողակարգային համագումարներ։
1892 թւականից սկսեալ եւ հիմնականում 4 տարին մէկ գումարւող Ընդհանուր ժողովները Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմական բոլոր հանգրւաններում ունեցել են առանցքային նշանակութիւն։ Այդ ժողովների որոշումները յաճախ շրջադարձային են եղել հայութեան կեանքում։
Դաշնակցութեանը քիչ ծանօթ մարդիկ յաճախ տարբեր պատկերացումներ ունեն մեր կառոյցի մասին, սակայն վստահ եմ, որ Դաշնակցութեան ժողովներին մէկ անգամ ականտես եղած մարդը կփաստի, որ հայ իրականութեան մէջ չկայ քաղաքական նման երկրորդ կառոյցը, որի ղեկավար մարմիններն ամբողջութեամբ հաշւետու են իրենց շարքերին, որտեղ ամենասուր քննադատութիւնը բնական երեւոյթ է, որտեղ բացառւած է անձնակենտրոնութիւնը, որտեղ ժողովրդավարութիւնը ոչ թէ լոզունգ է, այլ՝ կենսակերպ եւ մտածողութիւն։
Վերջին տարիների ՀՅԴ ժողովներն առանձնանում են իրենց բնոյթով ու տրամադրութեամբ։
Պարտութիւնը պատերազմում, Արցախի բռնազաւթումը, մեր հազարաւոր հայրենակիցների տեղահանումը, հայ ռազմագերիների, Արցախի ղեկավարութեան, այդ թւում՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Դաւիթ Իշխանեանի գտնւելը Բաքւի բանտերում, խոր վէրքեր են թողել։
Սիրելի՛ ընկերներ,
ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի եւ հայոց պետականութեան համար բախտորոշ ժամանակահատւածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգութեանն առնչւող լրջագոյն մարտահրաւէրների առաջ:
Աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումների եւ համաշխարհային նոր ճարտարապետութեան ձեւաւորման պայմաններում որքա՞ն կենսունակ կը լինի Հայաստանը՝ կախւած է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից եւ վճռականութիւնից, Հայոց պետականութեան առջեւ հայ մարդու պատասխանատւութիւնից։
Այսօր մենք ունենք յանձնառութիւն՝ նոր իրողութիւնների պայմաններում առաջարակել մեր ժողովրդին պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր, վերականգնել վստահութեան կամուրջները, յաղթահարել յուսալքութիւնը, դառնալ աւելի ուժեղ, որ կարողանանք դիմագրաւել թշնամուն՝ պահպանել մեր Հայրենիքը։
Այսօր մենք խնդիր ունենք դիմագրաւելու նոր թափ առած հակադաշնակցականութեանը, որը արդէն վերածւել է ազգային գաղափարախօսութեան դէմ պայքարի:
Ուզում եմ՝ ճիշտ գնահատենք, եւ՛ ներքին, եւ՛ արտաքին ճակատում այսօր պայքար է թէ՛ Դաշնակցութեան դէմ, թէ՛ Դաշնակցութեան համար։ Փաստօրէն 135 տարին բաւարար չէր մեր բարեկամներին եւ ախոյեաններին ի ցոյց դնելու մեր հայկականութեան խորքը, ապացուցելու մեր միասնականութիւնը եւ աննահանջ կեցւածքը մեր նպատակներին հասնելու հարցում։
Մենք պարտաւոր ենք այս ժողովում մէկ անգամ եւս դա ապացուցելու։
Մեր պատմութեան մէջ քիչ չեն եղել իսկապէս շրջադարձային, իսկապէս պատմական Ընդհանուր ժողովներ։ Դաշնակցութեանը յաջողւել է ամէն ժամանակաշրջանում որդեգրել համապատասխան գործիքակազմ ու գործելաոճ, յեղափոխել իրականութիւնը եւ պաշտպանել հայկական շահերը։
Այսօր մենք նոյն հրամայականի առջեւ ենք։
Հայրենիքի պաշտպանութիւնը պէտք է դառնայ մեր գլխաւոր ուղենիշը. համահայկական գաղափար, որը պէտք է թափանցի իւրաքանչիւր հայի տուն՝ անկախ նրա բնակութեան վայրից։
Պայքար բոլոր ճակատներում եւ ամէնուր, պայքար հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման համար։ Սա է այն առաջարկը, որը Դաշնակցութիւնը կարող է ներկայացնել իր ժողովրդին։ Պայքար, որի մէջ պէտք է լինենք եւ՛ կազմակերպիչը, եւ՛ զինւորը, եւ՛ առաջամարտիկը։ Քանզի Հայրենիքի ու Դաշնակցութեան ճակատագրերը միահիւսուած են։
Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումը այլընտրանք չունի, սա էլ այն տեսլականն է, որը մենք ունենք նոր որակի հայկական պետութեան համար։
Ես մէկ անգամ եւս վերհաստատում եմ մեր Կոչն ուղււած առողջ եւ ազգային ուժերին. միաւորել ջանքերը՝ ապազգային իշխանութիւններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականութեանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանութիւն ձեւաւորելու եւ համահայկական կարողականութեամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում:
Սիրելի՛ ներկաներ,
Դաշնակցութիւնը քաղաքական կուսակցութիւն լինելուց զատ համաշխարհային ազգային ցանց է, պայքարի ու դիմադրութեան համակարգ։ Այս կարողականութիւնը լիարժէք դարձնելու խնդիր ունենք։
Դաշնակցութեանը ազգային, պետականամէտ, արժանապատուութիւն ունեցող բոլոր ուժերի եւ անհատների ընկերն ու վահանն է։
Հենց այս պատկերացումները պէտք է առաջնորդեն մեզ մեր առաջիկայ քննարկումներում։
Ելոյթս աւարտում եմ Ռոստոմի խօսքերով, որ նա յղել էր դաշնակցական մարմիններին. «Սիրելի՛ ընկերներ, մեզ սպասում է աւելի մեծ պայքար, գուցէ եւ նոր կռիւներ։ Մխիթարականն այն է, որ կը կռւենք աւելի ամփոփ ուժերով։ յոյս ունինք առաջիկայում ունենալ մի մեծ Ընդհանուր ժողով՝ Հայաստանի կենտրոնում, մշակելու համար Հայաստանի վերաշինութեան հիմնական ուղիները»։
Այսօր իրականացել է Ռոստոմի փափագը. մենք գումարում ենք Ընդհանուր ժողովը Հայաստանի կենտրոնում։ Այժմ պարտաւոր ենք իրականացնել միւս պատգամը՝ մշակել Հայաստանի վերաշինութեան ու վերականգնման ծրագիրը։
Ի գործ սիրելի ընկերներ։
Յաջողութիւն մեր աշխատանքներին։