Իշխան Սաղաթէլեան. «Ընդլայնէ՛ք ձեր շարքերը, կառչէ՛ք ձեր արմատներից»

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի ելոյթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան 35-րդ ամեակին նւիրւած միջոցառմանը.
«ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անունից շնորհաւորում եմ մեզ՝ բոլորիս «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան 35-ամեակի առթիւ։ ՀՅԴ ՆԱՈւՄ-ն արդէն 35 տարեկան է, Հայաստանի նորանկախ հանրապետութիւնում 35 տարւայ կենսագրութիւն ունեցող կազմակերպութիւններ, նոյնիսկ քաղաքական կուսակցութիւններ քիչ կան, որ ունեն նման անցած ճանապարհ։ Ամենեւին պատահական չէր, երբ ՀՅԴ-ն որոշում կայացրեց իր կազմակերպական կառոյցը վերհաստատել մայր հայրենիքում։ Հէնց առաջին օրերից ձեռնամուխ եղաւ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան հիմնադրմանը, որն անցնող 35 տարիների ընթացքում շատ կարեւոր դերակատարութիւն է ունեցել մեր երկրի հասարակական եւ քաղաքական կեանքում, մշտապէս ամէն ժամանակաշրջանի համար լինելով առաջնագծում»:
Նրա խօսքով՝ ՀՅԴ-ն մշտապէս կարեւորել է ուսանողական եւ երիտասարդական միութիւնների դերը, որոնք եղել են կարեւոր դարբնոց՝ կուսակցութեան շարքերը կրթւած, գաղափարապէս պատրաստւած երիտասարդներով համալրելու համար։
«Սիրելի ներկաներ, որեւէ մէկի համար գաղտնիք չէ, որ մեր երկիրը՝ Հայաստանը եւ հայութիւնը գտնւում են շատ ծանր ժամանակաշրջանում։ Արցախը հայաթափւած է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը գտնւում է Բաքւի բանտում, թշնամու զօրքերը գտնւում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ Հայաստանի իշխանութեան ղեկին յայտնւած այս վարչախումբը շարունակում է կատարել թշնամու պահանջները եւ նրանց հետ ձեռք-ձեռքի բռնած պայքարում հայկական ինքնութեան դէմ։ Այս պայմաններում, այս իրավիճակում հայ երիտասարդը, յատկապէս դաշնակցական երիտասարդը, չի կարող հաշտ լինել այս իրավիճակում։ Հետեւաբար, սիրելի երիտասարդներ, մենք միասին անելիք ունենք, դուք ոչ միայն մեր ապագան էք, այլ նաեւ՝ մեր ներկան, հետեւաբար խնդրանքս, կոչս ու յորդորս ձեզ՝ ընդլայնէ՛ք ձեր շարքերը, կառչէ՛ք ձեր արմատներից, բայց՝ աւելի առաջադեմ, աւելի եռանդով, նոր ուժով ու թափով։ Այն ջահը, որ փոխանցւել է ձեզ, միասնաբար առաջնագծում մեր պայքարը շարունակելու ենք եւ հասնենք յաջողութեան։
Կեցցէ՛ հայ երիտասարդը, կեցցէ՛ Դաշնակցական ուսանող երիտասարդը եւ բարի երթ ձեր աշխատանքներին»,- ասել է Իշխան Սաղաթէլեանը:



