Գաղափարական

Արմէն Ռուստամեան. «Միաւորւած կերտենք մեր յաղթանակները, որին այսքան կարօտ է մեր ժողովուրդը»

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի ելոյթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան 35-րդ ամեակին նւիրւած միջոցառմանը.

«35 տարին շատ լուրջ ճանապարհ է եւ ինչպէս ասւեց՝ շատ կայացած քաղաքական ուժեր անգամ այդքան տարի չեն գոյատեւում եւ այս առումով մենք իսկապէս միշտ խօսում ենք մեր տարիքի մասին եւ անդրադառնում նրան, որ այդ տարիքը մեզ չի մեծացնում, այլ երիտասարդացնում է եւ ՆԱՈւՄ-ը դրա ամենալաւ ապացոյցն է: Դաշնակցութիւնը 135 տարեկան է, բայց ունի ՆԱՈւՄ, որը 35 տարեկան է եւ գնալով աւելի երիտասարդանում է: Դաշնակցութեան կենսունակութեան եւ ՆԱՈւՄ-ի նաեւ կենսունակութեան ֆենոմենը, գաղտնիքը հէնց դրանում է: Դաշնակցութիւնը կարողացել է իր ամբողջ կենսագրութեան մէջ մէկտեղել թէ՛ փորձը, թէ՛ երիտասարդական աւիւնը, թէ՛ ուժը, թէ՛ միտքը, եւ մեր արժեհամակարգն էլ հէնց դրա վրայ է ձեւաւորւած…

Մեր կենսունակութեան գաղտնիքը կարելի է փնտրել հէնց մեր զինանշանի մէջ, որ թէ՛ բահն է, թէ՛ սուրը, թէ՛ գրիչը, եւ շատ ճիշտ են արել ՆԱՈւՄ-ը ստեղծողները, երբ վերցրել են այդ զինանշանից գրիչն ու սուրը, եւ հաւատարիմ են մնացել հէնց այդ խորհրդին, որովհետեւ թէ՛ միտքը, թէ՛ ուժը, թէ՛ աւիւնը երիտասարդական կարողացել են մէկտեղել, եւ պատահական չէ, որ Դաշնակցութեան հիմնադիրները հէնց ուսանողներ են եղել, որովհետեւ մեր ուժը եղել է բանիմաց, կրթւած, ուսում ստացած երիտասարդը, եւ նա է, որ ապագայ է կերտում, նա է, որ կարողանում է տեսնել օրւայ հրամայականը, տեսնել ձեւերը եւ մեթոդները, ինչպէս իր կեանքը արժեւորի եւ իմաստաւորի»,-ասել է Արմէն Ռուստամեանը։

Նրա խօսքով՝ Դաշնակցութիւնը, որտեղ որ կայացել է, այնտեղ միշտ իր կողքին ունեցել է ՆԱՈւՄ-ի նման երիտասարդական կառոյց։ Ուսանողական միութիւնները Դաշնակցութեան համար եղել են կադրերի դարբնոց։

«Այս կառոյցը, իսկապէս, դեռ երկար տարիների անելիք ունի, իր ժառանգութիւնը գիտակցում է, իր առաքելութեան տէրն է եւ միայն կարող ենք մաղթել յաջողութիւն, մաղթել երկար տարիների աշխատանք… Այսօր էլ Հայաստանը եւ հայութիւնը կանգնած են լրջագոյն մարտահրաւէրների առաջ, եւ ես վստահ եմ, որ ՆԱՈւՄ-ի նման կառոյց ունեցող Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միակամ համոզումով յաղթահարելու է նաեւ այս դժւարութիւնները մեզ բաժին հասած, եւ ՆԱՈւՄ-ի նման մեծ, պայծառ դէմքեր ունեցող կառոյցն է, որ կարող է անգամ անելանելի վիճակում ելքեր գտնել… Ձեզ մաղթում եմ յաջողութիւն, բարի երթ եւ նորից ու նորից իրար հետ միասին՝ միաւորւած կերտենք մեր յաղթանակները, որին այսքան կարօտ է մեր ժողովուրդը»,- ամփոփելով խօսքը՝ ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը:

Related Articles

Back to top button