Դաշնակցական Յովհաննէս Թումանեանը․ ազգային բանաստեղծը եւ գործիչը

«Թումանեանը մինչեւ իր ոսկորի ծուծը հայ ազգային բանաստեղծ էր եւ ազգային գործիչ»
ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ
ՀՅԴ գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ
Քչերը գիտեն, որ Յովհաննէս Թումանեանը տարիներ շարունակ անդամակցել է ՀՅԴ-ին։
Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը աչքի է ընկել իր ակտիւ քաղաքական դիրքորոշումներով եւ իր կեանքն ապրել է ոչ միայն որպէս գրող, այլեւ որպէս ակտիւ ազգային գործիչ։
Ապրելով հայ ժողովրդի համար դժւարին ժամանակներում՝ մեծ գրողը մշտապէս փորձել է ուժերի ներածին չափով մասնակից լինել սեփական ժողովրդի ազատութեան համար մղած պայքարին։
«Միակ խնդիրը, որ նրան զբաղեցնում էր` դա հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան խնդիրն էր»,- այսպէս է նրան նկարագրել 20-րդ դարասկզբի ականաւոր գործիչ, Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետութեան դեսպան, ՀՅԴ անդամ Արշակ Ջամալեանը:
1905-1906 թթ․ հայ-թաթարական ընդհարումներն առիթ են դառնում, որպէսզի Թումանեանի եւ ՀՅԴ յարաբերութիւններն ստանան կանոնագրային բնոյթ: Պոէտը վկայում է. «Ինքնապաշտպանութեան ժամանակ գրեթէ ամբողջ Կովկասի հայ ժողովուրդը անխտիր մտաւ Դաշնակցութեան մէջ…»:
Ժանդարմական վարչութեան գաղտնի փաստաթղթերից մէկում հաստատւում է, որ Թումանեանը 1903 թ. դեկտեմբերից ՀՅԴ անդամ էր: Աւելին, դաշնակցական ղեկավարների ակտիւ գործիչների տասներկու անունների դիմաց 1904 թ. ապրիլի 20-ի փաստաթղթում նշւում է` «դսեղցի Յովհաննէս Թումանեան»: Ըստ Թիֆլիսի պահնորդական բաժնի գաղտնի տւեալների` Թումանեանը եղել է Շուլավերի դաշնակցութեան կոմիտէի նախագահ, կենտրոնական բիւրոյի արեւելեան բաժնի անդամ: 1904 թ. մայիսի 3-ին եւ 4-ին բանաստեղծը Երեւան եւ Էջմիածին է այցելել, որպէսզի բանակցութիւններ վարի կաթողիկոսի հետ «կայսերական հրովարտակը մերժելու մասին»: 1907 թ. յունւարի 20-25-ը Թիֆլիսի Չորրորդ քաղաքամասի բնակչութեան կողմից Թումանեանը առաջադրւում է Երկրորդ Պետական դումայի պատգամաւոր ընտրեալ պատւիրակների Դաշնակցութեան թեկնածու կուսակցութեան կողմից:
1908 թ. դեկտեմբերին, Թիֆլիսում եւ հայաշատ այլ վայրերում սկսւում են ձերբակալութիւնները: Թիրախում մեծ մասամբ հայ մտաւորականներն էին՝ ուսանողներ, հասարակական գործիչներ, բժիշկներ, իրաւաբաններ՝ շուրջ 160 անձ: Բոլորի մեղադրանքը մտնում էր նոյն «Դաշնակցութեան գործ»-ի մէջ:
Թումանեանը որդու՝ Մուշեղի հետ բանտարկւում է 1908 թ. դեկտեմբեր 23-ի լոյս 24-ի գիշերը, կարճ ժամանակ անց՝ երաշխաւորութեամբ ազատ է արձակւում, սակայն նրա նկատամամբ սահմանւում է խստացւած հսկողութիւն։
1911 թ. յունւարին 19-ին «Հորիզոն» թերթի խմբագրատուն են ներխուժում պահնորդական բաժնի գործակալները, խուզարկում, կալանաւորում են Թումանեանին, թերթի այլ աշխատակիցների ու պատահական այցելուների: Թումանեանին տրւած նախկին բոլոր մեղադրանքները կրկնւում են նոր խմբագրումներով։
ՀՅԴ մեծ դատավարութեան քրէական գործի շրջանակում՝ 1912 թ․ մարտի 20-ին դատարանում բանաստեղծն, այնուամենայնիւ, անմեղ է ճանաչւում։
Վկայութիւններ են պահպանւել նաեւ ՀՅԴ ժողովներին Ամենայն հայոց բանաստեղծի մասնակցութեան վերաբերեալ։