Դաշնակցական Բեմ

Կարէն Խանլարեան. «Ես էլ եմ վախենում…»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր, պատմական գիտութիւնների դոկտոր Կարէն Խանլարնեանը ֆէյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամաւոր, յայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասեանի (Գրզօ) հակաարցախ յայտարարութեանը՝ նրան յիշեցնելով սպարապետ Վազգէն Սարգսեանի 1989 թւականին ասած խօսքերը.

«Ես էլ եմ վախենում…

Երէկ ԱԺ-ում քննարկւեց Ազգային անվտանգութեան մարմիններում ծառայելու մասին օրէնքում լրացում կատարելու կառավարութեան նախագիծը։ ՔՊ խմաբակցութեան յայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասեանը բարձրացրեց հետեւեալ հարցը.

«Մենք հիմա իրենց (Արցախի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան նախկին աշխատակիցներին) վերցնում ենք, որ նորից նո՞յն մեթոդով համակարգ լինի, թէ՞ մեզ աւելի ճիշտ է՝ նոր կադրեր վերցնենք՝ ՀՀ ազգային անվտանգութեան նոր գիտակցութեամբ, ՀՀ պետութեան պաշտպանութեան գիտակցությամբ, պետութեան կարեւորութեան գիտակցութեամբ, թէ՞ այդ նոյն 30 տարւայ գիտակցութեամբ ենք շարժւում»:

Թւում է՝ ՔՊ-ի մանիպուլեատիւ հռետորաբանութեան շարքը հասել է Սուքիասեանին։ Օրեր առաջ էլ նա ԱԺ-ի ամբիոնից հնչեցրեց մի այլ աղմկայարոյց յայտարարութիւն. «44-օրեայ պատերազմի ժամանակ միտումնաւոր մարդիկ տեղերը տւել են, որ մեր զինւորներին սպանեն, որպէսզի այդ ժամանակւայ իշխանութիւնը պարտւի…»։

Վերոնշեալից դատելով՝ կարծես թէ, Սուքիասեանը ճշգրիտ պատկերացումներ չունի Արցախի Հանրապետութեան մասին առհասարակ։ Չգիտի, որ նոյն այս Հանրապետութեան պետական մարմինների՝ այդ թւում Պաշտպանութեան բանակի եւ Ազգային անվտանգութեան աշխատակիցների զոհաբերութեան շնորհիւ է յաղթանակներ արձանագրւել եւ պահպանւել 30 տարի, միաժամանակ երաշխաւորւել ոչ միայն Արցախի, այլեւ՝ մեծամասամբ ՀՀ անվտանգութիւնը, այդ տանիքի ներքոյ նաեւ Սուքիասեանների ողջ բիզնեսը…

«Դուխով» օլիգարխին ենք ձոնում երջանկայիշատակ Վազգէն Սարգսեանի հետեւեալ տողերը, որոնք շարադրւել են 1989 թ. (Եթէ լինէր, մի գուցէ խմբագրական մի փոքր միջամտութեամբ, նոյնը կասէր հէնց այսօր).

«Սրտացաւութեան պակասից եմ վախենում։ Ցաւի առուծախից եմ վախենում։ Գաղթականների համար եմ վախենում, որ էս վերջին հանգրւանում էլ իրենց տէր չեն զգում, հիւր են զգում…

Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։ Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից յետոյ էլ մէկմէկու անվերապահօրէն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։

Բռունցքւած ձեռքն այսօր բառ է դառնում ու գրանցում ու աշխատատեղ է վաճառում գաղթականին, տնակ` աղէտեալին…

Հազար անգամ ասել ենք, որ մեր փրկութիւնը մեր միասնական ուժի մէջ է, բայց այնքան ենք իրարից հեռու, ասես իրաւապահ մարմինների աշխատողներս այլ ազգից ենք, գործարարներս՝ ուրիշ…

Ամէնից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց…»»,- գրել է Խանլարեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button