Դաշնակցական Բեմ

ԲՌՆԵԼՈ՞Ի ԵՆՔ Ի ՎԵՐՋՈՅ ՀԱՅԻՆ ԱՐԺԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

2018 թ. ապրիլից ի վեր, Հայաստանի ու հայ ժողովրդի կեանքում արմատական եւ ըստ ամենայնի վտանգաւոր փոփոխութիւնները՝ հասարակա-քաղաքական, ազգային, պետական-կառավարական ու համընդհանուր ժողովրդային-հայրենական մակարդակներում, ապագայի հաշւին բազմապիսի հարցականների ու անորոշութիւնների դուռ են բացել։

Ապագայ, որն նոյն փոփոխութիւնների հետեւանքով, արդէն իսկ դարձել է աւելի անորոշ ու միգուցէ աւելի վտանգաւոր՝ մատնանշւած միեւնոյն ոլորտներում ու մակարդակներում։

Ահաւասիկ, մի քանի հարցադրումներ, որոնք հայկական եւ նոյնիսկ օտարերկրեայ փորձագիտական-քաղաքական ու սոցիոլոգիական շրջանակների կողմից բազմիցս բարձրաձայնւել եւ միաժամանակ այդ շրջանակների զարմանքն է յարուցել…

Զորօրինակ, դա ինչպէս է, որ կոռուպցիան, որպէս սոցիալ-տնտեսական արդար համակարգը վնասող ու վտանգող երեւոյթ, Հայաստանում «յեղափոխութեան» է յանգեցնում, բայց հազարամեակների հայրենի հողի կորուստը, նոյն հասարակայնութեան մի ստւար զանգւածի մօտ ոչ թէ յեղափոխութեան, այլ նոյնիսկ պետական անվտանգային դոյզն իսկ զգացումի տեղիք չի տալիս։ Դեռ չխօսենք յիմարացած ու ստամոքսային  արժեչափերով սնւող-մտածող այն անհայրենիքների մասին, որոնք երբեւէ Արցախը հայկական չեն համարել…

Ինչպէ՞ս բացատրել, օրինակ, արւեստի անւանի՜  սփիւռքահայեր՝ Արսինէ Խանջեանների ու Սերժ Թանգեանների խիստ յանցաւոր ու մեղսակից լռութիւնը՝ Արցախի էթնիկ զտման, հայաթափման ու կորուստի կապակցութեամբ։ Կոռուպցիայի ժամանակներում ամէն առիթով բաց նամակներ գրող այդ անւանինե՜ րը հայրենիքի կորուստի խնդրով հայրենադաւ իշխանութիւններին բաց նամակներ  գրելու «ձիրքից» զրկւե՞լ են…

Նրանց ցաւ չի՞ պատճառում ԱՐԱՐԱՏ-ը հայկական չհամարող անհայրենիքների լկտիութիւնը։ Կամ՝ նոյնինքն «system of a dawn»-ով հանրահռչակւած ու Հայոց Ցեղասպանութիւնն դատապարտած պրն. Թանգեանը բաց նամակ, թէկուզ բանաւոր, խօսք չունի՞ ասելու հայրենադաւների արտաքին քաղաքականութեան գերատեսչութեանը՝ Հայոց Ցեղասպանութիւնը դիւանագիտական առաջնահերթ օրակարգերից դուրս հանելու համար…

Ժամանակին ձեր իսկ պաշտպանած-հովանաւորած «թաւշեայ յեղափոխականները» Հայ ժողովրդի ու հայոց պատմութեան դասագրքերը ձեւով ու բովանդակութեամբ փոխել են համահունչ՝ թուրք-ադրբեջանական պատմաշինութեան. հապա՝ ու՞ր է ձեր զայրոյթը «հակակուռոպցիո՜ն ու ժողովրդավա՜ր Հայաստան» գովազդող՝ պատեհապաշտ-կարիէրիստներ…։

Պատասխանը, սակայն, խոշոր տոկոսով կայանում է նրանում, որ յիշեալները, ինչպէսեւ՝ հասարակայնութեան լայն խաւերը մոլորւածի վիճակում յայտնւած լինելու բերումով, սեփական զղջանքը արտայայտելու յարմար առիթների փնտրտուքի մէջ են։

Դա, անշուշտ, ուշ թէ շուտ՝ պատահելու էր, բայց ներկայ իրավիճակում, երբ բուն Հարենի երկիրը դէմ-յանդիման է ամբողջական կորուստի սպառնալիքների, ամենաչնչին յապաղումն իսկ, մեծագոյն ռիսկեր է պարունակելու։

Այլեւս բուն հայրենի հողում եւ ինչու ոչ՝ մշտապէս հայրենապաշտ Սփիւռքում, անյետաձգելի  ու անմիջական  նպատակ պէտք է սեպւի անդունդի եզրին յայտնւած՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆԸ տանող համարժէք պահանջի ու պայքարի բոլոր առումներով արդարացւած գործառոյթը։ Իսկ այդ փրկարար նպատակին հասնելու առաջնահերթ հանգրւանը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ ապազգային ու յանձնւողական իշխանութիւնից ձերպազատւելը եւ դրա փոխարինումը՝ համազգային հայրենանւէր կառավարութեամբ։

Հայաստանեան ներքաղաքական նոր զարգացումների անմիջական հեռանկարը մէկ կողմից, իսկ արտաքին ճակատի վրայ ադրբեջանաթուրքական տանդեմի  ներգործուն սպառնալիքները միւս կողմից, պարզորոշ են դարձնում ազգային ընդդիմադիր ուժերի ու մասնաւորաբար «Սրբազան պայքարի»-ի առաւել քան երբեւէ անտեղիտալի երթի հուժկու թափով շարունակելու հրամայականը։

Բովանդակ հայութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում կանգնած է ճակատագրորոշ եւ անկիւնադարձային այնպիսի մի իրողութեան առջեւ, որով վերջնականապէս վճռահատւելու է իր, որպէս ազգ ու պետութիւն գոյատեւել-չգոյատեւելու հանգամանքը։

Հնամենի մեր պատմութեան երկայնքում բազմաթիւ օրինակներ կան վկայակոչող, որ հայն ու Հայաստանը բռնել են միեւնոյն պատմութեան քննութիւնը արժապավայել կեցւածքով ու կամարտայայտութեամբ։

Լիայոյս լինենք, որ այս՝ երրորդ հազարամեակի առաջին քառորդդարեայի աւարտին հայ ժողովուրդը մէկ անգամ եւս դիմագրաւելու եւ յաղթահարելու է իրեն ու սեփական բնօրրանը կործանելուն միտւած մարտահրաւէրները։

Յ. Գ.- «Ժողովուրդներն առաջացել են դարերի խորքում։ Նրանց մի մասը պատմութեան ընթացքում ոչնչացել է, միւս մասը գոյատեւում է մինչեւ մեր օրերը։

Ազգային գաղափարախօսութեան նպատակը ազգի գոյապահպանումն է։ Բոլոր այն ժողովուրդները, որոնք ունեցել են ազգային գաղափարախօսութիւն եւ ղեկավարւել են այդ գաղափարախօսութեան հիմնադրոյթներով, բռնել են պատմութեան քննութիւնը։

Պատմութեան քննութիւնը չեն բռնել այն ժողովուրդները, որոնք չեն ղեկավարւել ազգային գաղափարախօսութեան հրամայականով։

Ահա թէ ինչու ազգային գաղափարախօսութիւնը ժողովուրդների գոյապահպանման միակ եւ հիմնական երաշխիքն է։

Ահա թէ ինչու ազգային գաղափարախօսութիւնը մշտապէս հանդիսացել է յարատեւող բոլոր ժողովուրդների ազգային եւ պետական քաղաքականութեան առանցքը։

Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի »* ։

* Խուրշուդեան Լ., Հայոց Ազգային Գաղաթարախօսութիւն, Երեւան 1999 թ., էջ 5։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button