Դաշնակցական Բեմ

ՄԻՆՉԵՒ ՀԱՅԻ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

1. Արդէն աւելի քան մէկ շաբաթ է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ողջ աշխատողները գործադուլի մէջ են՝ աշխատավարձերի բարձրացման ու տարրական աշխատանքային պայմանների բարելաւման պահանջով։

2. ⁠Արդէն օրեր շարունակ, վարչապետարանի առջեւ բազմաթիւ քաղաքացիներ բողոքում են կառավարութեան կողմից հարկային տարատեսակ աւելացումների որոշման դէմ։

3. ⁠Իսկ ամենաառարկայականը՝ տրանսպորտի ապօրինի թանկացման դէմ ժողովրդական տարերային բողոքներն են, որոնք ուղեկցւում են 150 դրամ ուղեվարձը բոյկոտել-չվճարելու քաղաքացիական կեցւածքով։

4. ⁠Տրանսպորտի թանկացման հիմնական պատասխանատու՝ քաղաքապետ Աւինեանը Աւագանիների ժողովում ի պատասխան ընդդիմադիր անդամների բողոքին, քաղաքապետարան է կանչում կարմիր բերետաւորների, որոնք իրենց ընկալեալ «բարեկրթութեամբ»դուրս են հրաւիրում բողոքող աւագանիներին…։

5. Այս իրադարձութիւններին զուգահեռ՝ տեսանիւթով լուր է տարածւում ամենուր, որ «օրւայ հերոս» քաղաքապետը տիկնոջ անւամբ՝ 800.000 դոլարի արժողութեամբ նոր առանձնատնի «շնորհանդէսի» է պատրաստւում…։

6. ⁠Մէկ այլ տեսանիւթով ականատես դարձանք գեղարքունիքցու բողոքին, որով նա ահազանգում էր նոյն Գեղարքունիքի շրջանից հայապատկան 8 գիւղերի թշնամուն յանձնելու որոշման մասին եւ միաժամանակ աւելացնում՝ սրանք երկիրը պահող-պաշտպանող բանակը քանդեցին…։

7. ⁠Իսկ երրորդ տեսանիւթում, աւտոբուսում տրանսպորտի թանկացման բոյկոտին մասնակցող երիտասարդին տարեց տղամարդը այսպէս է արձագանգում .« Տրանսպորտի եւ նմանօրինակ թանկացումներին մի կերպ եոլա կը գնանք, քիչ կուտենք, կը համբերենք, կապրենք…բայց մենք հիմա շատ աւելի թանկ բաներ ենք ձեռքից տալիս. հո’ղ ենք կորցնում, որի համար սիրտս մղկտումա, ախր ես էդ հողի համար եմ երկու զաւակ նւիրել, առանց հողի է, որ չենք կարողանալու ապրել…»:

8. ⁠Հրճւանք է տիրում թուրք-ադրբեջանական մամուլում ու հասարակայնութեան մէջ… ի տես Նիկոլ Փաշինեանի օրերս Շւէյցարիայում Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների ուրացման։ Դա երեւի տրամաբանական արդիւնքն է՝ ծոցին սեղմած էրդողանի նւիրած գրքի կարդալուն ու լաւապէս սերտելուն…։

9. ⁠Եւ «թաւշեայ» նորագոյն զաւեշտը՝ Հայաստանի Հանրապետութիւն հրապարակում, որտեղ ադրբեջանա-թուրքական վոհմակը ապշած անցորդների հայեացքների ներքոյ «հայրենի Ղարաբաղ» էր երգում…։

10. ⁠Հայաստանի ՆԳՆ-ի կողմից մուտքի արտօնութիւն ստացած ադրբեջանական -այժմ կարելի է համոզւածութեամբ ասել- դիւերսանտների հրահրիչ ու հայի արժանապատւութիւնը խոցած լկտիութիւնը հանրայնացրած ու համացանցում տարածած Ղարիբ Բաբայեանը նոյն ՆԳՆ ոստիկանութեան կողմից ձերբակալւում է ( դարձեալ ի ուրախութիւն թուրք-ադրբեջանական դաշինքի)։

11. ⁠«Ազգամիջեան թշնամութիւն ու անհանդուրժողութիւն սերմանելու» մեղադրանքով Ղարիբ Բաբայեանի համար, ինչքան էլ զաւեշտալի, կէսգիշերւայ մօտ!? շուտափոյթ դատարան են բեմադրում… Աջափնեակի դատարանի շրջափակը, սակայն, ողողւում ու գնալով մարդաշատ է դառնում, ի նշան ցասումի ու բողոքի՝ ապիկար ու անարժանապատիւԱԱԾ-ՆԳՆ աշխատակիցների…։ Ու րոպէներ անց՝դատարանի դահլիճից ազատ է արձակւում Ղարիբ Բաբայեանը :

12. ⁠Իսկ Հայոց Ցեղասպանութիւնը ուրացած ն.փ-ն դեռ շարունակում է արժանանալ հայաշխարհի նախատինքին, որի օրինակներից մէկին անձամբ դէմ-յանդիման եղաւ ու ականատես՝ Վաշինգտոնում ՀՀ դեսպանութիւն մուտք գործելու պահին։

13. ⁠Ու դեռ շարունակւելու են Հայոց մշտնջենական նախատինքները՝ ԱՐՑԱԽԸ յանձնողի, ԱՐԱՐԱՏԸ թուրքական համարողի, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ աղաւաղողի, ՀԱՅՈՑ ԱՌ. Ս. ԵԿԵՂԵՑԻՆ պղծողի, ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ ատողի, ՀԱՅԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏԸ պառակտողի ու դեռ ՄԱՐՏԻ 1 կազմակերպողի նկատմամբ, ընդհուպ՝ մինչեւ հայի արդար դատաստանին արժանանալը…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button