Հ. Յ. Դաշնակցութիւնը եւ Հայաստանի դեմարկացիայի առաջին փորձերը
Համառօտ ուսումնասիրութիւն
![](/wp-content/uploads/2025/02/karen-khanlarian-780x470.jpg)
ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ
Նախաբան
Հայ ազգային ազատագրական շարժման մասնակից ուժերը, յատկապէս ՍԴ Հնչակեան կուսակցութիւնը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը նպատակ էին ճշտել ազատագրելու Հայաստանը, բայց գոյութիւն չունէին քաղաքա-աշխարհագրական եւ իրաւական յստակ հիմնաւորումներ Հայաստանի ո՛չ արեւմտեան, եւ ո՛չ էլ արեւելեան հատւածների դիրքը սահմանելու համար։
Պատմական տւեալները ցոյց են տալիս, որ 19-րդ դարավերջին թուրքահայաստանի կամ Արեւմտեան Հայաստանի սահմանները առաւել ճշտորոշ են եղել Ռուսահայաստանի կամ Կովկասեան Հայաստանի համեմատութեամբ։ 1877-1878 թթ. ռուս-օսմանեան պատերազմի արդիւնքում կայացած Սան Ստեֆանոյի հաշտութեան պայմանագրում նշւում էր Հայաստան բառը, որն էլ ունէր աշխարհաքաղաքական որոշակի նշանակութիւն։ «Նկատի առնելով այն,- նշւում է պայմանագրի 16-րդ յօդւածում,- որ ռուսական զօրքերի դուրսբերումը նրանց կողմից գրաււած ՀԱՅԱՍՏԱՆ-ի` Թուրքիային վերադարձւելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդութիւնների, որոնք երկու պետութիւնների բարի յարաբերութիւնների վրայ կունենան վնասակար ազդեցութիւն, Բարձր Դուռը պարտաւորւում է անյապաղ կենսագործել ՀԱՅԱԲՆԱԿ ՄԱՐԶԵՐ-ի տեղական կարիքներից յարուցւող բարելաւումներ եւ բարենորոգութիւններ, եւ հայերի անվտանգութիւնը զերծ պահել քրդերից եւ չերքէզներից» (ընդգծումները մերն են – Կ.Խ.)։
Այսպիսով Օսմանեան կայսրութեան մաս կազմող Հայաստանը պարզապէս նոյնականացւում էր՝ Օսմանեան երեք վիլայէթների՝ Էրզրումի (Կարին), Վանի, Բիթլիսի (Բաղեշ) հետ ամբողջապէս եւ չորս վիլայէթների՝ Դիարբեքիրի (Տիգրանակերտ), Խարբերդի, Սըվասի (Սեբաստիա) եւ Տրապիզոնի որոշակի մասերի հետ (տես՝ նկար 1)։
Առաւել խրթին եւ տարաբնոյթ բարդութիւններով լի էր ընդհանրապէս Անդրկովկասի վարչատարածքային բաժանումը եւ մասնաւորաբար ռուսահայաստանի աշխարհագրական սահմանումը։
Անդրկովկասին, 1903 թ. դրութեամբ, մաս էին կազմում չորս նահանգ կամ գուբերնիա (Թիֆլիս, Երեւան, Ելիզաւէտպոլ, Բաքու), մէկ մարզ կամ օբլաստ (Կարս) եւ չորս վարչատարածքային առանձին շրջան կամ օկրուգ, (Սուխումի, Բաթումի, Արդուին, Զաքաթալի) (տես՝ նկար 2)։
Թիֆլիսի, Երեւանի, Ելիզաւէտպոլի (Գանձակ), Բաքւի գուբերնիաները եւ Կարսի օբլաստը բաժանւած էին ներքին գաւառների (տես՝ նկար 3)։
* * *
Օսմանեան քարտէզներում, մինչեւ 1880-ականի կէսերը, նշւում էր Հայաստանի անունը, իսկ Անդրկովկասի 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի վարչատարածքային բաժանումներում չէր յիշատակւում Հայաստանը։
Այսպիսով Հ. Յ. Դաշնակցութեան համար անհրաժեշտութիւն էր համարւում ճշտորոշել Միացեալ Հայաստանի քաղաքական քարտէզը, մանաւանդ այն հանգամանքից ելնելով, որ նա ձգտում էր իրականացնել Օսմանեան Հայաստանի ինքնավարութիւնը մէկ կողմից եւ միւս կողմից՝ Անդրկովկասի ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութիւնը, իր էթնօգրաֆիկական հիմունքներով եւ տեղական լայն ինքնավարութեամբ օժտւած աւտօնոմ (ինքնավար, ինքնիշխան) ԿԱՆՏՕՆ-ներով, այդ թւում՝ նաեւ ՌՈՒՍԱՀԱՅԱՍՏԱՆ-ով։
Հ. Յ. Դաշնակցութեան 3-րդ Ընդհանուր ժողովը գումարւեց 1904 թ. սկզբին եւ որոշում ընդունեց Կովկասեան յեղափոխական շարժմանը ՀՅԴ շարքերի եւ մարմինների մասնակցութեան մասին։ Սոյն որոշման լոյսի տակ 1905 թ. յունիսին կայացաւ ՀՅԴ Կովկասեան Ռայոնական ժողովը, ուր որդեգրւեց գործունէութեան լրացուցիչ մի ծրագիր, որն յայտնի է, որպէս՝ «Կովկասեան նախագիծ»։
Այս նախագծով առաջադրւում էր. «1. Ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութիւն Անդրկովկասի համար, հիմնւած ընդհանուր, հաւասար, ուղղակի եւ գաղտնի ձայնատւութեան (քւէարկութեան) վրայ»,- ապա եւ ամրագրւում էր այն, որ. «11. Անդրկովկասը բաժանւում է գաւառների, որոնք վայելում են ամենալայն տեղական ինքնավարութիւն: Գաւառների սահմանները գծագրելիս՝ ի նկատի պիտի առնել ազգաբնակութեան ցեղագրական (տպագրական այլ տարբերակներում նշւած է՝ ազգագրական- Կ.Խ.) եւ կուլտուրական կազմը, ըստ կարելւոյն միաձոյլ համախմբումներ կազմելու համար»։
ՀՅԴ քաղաքական սոյն պահանջին դէմ էին հայ մարքսիստները իրենց երեք գլխաւոր հոսանքներով՝ «Ռուսական Սոցիալ-դեմոկրատական Բանւորական կուսակցութեան» մենշեւիկ ու բոլշեւիկ հատւածները եւ «Սոցիալ-դեմոկրատական Բանւորական հայ կազմակերպութիւն»-ը (սպեցիֆիկները)։ Իսկ հայ ԷսԷռ-ները, ելնելով մայր գաղափարակցութեան՝ Ռուսաստանի սոցիալիստ յեղափոխական կուսակցութեան նպատակային հիմադրոյթներից, թէեւ տեսականօրէն ընդունում էին Անդրկովկասում ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութիւն ստեղծելու գաղափարը, այդուհանդերձ խիստ պասիւ էին Դաշնակցութեան տւեալ պահանջատիրութեան նկատմամբ, նրա մէջ տեսնելով՝ մրցակցին կրեդիտներ տալու սխալ քայլ։
Հայ մարքսիստ, սպեցիֆիկ սոց-դեմոկրատ, բժիշկ՝ Տիգրան Իսախանեանը, Genosse ծածկանւամբ, գրում էր. «Հայ իրականութեան մէջ գործող քաղաքական կուսակցութիւններից Դաշնակցութիւնը իր minimum ծրագրի մէջ մտցրած ունի Անդրկովկասի ֆեդերացիայի խնդիրը: Մինչդեռ սրան հակառակ դիրք է բռնած Սոցիալ-դեմոկրատ կուսակցութիւնը, մասնաւորապէս ՍԴԲ Հայ կազմակերպութիւնը, որը Ռուսաստանի ապագայ քաղաքական կազմի նկատմամբ իրագործելի ու միանգամայն բաւական է համարում, պրոլետարիատի դասակարգային շահերի տեսակէտից տեղական ու շրջանային լայն ինքնավարութիւնը»:
Մի այլ հայ մարքսիստ, բոլշեւիկամէտ սոցիալ-դեմոկրատ՝ Աշոտ Աթանասեանը, նոյն ինքը «Զանգակ»-ն, իր դաւադրութեան տեսութեամբ բուռ քննադատութիւն էր հնչեցնում Դաշնակցութեան հասցէին, ասելով, որ. «Դաշնակցութեան ֆեդերացիան ազգային է լինելու… Ահա որտեղ է թաղւած շունը՝ այս նոր գաւառների մէջ, եւ կարող է լինել այնպէս, որ ողջ Անդրկովկասը կը սկսւի բաժանւել նոր ադմինիստրատիւ գաւառական մասերի այս կամ այն ազգին պատկանող ազգաբնակչութեան համեմատ, որով եւ հրապարակ կը գայ կռւախնձորը, որը այնպէս գաղտնի է պահում դաշնակցութիւնը իր «ամենալայն տեղական ինքնավարութիւն» բառերի վերմակի տակ»։
«Միայն եւ միայն,- եզրակացնում էր Աթանասեանը,- համառուսական հիմնադիր ժողովը իրաւունք ունի դնելու այդպիսի խնդիրներ, քննադատելու, առաջարկելու եւ լուծելու այնպէս, որպէս որ այդ կը համապատասխանի ողջ պետութեան եւ նրա մէջ ապրող ազգութիւնների շահերին եւ առաջադիմութեանը՝ որպէս ռուս քաղաքացիների… Սա է այն միակ, այն ուղիղ, այն հարազատ ճանապարհը, որով գնալու է ամէն մի զուտ յեղափոխական կուսակցութիւն, որը յետին մտքեր չունի, որը չէ ուզում «պօլիտիկոսութեամբ» պարապել։ Իսկ Դաշնակցութիւնը ամենից շատ եւ ամենից հեշտ պոլիտիկոսութիւնով է պարապում» ։
Սպեցիֆիկներն առաւել տրամաբանական էին իրենց քննադատութիւններում։ Նոյն Տիգրան Իսախանեանը կամ Genosse-ը շատ պարզ հարց էր բարձրացնում. «Նախ մի նկատողութիւն. ամիսներ ու տարիներ անցան այն օրւանից, երբ Դաշնակցութիւնը ծնեց իր այդ հռչակաւոր Անդրկովկասեան կանտօնները, բայց այս ամբողջ ժամանակամիջոցում սա չկարողացաւ մեզ տալ մի քարտէզ, որի վրայ նա Անդրկովկասը բաժանած լինէր ըստ իր բարեհաճ հայեցողութեան մի քանի տասնեակ կամ հարիւր կանտօնների: Դաշնակցութիւնը այդ մինչ օրս ոչ միայն չարաւ, այլ այսօր էլ հեռացնում է իրանից այդ պարտականութիւնը… Նա չկարողացաւ մինչ այսօր ասել, թէ որոնք են այդ կանտօնները, որպէսզի կարելի լինէր քննել նրանց իրագործւելու հաւանական լինելը: Կրկնում ենք, որ այս տեղի է ունենում մի հարցի վերաբերեալ, որի ամէն մի մանրամասնութիւնը նա արդէն վաղուց պիտի պարզած լինէր»:
Սակայն ՀՅԴ-ի համար Անդրկովկասի վերաբաժանումների ճշտորոշման եւ դրանից բխող կոնկրետ առաջադրանքի ձեւաւորման հարցը, այլեւայլ բարդութիւններից բացի, կախում ունէր մէկ այլ հանգամանքից նաեւ։ Անդրկովկասի վերաբերեալ ծրագրային մինիմալ պահանջը պէտք է հաստատւէր կուսակցական բարձրագոյն ժողովում, ինչին սպասում էին դաշնակցական տեսաբանները։
Հայ մարքսիստ, սպեցիֆիկ սոց-դեմոկրատ՝ Դաւիթ Անանունն աւելի ուշ գրում էր. «Այս հեռանկարի դիմաց, որ միջցեղային կռիւ ու անհամաձայնութիւն էր, հայ մարքսիստները դէմ էին արտայայտւում Անդրկովկասի ֆեդերացիային։ Բայց մարքսիստների կարծիքը պարտադիր չէր դաշնակցականների համար, եւ նրանք շարունակեցին Ռուսական Հայաստանի տեղն ու դիրքը որոշել»։
ՀՅԴ 4-րդ Ընդհանուր ժողովը գումարւում է Վիեննայում, 1907 թ. փետրւար եւ մարտ ամիսների ընթացքում։ Այդ ժողովում ընդունւում է նոր ծրագիր, իր մաքսիմալ (ընդհանուր տեսութիւն) եւ մինիմալ (քաղաքական պահանջներ, տնտեսական պահանջներ) բաժիններով։ Քաղաքական պահանջների Անդրկովկասի մասով անփոփոխ է մնում ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութիւն առաջադրանքը, սակայն ի տարբերութիւն «Կովկասեան նախագծի» 11-րդ յօդւածի, նոր ծրագրում, ըստ հետեւեալի, ընդունւում է երկու յօդւած, որտեղ ԳԱՒԱՌ-ների փոխարէն առաջ է քաշւում ԿԱՆՏՈՆ-ների գաղափարը. «8) Անդրկովկասեան Հանրապետութիւնը բաժանւում է կանտոնների, որոնք վայելում են տեղական լայն ինքնավարութիւն: Համայնքները նոյնպէս վայելում են ինքնավարութիւն՝ զուտ համայնական խնդիրներում: 9) Կանտոնների սահմանները որոշելիս պէտք է նկատի առնել ազգագրական, տեղագրական եւ կուլտուրական առանձնայատկութիւնները, ըստ կարելոյն միաձոյլ համախմբումներ կազմելու համար»։
Այսպիսով «ցեղագրական եւ կուլտուրական»-ին փոխարինեցին «ազգագրական, տեղագրական եւ կուլտուրական առանձնայատկութիւնները», որպէս վերաբաժանման տեսական հիմունքներ։
Նոր ծրագրում ամրագրւած Կանտոնների սահմանագծման գործում թերեւս առաջին քայլը կատարել է Գարեգին Խաժակը, ով իր «Դէպի ֆեդերացիա» աշխատութիւնում, վիճակագրական զանազան տւեալները քննութեան ենթարկելով եւ Անդրկովկասի քարտէզը նոր սահմանաբաժանումներով ձեւափոխելով, ընդհանուր գծերով բնորոշել է ռուսական Հայաստանը։ «Ախալցխայի գաւառի հարաւային մասը,- գրել է նա,- Գանձակի եւ Թարթառի կամ Ջիւանշիրի գաւառների լեռնային մասերը, Շուշու եւ Զանգեզուրի գաւառները, հետը միացրած Ջիբրայէլի հայկական շրջանը, Նոր Բայազէտի, Երեւանի, Էջմիածնի եւ Ալեքսանդրապոլի գաւառները, Կարսի եւ Կաղզւանի շրջանները, Շարուր-Դարալագեազի եւ Նախիջեւանի գաւառների լեռնային մասերը։ Այս շրջանը կազմում է մի ամբողջական բնակավայր, որի մէջ մօտաւորապէս 55-65 առ հարիւրը կազմում են հայերը»։
Խաժակի սահմանագծած անդրկովկասեան Հայաստանում այդ ժամանակ ապրում էին 6-7 հարիւր հազար հայեր, այսինքն՝ Անդրկովկասի 1.312.000 հայերի ստւար մասը։ Իսկ վրացիները եւ թաթարներն էլ մեծամասնութիւն են կազմում իրենց ազգային տերիտորիալ սահմաններում:
ՀՅԴ գործիչ, մտաւորական՝ Արտաշէս Աբեղեանն այսպէս է գնահատել Գարեգին Խաժակի կատարած գործը. «Իր աշխատութեան մէջ Խաժակը արծարծել եւ պաշտպանել է մի տեսակէտ, մի սկզբունք, որ յետագային հրապարակ եկաւ աւելի սուր կերպարանքով, որի յաջող լուծումը համարւեց միակ գրաւականը՝ անդրկովկասեան ժողովուրդների խաղաղ համակեցութեան, քաղաքական միութեան համար»։
Խաժակի աշխատութեանն առընթեր, ՀՅԴ գործիչ, գաղափարախօս Եղիշէ Թոփչեանը եւս անդրադարձել է Անդրկովկասեան ֆեդերացիայի հարցին եւ իր հռետորական հարցադրմամբ վերնագրւած՝ «Արդեօք հնարաւո՞ր է ֆեդերացիան» յօդւածում, տալիս է վիճակագրական պատկերներ Հարաւային Կովկասի հայաբնակ շրջաններից. «… Վերջին վիճակագրական տեղեկութիւններից երեւում է, որ միայն Կովկասում 1,312,000 հայ կայ, այն է.
«1. Երեւանի նահանգում 510.975
«2. Կարսի նահանգում 92.497
«3. Բաթումի նահանգում 27.670
«4. Քութայիսի նահանգում 3.824
«5. Բաքւի նահանգում 88.520
«6. Սեւ Ծովեան նահանգում 7.689
«7. Թիֆլիսի նահանգում 265.985
«8. Գանձակի նահանգում 309.858
«9. Դաղստանի նահանգում 3.066
«10. Զաքաթալի նահանգում 2.500
«Ընդամէնը 1.312.584
«Նոյն այդ տեղեկութիւնների համեմատ,- շարունակում է նա,- հայերը բացարձակ մեծամասնութիւն են կազմում հետեւեալ գաւառներում.
«1. Ալեքսանդրապոլի գաւառում 135,004
«2. Նոր-Բայազէտի գաւառում 82,815
«3. Էջմիածնի գաւառում 86,069
«4. Կարսի գաւառում 31,375
«5. Կաղզւանի գաւառում 24,391
«6. Ախալքալաքի գաւառում 56,562
«7. Բորչալուի գաւառում 47,053
«8. Շուշիի գաւառում 59,231
«9. Զանգեզուրի գաւառում 77,986
«10. Ղազախի գաւառում 44,411
«Ընդամէնը 645,197
«Դա թէեւ մի ուրւագիծ է, որ կարօտ է ուղղումների ու մշակման, բայց եւ այնպէս գալիս է պատասխանելու մեր դրած հարցին, թէ «արդեօք հնարաւո՞ր է ֆեդերացիան»։ Այո հնարաւոր է նա եւ անհրաժեշտ՝ ազգային ամէն տեսակի անարդարութիւններ ու անհաւասարութիւններ վերացնելու եւ բոլոր այլացեղ ժողովուրդների անկաշկանդ զարգացումը ապահովելու համար։
«Inter arma silent ieges – զէնքերի շաչիւնից լռում են օրէնքները, ասում է լատինական առածը, որ այնպէս ճշտօրէն բնորոշում է մեր իրականութիւնը: Այո՛, զէնքերի շաչիւնով, ֆիզիկական կոպիտ ուժով կարելի է լռեցնել ամէն ինչ, բայց կորստաբեր է այդպիսի լռութիւնը: Պետութեան ոյժը դրա վրայ յենւած չպէտք է լինի, այլ ազատութեան ու հաւասարութեան անխորտակելի պատւանդանի վրայ…
«Ֆեդերացիան,- եզրակացնում է Թոփչեանը,- այդ պատւանդանի խոշոր անկիւնաքարերից մէկն է, ուստի եւ պէտք է ձգտել նրա իրականացմանը»:
Իսկ ՀՅԴ մտաւորական, գործիչ եւ ղեկավար մարմինների անդամ Աւետիք Շահխաթունեանը, ում Հայաստանի սահմանագծման նշանակալի գործունէութեանը դեռ կանդրադառնանք, իր «Ֆեդերալիզմ եւ դեմոկրատիա» աշխատութեան մէջ, վիճակագրական ամփոփ պատկերացում է տալիս Անդրկովկասի էթնոգրաֆիկական կազմի վերաբերեալ. «… Երեւանեան նահանգի մեծ մասը, Թիֆլիզի նահանգից՝ Ախալքալաքի, Ախալցխայի, Բորչալուի գաւառների մեծ մասը, Գանձակի, Ղարաբաղի լեռնաշղթայի Երեւանի սահմանին յենող մասերը ներկայացնում են մի շարք գաւառներ, որտեղ հայ ազգաբնակութիւնը 90, 80, 65/%-ն է կազմում»:
Հ. Յ. Դաշնակցութեան տերիտորիալ որոնումների մասին առանձին մի այլ արտայայտութիւն է հրապարակւել ՀՅԴ քաղաքական գործիչ, Ռուսաստանի պետական երկրորդ Դումայի պատգամաւոր՝ Սիրական Տիգրանեանի միջոցով, 1910 թ., ռուսերէն յօդւածի մէջ, ուր նա լայն քննութեան է ենթարկում հայերի վիճակն ու զբաղեցրած բնակավայրը Անդրկովկասում։ Սոյն յոյժ կարեւոր յօդւածը տպագրւել է Կաստելիանսկիի խմբագրած (Ազգային շարժման ձեւերը ժամանակակից պետութիւններում) վերտառութեամբ հաւաքածոյի «Հայերը» գլխի տակ։ Տւեալ յօդւածում Տիգրանեանը փաստօրէն կոնկրետ սահմանների մէջ էր ամփոփում ռուսահայաստանը, թէեւ հէնց սկզբից շեշտում է, որ հայերը Ռուսաստանում հարց չեն բարձրացնում տերիտորիալ աւտոնոմիայի ուղղութեամբ:
«Ընդհանուր մարդահամարի տւեալներով,- գրում է Սիրական Տիգրանեանը,- 1897 թ. Ռուսաստանում կար 1,173,471 հայ։ Դրանցից հիմնական զանգւածը կենտրոնացած է հարաւային Կովկասում։ Կովկասում ապրող 1,120,000 հայերից միայն 31 հազարն է բնակւում հիւսիսային Կովկասում (1897 թ.)։ Անդրկովկասի միւս երկու նշանակալից ազգութիւնների՝ վրացիների եւ թաթարների համեմատութեամբ, հայերն առաւել ցրւած ազգն են։ Այնուամենայնիւ, մենք հնարաւորութիւն ունենք ուրւագծելու հայ բնակչութեան շարունակական տարածքն, իր թւային գերակշռութեամբ, մի կողմ թողնելով գոյութիւն ունեցող վարչատարածքային ֆորմալ բաժանումները, որը քիչ է համապատասխանում ցեղային իրական սահմաններին»։
«Հայ բնակչութեան կենտրոնը Երեւան գուբերնիան է։- Շարունակում է Տիգրանեանը,- Այստեղ է գտնւում Կովկասի ողջ հայութեան կէսից մի փոքր պակաս մասը, որը կազմում է նահանգի բնակչութեան 55%-ը (գուբերնիայում թաթարները կազմում են մօտաւորապէս 38%, քրդերը՝ 6%)։ Երեւան նահանգի շուրջը, որպէս հայերի ամենամեծ կենտրոն, գտնւում են բոլոր կողմերից անմիջապէս նրան կից՝ շարունակական շերտեր՝ ազգագրականօրէն հայկական տարածքներ՝ Ելիզաւէտպոլի եւ Թիֆլիսի նահանգների եւ Կարսի շրջանի հարեւանութեամբ։ Ելիզաւէտպոլ նահանգը կը բաժանւի երկու մասի՝ ազգագրական կազմով միմեանցից կտրուկ տարբերւող. արեւելեան եւ հիւսիսային (հարթավայրային եւ Կուռ) գօտին գրեթէ բացառապէս բնակեցւած է թաթարներով, ամբողջ արեւմտեան եւ հարաւային, այսինքն՝ յարակից Երեւան գաւառին, որը լեռնային եւ նախալեռնային հայերի գերակշռող տարածքն է, ուր հայերը կազմում են տեղի բնակչութեան աւելի քան 70%-ը: Թիֆլիսի նահանգում հայերը հիմնականում բնակւում են նրա հարաւ-արեւմտեան հատւածում։ Այս գաւառի բնակչութեան 230 հազար մարդուց հայերից կազմում են 200 հազարը, որոնք կենտրոնացած են այստեղ՝ կազմելով հայ ժողովրդի գերակշռութեան գօտի Երեւան նահանգին անմիջապէս կից Ախալքալաքի եւ Բորչալուի շրջանները, ինչպէս նաեւ Թիֆլիսի հարաւային եւ արեւելեան Ախալցխայի գաւառը։ Ախալքալաքի գաւառում հայերը կազմում են ողջ բնակչութիւնը, Բորչալուի մէջ 35%-ը (թաթարներ 30%-ը, վրացիներ 5%-ը եւ ռուսներ 6%-ը)։ Թիֆլիսի գաւառում ապրող 16 հազար հայերից աւելի քան 14 հազարը կենտրոնացած են նրա արեւմտեան մասի հարաւային գօտու՝ Բորչալուի գաւառի կից տարածքում: Կարսի օբլաստը ցեղային կազմով ամենատարբերն է Հարաւային Կովկասում։ Այստեղ ամենաշատը հայերն են (25%) եւ թուրքերը (21%)։ Եթէ նայենք շրջանի առանձին հատւածներին, ապա կը ստացւի, որ թուրքերի հիմնական մասը կենտրոնացած է արեւմտեան շրջանում (Օլթիի եւ Արտահանի շրջաններ-օկրուգներ)։ Հայերը հիմնականում գտնւում են արեւելքում (Կարս եւ Կաղզւան գաւառներ), որոնք կտրուկ գերակշռում են այլ ազգութիւնների նկատմամբ (այստեղ հայերը կազմում են 35%, իսկ մնացած 65%-ը բաժանւած է՝ քրդերի՝ 19%, յոյների՝ 12%, ռուսների՝ 11%, թուրքերի՝ 8% եւ այլն)»:
«Իսկ Կարսի մարզի հայկական այս հատւածը,- ամրագրում է Տիգրանեանը,- արեւմուտքից ուղղակիօրէն յարում է Երեւան նահանգին՝ նրա հետ կազմելով մէկ շարունակական տարածք՝ գերակշռող հայ բնակչութեամբ։ Այսպիսով, Անդրկովկասի կենտրոնական մասում առաջանում է աշխարհագրական առումով կոմպակտ, շարունակական տարածաշրջան՝ հայ ժողովրդի թւային գերակշռութեամբ։
Այնուամենայնիւ, համեմատած հարաւային Կովկասի երկու այլ ազգային շրջանների՝ վրացական հիւսիս-արեւմուտքում եւ թաթարական հարաւ-արեւելքում, ռուսաստանեան Հայաստանը դեռեւս ամենատարբերն է բնակչութեան ազգագրական կազմով»։
«Ընդհանուր առմամբ,- եզրակացնում է Տիգրանեանը,- ռուսական Հայաստանը՝ զբաղեցնելով մօտ 70,000 քառակուսի վերստ (մօտաւորապէս՝ 79,000 քկ.-Կ.Խ.) տարածք, ըստ վերջին վիճակագրական տւեալների, ունի մօտաւորապէս երկու միլիոն բնակչութիւն, որոնցից զգալիօրէն աւելի քան մէկ միլիոնը՝ մօտ 55%-ը, հայեր են (Ռուսաստանի հայութեան ողջ բնակչութեան մօտ 70%-ը)։ Հայերից յետոյ յաջորդ ամենամեծ ազգը թաթարներն են, որոնք կազմում են տեղի բնակչութեան 28%-ը»:
Ի տես նման մօտեցումների, սպեցիֆիկ սոցիալ-դեմոկրատ՝ Դաւիթ Անանունը, ֆեդերացիայի գաղափարին կատեգորիկ հակառակ լինելով հանդերձ, տարիներ յետոյ բարձր գնահատեց Տիգրանեանի վերոյիշեալ գիտական յօդւածը, ասելով, որ. «Սա ազգահաւաքման այն ձեւերից մէկն էր՝ որ հայրենիքի եւ նրա պետականութեան գործերին մասնակից էր անում ազգի 2/3-ին»:
Նշենք, որ 1910-ականների կէսին մասնակի փոփոխութիւններ տեղի ունեցան Անդրկովկասի վարչատարածքային բաժանումների մէջ։ Այսպէս. Բաթումիի եւ Արդուինի օկրուգները միացւում եւ կազմում են Բաթումիի օբլաստը, եւ Անդրկովկասի կազմին աւելացւում էին Չերնամորսկի (Սեւ ծովեան) գուբերնիան եւ Դաղստանի օբլաստը (տես՝ նկար 4)։
Իհարկէ այս փոփոխութիւնները էակապէս փոփոխութեան չէին մատնում Ռուսական Հայաստանի աշխարհագրական դիրքը։
* * *
1916 թ. մահացաւ Կովկասի փոխարքայ՝ Կոմս Իլլարիոն Իւանովիչ Վորոնցով-Դաշկովը եւ Ցարի կողմից Կովկասի կուսակալ նշանակւեց՝ Մեծ դուքս Նիկոլայ Նիկոլաեւիչ Ռոմանով կրտսերը։ Նրա կուսակալութեան շրջանում քննարկւել է Կովկասում զեմստւօ (տեղական ինքնակառավարման համակարգ) մտցնելու հարցը, որի համար էլ 1916 թ. Թիֆլիսում հրաւիրւել է շրջանային (ծայրամասային) ժողով։
Նոյն թւականի յունւարի 8-ին մինիստրների խորհուրդը պէտք է քննարկէր Անդրկովկասում զեմստւօի կարգեր հաստատելու խնդիրը, որ առաջադրւել էր Պետական Դումայի 72 պատգամաւորների կողմից: Այս մասին Կովկասի կուսակալը մինիստրների նախագահին ուղղած իր նամակում հետեւեալ կարծիքն է յայտնում. «Ծանօթանալով իմ կառավարութեան յանձնած երկրի վիճակին՝ ես համոզւեցի, որ ժամանակն է Անդրկովկասում զեմստւային հիմնարկութիւններ մտցնել որոշ իրաւունքներով ու պարտականութիւններով. բնակչութեան անհրաժեշտ ինքնաշխատութեան հասունութիւնը՝ տնտեսական եւ այլ տեղական շահերի ըմբռնման շրջանակում՝ արդէն նկատել է իմ նախորդը (Վորոնցով-Դաշկովը-Կ.Խ.)»։
«Նրա օրով,- շարունակում է Նիկոլայ Նիկոլայեւիչ կրտսերը,- սկսւել են նախնական աշխատանքներն այդ ուղղութեամբ, որոնք շարունակւում են եւ կաւարտւեն շուտով, որից յետոյ միայն կը պարզւի զեմստւօի ձեւը։ Վերջացնելով նամակս՝ ես միանգամ եւս կամենում եմ պնդել, որ Անդրկովկասում զեմստւօ մտցնելը համարում եմ առաջնակարգ կարեւորութիւն ունեցող խնդիր եւ միջոցներ ձեռք կառնեմ արագ մշակելու բարենորոգութիւնը» :
1916 թ. ձմռանը Թիֆլիսում Կովկասի Փոխարքայի հրաւէրով տեղի ունեցաւ խորհրդակցութիւն Անդրկովկասեան Զեմստւօի խնդիրը քննարկելու նպատակով։ Յայտնի է, որ այդ խորհրդակցութիւնը, իր կանխորոշւած կազմով, բաժանւած է եղել երկու տեսակէտի՝ մեծամասնութիւն եւ փոքրամասնութիւն: Մեծամասնութիւնը բաղկացած էր թուրք բէկերից եւ վրացի ազնւականներից, իսկ փոքրամասնութիւնը՝ գլխաւորապէս քաղաքաբնակ ազգաբնակութեան եւ առեւտրա-արդիւնաբերական շրջանների ներկայացուցիչներից, համարեայ բոլորն էլ հայազգի։ Հայերից այդ խորհրդակցութեանը մասնակցում էին Արտեմի Փիրալեանը, Ալեքսանդր Խատիսեանը եւ Վերմիշեանը:
«Բացակայում էին բուն գիւղացիութեան ներկայացուցիչները: – Գրում էր ՀՅԴ պաշտօնաթերթ «Հորիզոն»-ի խմբագրականը,- ուրիշ խօսքով՝ խորհրդակցութեանը մասնակցելու եւ իր ձայնը լսելի դարձնելու հնարաւորութիւնից զրկւած էր այն հոծ ազգաբնակութիւնը, այն տարրը, որին նախ եւ առաւելապէս, եթէ չասենք բացառապէս, վերաբերելու է նկատի առնւած ռեֆորմը»:
Այդ ժամանակ Անդրկովկասի շուրջ վաթսուն օկրուգներից եւ ոյեզդներից (գաւառներից) միայն եօթում էին հայերը մեծամասնութիւն կազմում։ Խորհրդակցական ժողովը որոշեց բաժանումները բարեփոխել այնպիսի ձեւով, որ հայաշատ գաւառները միացւին եւ այդպիսով աւելանայ հայկական գաւառների թւաքանակը: Ձեւաւորւեց սահմանագծման մի յանձնաժողով, որի կազմում էին Փիրալեանը, Աւետիք Շահխաթունեանը, Գէորգ Խատիսեանը եւ Վերմիշեանը : Սոյն յանձնաժողովի մշակած նախագծում Ղարաբաղը, Լոռին եւ Ախալքալաքը նկատի էին առնւել հայկական նահանգների կազմում: Նշենք, որ սոյն նախագիծը, հետագայում հիմք հանդիսացաւ Անդրկովկասի նոր սահմանագծման ՀՅԴ նախագծի, որը ներկայացւեց 1917 թ. Ռուսական մեծ յեղափոխութիւնից յետոյ իշխանութեան անցած Կերենսկու կառավարութեան ներքին գործերի նախարարութեանը: Այս մասին դեռ կանդրադառնանք հանգամանօրէն։
Խորհրդակցութիւնների ընթացքում վրաց ազգայնականները անհանգստացած էին, առ այն, որ գալիք զեմստւոյական համակարգը կարող է յանգեցնել անդրկովկասեան նահանգների եւ գաւառների վարչական նոր բաժանումների, յարմարեցւելով գիւղատնտեսական եւ ցեղագրական պայմաններին: Վրացի եւ թաթար նացիոնալիստների դրութիւնը այդ տեսակէտից բաւական խախուտ էր, նրանք չէին կարողանում ապացուցել, թէ օրինակ Ախալքալաքը կամ Լոռին տնտեսական եւ սոցիալական յարաբերութիւնների առումով նմանութիւն ունեն վրացական գաւառներին, կամ Ղարաբաղի լեռնային տնտեսութիւնը նոյնն է, ինչ Նուխու եւ առհասարակ Կուրի տափաստանների, գիւղատնտեսական միջավայրը: Նրանց պէտք էր զանազան խարդաւանքներով պահպանել մինչ այդ առկայ վարչատարածքային անարդար բաժանումները եւ վրացա-թաթարական գերիշխանութիւնը հայահոծ գաւառների վրայ։
Նշեալ խորհրդակցական հանդիպմանը քննարկւած թեմաները կուսակալ Նիկոլայ Ռոմանովի կարգադրութեամբ փոխանցւում են Կովկասի փոխարքայի դիւանատան յատուկ յանձնաժողովին՝ Անդրկովկասեան Զեմստւոյի օրինագիծը պատրաստելու նպատակով։ Օրինագիծը պատրաստւեց հաշւի առնելով բացառապէս մեծամասնութեան, այսինքն վրացի ազնւականների եւ թաթար բեկերի կարծիքը, եւ ամբողջապէս ի վնաս Անդրկովկասի ողջ ազգաբնակութեան զգալի մասը կազմող հայութեան։
Հին բաժանումներում եւ քւէրկութեան համակարգում մի քանի մասնակի միջամտութիւններով, նախագիծը առաջադրում էր այնպիսի վիճակ, ուր լաւագոյն դէպքում հայերը մեծամասնութիւն կունենային միմիայն երեք գաւառներում՝ Ալեքսանդրապոլում, Էջմիածնում եւ Նոր Բայազէտում (Սեւանի աւազան)։ Իսկ Երեւանի նահանգում, ուր հայութիւնը մեծամասնութիւն էր կազմում, նահանգական գեմստւային ժողովում ներկայացւած պէտք է լինէր շատ համեստ փոքրամասնութեամբ: Հայերը բնաւ ներկայացուցչութիւն չէին ունենալու Շարուր-Դարալագեազի (Վայք եւ Հայոց Ձոր) եւ Նախիջեւանի գաւառական զեմստւային ժողովներում, եւ միայն մի աննշան փոքրամասնութիւն կը կազմէին Սուրմալուի եւ Երեւանի գաւառական ժողովներում: Այսպէս էր նախատեսւած դեռ Երեւանի նահանգում, ուր հայութիւնը կազմում է մեծամասնութիւնը:
Վիճակը շատ աւելի վատ էր միւս նահանգներում եւ նրանց գաւառներում։ Օրինակ Թիֆլիսի նահանգի կազմի մէջ Ախալքալաքի գաւառում, ուր հայ տարրը կազմում էր բնակչութեան 2/3 մասը, զեմստւային ժողովում ներկայացւելու է իբրեւ փոքրամասնութիւն։ Իսկ Գանձակի նահանգում, ուր ապրում էին մօտ 400 հազար հայ եւ 700 հազար մահմեդական, հայերը անկախ իրենց պատկառելի թւից, չէին ունենալու եւ ոչ մի ներկայացուցիչ նահանգական եւ վեց գաւառական զեմստւային ժողովներում:
Շուշիի եւ Զանգեզուրի գաւառական ժողովներում էլ նրանք, չնչին փոքրամասնութիւն էին կազմելու, չնայած որ Շուշիի գաւառում հայերը կազմում էին բնակչութեան մօտ 53%-ը, իսկ Զանգեզուրի գաւառում համարեայ՝ կէսը:
Արդիւնքում վրացիները մեծամասնութիւն կը կազմէին Թիֆլիսի, Քութայիսիի, Բաթումիի եւ Սուխումիի նահանգական-շրջանային զեմստւային ժողովներում, եւ Մահմեդականները մեծամասնութիւն կը կազմէին Բաքւի, Գանձակի, Երեւանի, Դաղստանի, հաւանօրէն նաեւ Կարսի նահանգական ժողովներում, ինչպէս նաեւ նրանց բոլոր գաւառական ժողովներում, բացառութեամբ՝ միայն երեքի:
ՀՅԴ մի շարք մտաւորականներ բուռն կերպով հակազդեցին Անդրկովկասեան Զեմստւոյի Նիկոլայ Ռոմանովի օրինագծին։
ՀՅԴ քաղաքական գործիչ, Մանուկ Աբեղեանի կրտսեր եղբայր՝ Արտաշէս Աբեղեանը քննադատում էր փոխարքայի օրինագիծը մայրենի լեզուի անտեսման առումով. «Համաձայն մեր ունեցած տեղեկութեան,- գրում էր Արտաշէս Աբեղեանը,- Անդրկովկասեան Զեմստւոյի բոլոր աստիճաններում եւ բոլոր հաստատութիւներում միակ գործածելին պիտի լինի պետական լեզուն՝ ռուսերէնը։ Գաւառական եւ նահանգական զեմստւային ժողովներում իրաւասուները արտայայտել կարող են իրենց մտքերը, միայն այդ լեզւով. այդ լեզւով առաջ պիտի տարւեն նաեւ վիճաբանութիւնները, արձանագրութիւնները ու ամէն տեսակ գործառնութիւն՝ յարաբերութեանց համար։ Բացառիկ դէպքերում, ըստ օրինագծի, երբ որեւէ իրաւասու չէ կարող իր մտքերը ռուսերէն լեզւով արտայայտել, նրան տրւում է իրաւունք արտայայտւելու մայրենի լեզւով, պայմանով սակայն, որ նրա ասածը անմիջապէս երդւեալ թարգմանի կողմից ռուսերէնի փոխադրւի, որը պիտի մտնի արձանագրութեան մէջ։ Պաշտօնական յարաբերութիւնների եւ գրագրութիւնների մէջ նաեւ չէ արւած եւ ոչ մի բացառութիւն։
«Բացատրելու կարիք չկայ, թէ դրանով ի՞նչ իրաւազուրկ վիճակ է ստեղծւում կովկասեան լեզուների համար եւ թէ ինչ գործնական դժւարութիւնների առաջ պիտի իրեն կանգնած տեսնի, հէնց առաջին օրերից սկսած, նորաստեղծ Անդրկովկասեան Զեմստւօն։ Օրինագծի այս թերութիւնը շօշափում է արդէն անխտիր Անդրկովկասի բոլոր՝ առաւել երեք հայ, վրացի եւ թուրք ազգութիւնների կենսական շահերը։ …Չպէտք է անտեսել կենդանի լեզուները, կենդանի ոյժերը եւ գործօնները»:
ՀՅԴ արեւելեան բիւրոյի անդամ Աւետիք Շահխաթունեանը քննադատում էր փոխարքայի նախագծի խիստ դասակարգային, յետադէմ բնոյթը. «…Կովկասում, արդիւնաբերողներին զատելով հողատէրերից, այնուամենայնիւ, 2-3 գաւառների սակաւ բացառութեամբ, ամենուրեք գերակշռութիւնը արւում է կալւածատէրերին (ասել է ազնւականներին), հանդէպ բազմամիլիոն գիւղացիութեան, որ գերակշռում է ազնւականութեանը թէ՛ հողերի տարածութեամբ, եւ թէ՛ զեմստւային տուրքի քանակով: Ուստի եւ թոյլատրելի է պնդել, որ կովկասեան Զեմստւօն, ըստ իր նախագծի, յետադէմ պէտք է լինի, ոչ միայն 1912 թ. զեմստւօների համեմատ, այլեւ 1890 թ. կանոնադրութեան համաձայն գոյութիւն ունեցող զեմստւօներից շատերի նկատմամբ»:
Նիկոլայ Նիկոլայեւիչ Ռոմանով փոխարքայի դիւանատան յատուկ յանձնաժողովի կողմից պատրաստւած այս անարդար, խտրական եւ յետադիմական օրինագիծը, հակառակ Ալեքսանդր Խատիսեանի բուռն բողոքների եւ առարկումների, վերջնականացաւ 1916 թ. դեկտեմբերի 4-ին, եւ որոշւեց անյապաղ այն ուղարկել մինիստրական խորհուրդ, որը որպէս օրինագիծ այն Պետական Դումայի վաւերացմանը պէտք է յանձնէր 1917 թ. մարտին։ Վրայ հասաւ, սակայն, Ռուսաստանի փետրւարեան յեղափոխութիւնը եւ ցարական բիւրոկրատիայի այս ոչ-հայանպաստ նախաձեռնութիւնն ի չիք դարձաւ:
* * *
1917 թ. մարտի 9-ին լուծարւեց Կովկասի փոխարքայութեան ինստիտուտը եւ նրան փոխարինեց Անդրկովկասեան Յատուկ Կոմիտէն՝ «Օզակոմ»-ը, որին անդամակցում էին Անդրկովկասի երեք ազգութիւնները ներկայացնող Պետական Դումայի հինգ պատգամաւորներ։ Ժամանակաւոր կառավարութեան հռչակած ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքն Անդրկովկասի ազգային-քաղաքական կուսակցութիւններին հնարաւորութիւն ընձեռեց քննարկելու երկրամասի ազգութիւններին հետաքրքրող հիմնախնդիրները, այդ թւում՝ ազգային, ագրարային, սոցիալական եւ յատկապէս վարչատարածքային, որը չափազանց մեծ կարեւորութիւն ունէր:
1917 թ. ապրիլի 6-12-ը տեղի ունեցաւ ՀՅԴ Ռայոնական ժողովը, ուր խորքային ձեւով քննարկւեցին Անդրկովկասի ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութեան ստեղծման խնդիրները՝ Առաջին աշխարհամարտի եւ ռուսական յեղափոխութեան հետեւանքով ստեղծւած աշխարհա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական նոր պայմանների լոյսի տակ։
Այսպիսով Ռուսաստանի Սահմանադիր վերահաս ժողովի գումարմանը ընդառաջ, Ռայոնական ժողովը որոշեց. «…Սահմանադիր ժողովում առաջ մղել կուսակցութեան նւազագոյն ծրագիրն ամբողջովին, ռայոնական ժողովը հրահանգում է ծրագրային բոլոր հարցերը դարձնել գրաւոր եւ բանաւոր պրոպագանդի առարկայ: Իսկ մինչեւ Սահմանադիր ժողովը իրականացնել այն պահանջները, որ չեն կարող սուր պայքար յարուցանել ազգերի եւ հասարակութեան տարբեր խաւերի միջեւ: Այդպիսի պահանջներ ռայոնական ժողովը ճանաչում է՝ 1. Անդրկովկասի վարչական բաժանումների փոփոխութիւնը, որն իրականացնելու համար Արեւելեան Բիւրօն եւ Կ. Կոմիտէները ոչ մի ջանք չպիտի խնայեն»:
Անդրկովկասի վարչատարածքային վերաբաժանման խնդիրը սերտօրէն առնչւած էր զեմստւոյի վերաձեւաւորման հարցին։ Հետեւաբար խնդիրը լուծելու նպատակով Կերենսկու կառավարութիւնը որոշեց ներքին գործերի նախարարութեանը կից կեանքի կոչել տեղական ինքնակառավարման նոր նախագիծը մշակող յանձնախումբ՝ Բ. Վեսելովսկու նախագահութեամբ։
Որոշւած էր, որ տւեալ յանձնախմբի մշակած նախագիծը յանձնւէր Օզակոմին վերջնական եզրայանգման համար։ Թերեւս հէնց այս էր պատճառը, որ Վեսելովսկին առանձին մի հեռագրով ցանկութիւն էր յայտնում Օզակոմին՝ վերջինս յատուկ ներկայացուցչով ներկայ լինէր յանձնախմբի աշխատանքներին ու քննարկումներին:
Օգտւելով առիթից՝ Վեսելովսկին խորհրդակցութեան հրաւիրեց Պետրոգրադում գտնւող անդրկովկասցի գործիչներին՝ Անդրկովկասի զեմստւոյական հարցը քննելու նպատակով: Հայերից այդ խորհրդակցութեանը մասնակցեցին ՀՅԴ գործիչներ՝ Աւետիք Շահխաթունեանը եւ Գէորգ Խատիսեանը, որոնք կարողացան համոզել Վեսելովսկուն զեմստւօ մտցնելուց առաջ Անդրկովկասը ենթարկել վարչական նոր բաժանման:
Այսպիսով քննութեան առարկայ դարձաւ ՀՅԴ առաջարկած նախագիծը, որն իր ընդհանուր գծերով, ըստ Սիմոն Վրացեանի, հետեւեալն էր. «Արեւելեան Անդրկովկասը բաժանւում էր երկու մասի՝ թուրքական եւ հայկական։ Հայկական մասի մէջ մտնելու էին Ղազախ, Գանձակ, Ջիւանշիր եւ Շուշի գաւառների լեռնային հայաբնակ մասերը եւ ամբողջ Զանգեզուրը, բացի Բարգուշատի հովտի մի քանի թուրք գիւղական հասարակութիւններից, որոնք միացւելու էին Կարեագինի թրքական գաւառին: Գանձակ քաղաքը բաժանւելու էր երկու մասի՝ թուրքական եւ հայկական: Ախալքալաքը, Լոռին ու Ծալկայի հայկական մասը պէտք է միացւէին նոր կազմւելիք Ալեքսանդրապոլի նահանգին»: Վեսելովսկուն յանձնած Հ. Յ. Դաշնակցութեան նախագիծը, հակառակ մանաւանդ վրաց կողմի առարկութիւններին, հաւանութեան արժանացաւ Վեսելովսկու յանձնախմբի կողմից եւ ընդունւեց, որպէս կառավարական օրինագիծ:
Նշւած նախագիծը (Անդրկովկասի վարչական վերաբաժանումը եւ զեմստւօն) խորագրով հրապարակւել է (Հայկական լրաբեր հանդէս, Մոսկւա, 1917 թ. դեկտեմբեր)։ Իսկ նախագծի բացատրական գրքոյկը՝ (Անդրկովկասի տարածաշրջանի վարչական վերաբաժանումը) վերնագրով եւ Աւետիք Շահխաթունեանի հեղինակութեամբ, հրատարակւել է, Թիֆլիսում, 1918 թ.։ ՀՅԴ ներկայացրած նախագծի նախաբանում ասւում էր. «Վարչական բաժանումների բարեփոխումը վերջնականապէս հռչակւեց Օզակոմի հրամանագրով, որը նախապայման դարձաւ Զեմստւօ հաստատութիւնների մասին գործող դրոյթները Անդրկովկասի վրայ տարածելու համար։ Վարչական բարեփոխումն ընդգրկում է մի քանի գաւառներ՝ Երեւան նահանգը, Թիֆլիս նահանգի հայերով բնակեցւած հարաւային բաժնի՝ Ախալքալաք եւ Բորչալու գաւառների մի մասը, Ելիզաւէտպոլի նահանգի արեւմտեան, լեռնային մասը եւ Կարսի գրեթէ ողջ օբլաստը։ Այս նորաստեղծ տարածքում,- շարունակում է նախագիծը,- որտեղ մեծամասնութիւն են կազմում ազգութեամբ հայերը, օրինագիծը նախատեսում է ձեւաւորել հայկական երեք նահանգ, ըստ հետեւեալի.
«1. Ալեքսանդրապոլի նահանգ
Հազար մարդ-տոկոս
Գաւառ հայ մուսուլման այլ Ընդամէնը
Ալեքսանդրապոլ 170-83% 22-11% 12-6% 204
Կարս 83-43% 49-25% 61-32% 193
Կաղզւան 35-43% 26-32% 21-25% 82
Լոռի 92-77% 14-12% 14-11% 120
Ախալքալաք 94-79% 10-8% 16-13% 120
Ընդամէնը 474-66% 121-17% 124-17% 719
«2. Գանձակի նահանգ
Հազար մարդ-տոկոս
Գաւառ հայ մուսուլման այլ Ընդամէնը
Քարվանսարա 61-83% 9-11% 4-5% 74
Գանձակ 67-59% 29-25% 18-16% 114
Շուշի 150-70% 58-27% 5-3% 213
Զանգեզուր 88-69% 38-30% 1-1% 127
Ընդամէնը 366-70% 134-25% 28-5% 528
«3. Երեւանի նահանգ
Հազար մարդ-տոկոս
Գաւառ հայ մուսուլման այլ Ընդամէնը
Նոր Բայազետ 100-68% 45-32% 1-1% 146
Նախիջեւան 58-41% 84-58% 1-1% 143
Շարուր 18-19% 80-81% – 98
Էջմիածին 95-72% 36-27% 1-1% 122
Երեւան 154-65% 73-31% 11-4% 238
Ընդամէնը 459-53% 381-44% 26-3% 866
«Տարածքային վերաբաժանումը դեռեւս վարչական է,- ամրագրւել է ՀՅԴ նախագծի աւարտին,- որը հիմք է ստեղծում բոլոր ազգութիւնների տեղական զեմստւային հիմնարկութիւնների ազատ զարգացման համար: Այն կապահովի ոչ միայն իւրաքանչիւր ազգի ազգային ինքնութիւնը, այլեւ ճանապարհ կը հարթի կովկասեան ազգերի մօտակայ պետական ինքնուրոյնութեան, հնարաւոր անկախութեան համար, որը միաժամանակ լայն շրջանակներ է տալիս իւրաքանչիւր ազգի ազգային զարգացմանը։ Այն միեւնոյն ժամանակ կարելիութիւն կընձեռի բոլոր ազգերի իրաւահաւասարութեանը վերաբերող հարցերում՝ ընդհանուր պետական կազմակերպութեան շրջանակում համատեղ գործելու՝ յանուն ընդհանուր եւ հաւասարապէս բոլորին հարազատ նպատակների»:
ՀՅԴ նախագծում «հնարաւոր անկախութեան» շեշտադրումը պատահական երեւոյթ չէր, եւ սկիզբ էր առնում կուսակցութեան մէջ վաղուց ձեւաւորւած Հայաստանի կատարեալ ազատագրման գաղափարից, որը եւ Ռուսաստանի յեղափոխութեան ալիքների վրայ, ինքնարծարծման հնարաւորութիւն էր ստացել՝ ազգային աւտոնոմիայի ձեւաչափով։
ՀՅԴ Ռայոնական ժողովում, 1917 հոկտեմբերի 1-ին, Աւետիք Շահխաթունեանը ստեղծւած իրադարձութիւնների լոյսի տակ, այսպէս էր վերլուծում Անդրկովկասեան ֆեդերացիայի եւ վարչատարածքային վերաբաժանման հիմնահարցերն ու պահանջները եւ դրանք Ռուսաստանի Սահմանադիր ժողովում բարձրացնելու անհրաժեշտութեան հարցը. «Յեղափոխական կուսակցութիւնները երկրի կազմակերպութեան խնդրում բաժանած են եղել երկու մասի, մի մասը ապակենտրոնացման կողմնակիցներ, միւս մասը կենտրոնացման: Հ. Յ. Դաշնակցութիւնը ապակենտրոնացումն է ընդունել իբր պետութեան կազմակերպութեան հիմնարար, որի համար ենթարկւել է ամենախիստ քննադատութեան, նամանաւանդ սոց-դեմոկրատների կողմից: Վերջիններս դեռ 1905 թ.-ին ոչ մի կերպ չէին ցանկանում լսել ապակենտրոնացման մասին, սակայն կեանքը ցոյց տւեց ապակենտրոնացման անհրաժեշտութիւնը եւ Ռուսաստանում գործող բոլոր կուսակցութիւնները՝ թէ ապակենտրոնացման կողմնակիցները, թէ հակառակորդները լռելեան համաձայնեցին այդ գաղափարին եւ այժմս չկայ ոչ մէկը, որը հակառակ խօսի ապակենտրոնացման։ Եթէ ամբողջ Ռուսաստանի համար ընդունւում է ֆեդերատիւ հանրապետութեան գաղափարը, ապա ուրեմն ժամանակ է, որ մենք էլ առաջադրենք Սահմանադիր ժողովի առաջ մեր ծրագրի հիմնական կէտերից մէկը՝ ԱՒՏՈՆՈՄԻԱՅԻ գաղափարը» (ընդգծումը մերն է – Կ.Խ.):
Հէնց այս տիրական գաղափարով էր շարժւում յետյեղափոխական շրջանի դաշնակցութեան ղեկավարութիւնը, այդ թւում ինքն՝ Աւետիք Շահխաթունեանը, ով իր գրքոյկում այսպէս էր բնութագրում. «Ապշեցուցիչ է արեւելեան հարթավայրի եւ հայկական լեռնաշխարհի տոպոգրաֆիկական տարբերութիւնը։ Եթէ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ որոշ տեղերում լինեն անցումային տարածքներ, ինչպէս, օրինակ Բորչալուի եւ Ախալցխայի շրջանները, ապա Հայաստանի եւ Արեւելեան հարթավայրի միջեւ մշտական անցում գրեթէ գոյութիւն չունի: Այս հարթավայրի վերեւում բարձրանում են Հայաստանի ծայրամասային լեռները»:
Հետաքրքրականը այն է նաեւ, որ Շահխաթունեանն իրերը կոչել է իրենց անունով՝ Հայաստան, Վրաստան, իսկ պատմականօրէն գոյութիւն չունեցող «Ադրբեջան»-ը՝ «Արեւելեան հարթավայր»։
«Հայկական լեռնաշխարհը,- գրում է Շահխաթունեանը,- անկախ վարչական բաժանումներից, համախմբւած է։ Ելիզաւէտպոլի նահանգը սակայն զրկւած է արժէքաւոր արդիւնաբերութեան համար անհրաժեշտ բնական պայմաններից։ Օրինակ՝ այնտեղ հնարաւոր չէ գտնել բամբակի արտեր… Միայն Զանգեզուրի գաւառի երկու գետերի խոր կիրճերում կարելի է հանդիպել բամբակի փոքր արտերի։ Մինչդեռ հարթավայրերում կան աւելի քան 46,000 հեկտար բամբակի արտեր։ Նահանգի ողջ հայկական բաժինը հացահատիկ արտադրող երկիր է, ինչպէս Հայկական լեռնաշխարհի միւս բոլոր մասերը։ Թիֆլիսի նահանգի հայկական մասում այլեւս հնարաւոր չէ գտնել բամբակով կամ այլ արժէքաւոր բոյսերով զբաղւած թէկուզ տաս մարդ։ Եւ այս առումով Ախալքալաքն ու Լոռին Երեւան նահանգի եւ Կարսի օբլաստի շարունակութիւնն են»:
Նման խորքային սոցիալ-տնտեսական եւ ազգագրական վերլուծութիւնների հենքի վրայ, ՀՅԴ արեւելեան բիւրոյի անդամը վիճակագրական թարմացւած պատկեր է տալիս առաջադրւող երեք հայկական նահանգների (կանտօնների) համար.
«1. Գանձակի նահանգ
Գաւառ հայ մուսուլման այլ Ընդամէնը
Քարվանսարա 66 (79 %) 14 (16 % ) 4 (5 %) 84
Գանձակ 79 (60 %) 42 (31%) 13 (9 %) 134
Շուշի 150 (71%) 60 (28%) 2 (1%) 212
Զանգեզուր 88 (66%) 46 (34%) 2 (1%) 136
Ընդամէնը 383 (68%) 162 (28 %) 21 (4%) 566
«2. Երեւանի նահանգ
Գաւառ հայ մուսուլման այլ Ընդամէնը
Նոր Բայազետ 107 (60%) 69 (38%) 3 (2 %) 179
Նախիջեւան 58 (42%) 77 (57%) 1 (1%) 136
Շարուր 13 (14%) 78 (86%) 1 (1%) 92
Էջմիածին 130 (71%) 47 (26%) 6 (3%) 183
Երեւան 140 (64%) 70 (32%) 10 (4%) 220
Ընդամէնը 448 (55%) 341 (42%) 21 (3%) 810
«3. Ալեքսանդրապոլի նահանգ
Գաւառ հայ մուսուլման այլ Ընդամէնը
Ալեքսանդրապոլ 176 (92%) 3 (2%) 12 (6%) 191
Կողբ 28 (30%) 21 (29%) 35 (41%) 84
Կարս 83 (43%) 49 (25%) 61 (32%) 193
Կաղզւան 25 (35%) 13 (18%) 33 (47%) 71
Լոռի 86 (77 ) 10 (9%) 16 (14 ) 112
Ախալքալաք 89 (74%) 8 (7%) 23 (19%) 120
Ընդամէնը 484 (63%) 107 (14%) 180 (23%) 771
Երեք նահանգներ 1315 (61%) 610 (28%) 222 (11%) 2147
Գրքոյկում լրացուցիչ հետաքրքրական բացատրութիւն է տալիս դարձեալ Շահխաթունեանն, այն մասին, թէ ինչու Արդահանի եւ Օլթիի օկրուգները չեն բերւել հայկական նահանգների կազմ։ «Մենք անջատեցինք Արտահանի եւ Օլթիի շրջանները,- գրում է նա,- քանի որ դրանք գտնւում են բարձրավանդակի եզրին եւ չունեն հայկական մեծամասնութիւն (129,000 բնակչի դիմաց հայերի թւաքանակը կազել է՝ 8,000 մարդ-Կ.Խ.)։ Բայց եթէ վերցնենք ամբողջ բարձրավանդակն էլ, անկախ քաղաքական մոմենտից, մենք դեռ կունենանք հայութեան բացարձակ մեծամասնութիւն։ Այսպէս նշւած նահանգների ընդհանուր թիւը կը կազմի 2,276,000 մարդ (= 2,147,000 + 129,000), որից հայերի թիւն է՝ 1,323,000 մարդ (= 1,315,000 + 8,000), այսինքն ողջ բնակչութեան 58%-ը»:
ՀՅԴ նախագծում եւ Աւետիք Շահխաթունեանի լրացուցիչ գրքոյկում նշւած հիմնաւորումները հաշւի առնելով, կարելի է առաջադրւած հայկական երեք նահանգները մօտաւոր կերպով պատկերացնել հետեւեալ քարտէզում (տես՝ նկար 5)։
Շատ տեղին էր նկատել տալիս Արտաշէս Աբեղեանն, ասելով որ. «Այս հիմնական միտքն ապացուցելու համար Ա. Շահխաթունեան խնդրին մօտենում է ոչ թէ դիլետանտի աչքով եւ ոչ էլ պոլիտիկոսի դերի մէջ, այլ իբրեւ լուրջ եւ բարեխիղճ ուսումնասիրող՝ մէկ կողմից, եւ միւս կողմից իբրեւ ռէալ, իրատես քաղաքականութեան հետեւող։ Հեշտ չէր ի հարկէ լուծել առաջադրւած խնդիրը Կովկասեան պայմաններում, ուր ուսումնասիրողի առաջ անգամ բաց չէին պատմական վաւերագրերի դիւանները»:
Այս առումով չափազանց մեծ է Շահխաթունեանի կատարածը. «Նա,- գրել է Սիմոն Վրացեանը,- գերազանցապէս տեսական միտք էր։ Անդրկովկասի եւ հայ տնտեսական, ազգագրական, վարչական գործերի ծանօթութեան տեսակէտից նա գրեթէ մրցակից չունէր»:
Նիկոլ Աղբալեանը Շահխաթունեանի մասին ասել է. «Պէտք է յիշատակեմ մեր ընկեր Աւետիք Շահխաթունեանին, զոր կարելի է անւանել Հ. Յ. Դաշնակցութեան իդէալներու ձեւակերպիչը» : Եւ նշում է մի կարեւոր կէտ Շահխաթունեանի կատարած գործի մասին. «Մահը չթողեց, որ նա գրաւոր ձեւակերպում տայ տաճկապատկան Հայաստանի մասին, ինչպէս արել էր իր գրքով ռուսապատկան Հայաստանի վերաբերմամբ»:
Շահխաթունեանի գրքի իրաւա-քաղաքական նշանակութիւնն ապացուցւում է նաեւ Աւետիս Ահարոնեանի Հայոց ազգային խորհրդին ուղղւած, 1918 թ. յուլիսի 23 թւակիր հեռագրից, ուր Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի շրջանակներում ներկայացնելու համար պահանջւում էր, առաջին յարմար առիթով, ուղարկել Ա. Շահխաթունեանի գրքի 10 օրինակ:
Արդէն օրինագծային իրաւական նշանակութիւն ստացած՝ ՀՅԴ նախագիծը ուղարկւեց Թիֆլիս՝ Օզակոմին՝ մէկ ամսւայ ընթացքում վերջնական որոշմամբ յետ վերադարձնելու նպատակով։ Այդտեղ նախագծի քննութիւնը տրւեց մէկ այլ մասնագիտական առանձին յանձնաժողովի՝ Նոյ Ժորդանիայի նախագահութեամբ: Վրացական ազգային-դեմոկրատները շեշտում էին, որ չի կարելի փոխել 1783 թ. Գէորգիեւսկի պայմանագիրը եւ Վրաստանից անջատել Բորչալուի եւ Ախալքալաքի շրջանները։
Այնուհետ բոլշեւիկների հոկտեմբերեան յեղաշրջմամբ, քաղաքական միանգամայն նոր պայմաններում ակնյայտօրէն սրւեցին անդրկովկասեան երեք ազգութեան քաղաքական էլիտաների միջեւ փոխյարաբերութիւնները։
Շահխաթունեանն իր գրքոյկի վերջաբանում, դիպուկ բացատրութիւն է տալիս ՀՅԴ նախագծի ճակատագրի մասին. «Բոլորը գիտեն,- ասում է նա,- որ այս հարցը չի կարելի յետաձգել։ Բայց տարբեր տակտիկական նկատառումներն ու տւեալ քաղաքական իրավիճակի չհասկացւած պայմանները մեզ ստիպեցին յետաձգել այս հարցի լուծումը։ Եւ կարելի է հանգիստ ասել, որ դա տեղի ունեցաւ իրենց «չէզոք ինտերնացիոնալիստ» համարողների մեղքով։ Ժամանակն է, որ նրանք հասկանան, որ ոչ մի մարտավարական քայլ չի կարող հանգստացնել մեր հասարակութեանը, որը այս հարցի լուծումից է ակնկալում նորմալ կեանքի հաստատում եւ միջազգային յարաբերութիւնների բարելաւում,- եւ վերջում հաւաստիացնում է Շահխաթունեանը,- Հայ հասարակութիւնը վարչական վերաբաշխումը համարում է օրինաչափ խնդիր եւ սպասում է դրա լուծմանը»:
Այս բոլորից դատելով, պէտք է ասել, որ Հայաստանի դեմարկացիայի ուղղութեամբ դաշնակցական մտաւորականների եւ գործիչների կատարած ուսումնասիրութիւններն ու քայլերն ունեն պատմա-քաղաքական, գաղափարաբանական եւ իրաւական կոնկրետ կշիռ ու նշանակութիւն։ Այս առնչութեամբ դիպուկ գնահատական է տալիս Դաւիթ Անանունը, ով որպէս երդւեալ մարքսիստ եւ հայկական սոցիալ-դեմոկրատիայի կարկառուն տեսաբան, տարիներ շարունակ քննադատաբար էր մօտեցել ՀՅԴ քաղաքական ձգտումներին՝ Հայաստանի կատարեալ ազատագրման գաղափարներին։
Դաւիթ Անանունի հետեւեալ գնահատմամբ էլ վերջացնում ենք մեր այս համառօտ ուսումնասիրութիւնը. «Ահա այսպէս,- գրում է Անանունը,- ազգաշինութեան գաղափարն ու ծրագիրը Դաշնակցութեան շարքերում նւաճեց ամուր հող: Մի կողմից նա կերպարանաւորւեց իբրեւ ազգային կուլտուրական ինքնօրէնութիւն՝ խարսխւած անձային կապի վրայ, միւս կողմից դարձաւ տերիտորիայի եւ հայրենիքի որոնումն Ռուսական Հայաստանում: Ազգային հարցը յուզական էր հայ ժողովրդի համար։ Մնացած քաղաքական հոսանքները կամ նոր բան չէին ասում նրա հոգուն ու սրտին, կամ հինը կրկնելով, նրա ձգտումները մաշում էին չափաւորութեան ուղիներում, եւ այսպիսով չէին կարողանում տիրանալ նրա հասարակական համակրանքներին։ Միայն Դաշնակցութիւնն էր, որ չէր հրաժարւում որոնումներից եւ ինքնամփոփ հայրենիքի հեռանկար էր բանում հայութեան առաջ»։
«Դրօշակ» թիւ 1 2025 թ.