ԳաղափարականԴաշնակցական Բեմ

Հրանտ Մարգարեանը՝ իրավիճակը փրկելու համար. «Մեզ անհրաժեշտ է միտք, կամք եւ ուժականութիւն»

Ստորեւ ներկայացնում ենք «Կամաւորական շարժում» ՀԿ-ի նախագահ Հրանտ Մարգարեանի խօսքը Մհեր Յարութիւնեանի 50-ամեակին նւիրւած միջոցառմանը:

Համատարած յուսահատութեան մեր օրերում, երբ կորցրել ենք մեր հայրենիքի մէկ մասը՝ Արցախը, երբ իրավիճակը թւում է անելանելի, երբ վտանգւած է արդէն Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, իսկ հայոց պետականութիւնը կանգնած է լինել-չլինելու մարտահրաւէրի առջեւ, Հրանտ Մարգարեանի ելոյթի ոգին հէնց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է այսօր՝ ոտքի կանգնելու, մեր մէջքը շտկելու եւ պայքարելու:

Պայքարելու՝ յանուն հայրենիքի, արժանապատւութեան եւ ապագայի:

Չմոռանա՛նք. ոչինչ աւարտւած չէ:

Պատերազմը շարունակւում է, իսկ վճռական ճակատամարտը դէռ առջեւում է:

ԽՄԲ.

Այսօր մեր Մհերի, մեր ընկերոջ ծնունդն է՝ մենք եկել ենք իրեն այցի: Եկել ենք գլխիկոր, եկել ենք ամօթով: Ամօթով, որովհետեւ մեր տունը կիսատ է: Ամօթով, որովհետեւ Արցախը գերեվարւած է: Ամօթով, որովհետեւ կրկին մեր ժողովուրդը գաղթական է դարձել: Ամօթով, որովհետեւ մեր գօրծը կիսատ է: Մհերի հետապնդած նպատակը առգոյ չէ: Ամօթով ենք, բայց ոչ կոտրւած: Ամօթով ենք, բայց ոչ ընկճւած: Ամօթով ենք, բայց ոչ յուսահատւած:

Մենք գիտակցում ենք, որ պէտք է նորից սկսել, պէտք է նորից ազատագրել, պէտք է նորից կռւել, եւ մեր մէջ վրէժը բոցկլտում է, վրէժի հուրը բոցկլտում է: Մենք մեր ատամները սեղմած ենք պահում եւ միակ յոյսը, որով կարողանում ենք ապրել, որով կարողանում ենք ոտքի կանգնել այն է, որ պայքարը շուտով սկսւելու է, որ մենք կրկին Հայոց լեռներից դէպի տափաստաններ ենք քշելու թշնամուն: Այդ յոյսն է, որ այսօր մեզ կարելի է դարձնում ոտքի վրայ մնալ:

Մհերը կռւի մարդ էր՝ իր կեանքը կռիւն էր, աւելի ճիշտ կռիւը իր կեանքն էր: Նա կռւի մէջ այնպէս էր ինչպէս ձուկը ջրում, նա հերոս էր, բայց դա իր համար առաւելութիւն չէր համարում: Նա հերոս էր, բայց դա չէր ցուցադրում: Նա հերոս էր, բայց իրեն արտօնեալ չէր համարում, համեստ էր մեզանից մէկն էր, աննկատ էր, բայց հերոս էր:

Մհերը պարզ մարդ էր, ամենաբարդ հարցերին նայում էր շատ պարզ, յստակ, ուղիղ եւ ասում էր՝ այս իշխանութիւնները եթէ ուզում են մեր երկիրը փրկել կարող ենք կողք-կողքի լինել, իսկ եթէ չեն ուզում թող մի կողմ կանգնեն, թող չխանգարեն, որովհետեւ եթէ մեզ հետ չեն այս պայքարում ուրեմն մեր դէմ են, մենք ենք իրենց դէմ, քանի որ յանուն հայրենիքի փրկութեան ոչ մի բան ինքնանպատակ չէ: Եւ Մհերն այդ տեսակն էր, որ գիտակցում էր հայրենիքի արժէքը, գիտակցում էր, որ հայրենիքի արժէքը իր կեանքից թանկ է: Եւ Մհերը կասէր այսօր շատ-շատերին, որ ինչ էք կառչել թշնամու ողորմածութեանը, ինչ էք կառչել օտարի գթասրտութեանը, ինչու էք դռնէդուռ ընկել, ինչու էք մեր փրկութիւնը ուրիշ տեղ փնտրում՝ յենւէ՛ք մեր ժողովրդի վրայ, կազմակերպէ՛ք մեր ժողովրդին: Կազմակերպէ՛ք մեր ժողովրդի ռեսուրսը, պայքարի դուրս եկէք, պատրաստւէք կռւի եւ միայն դրա մէջ է փրկութիւնը:

Մեզ երեք բան է անհրաժեշտ՝ միտք, կամք եւ ուժականութիւն:

Միտք, որ ելք գտնենք իրավիճակից: Միտք, որ ճանապարհ տեսնենք: Միտք, որ խոհեմ լինենք:

Կամք, որ չընկրկենք, կամք, որ չկանգնենք,կամք, որ յարատեւ պայքարին հաւատք ունենանք, յարատեւ պայքարի ճանապարհով քայլենք: Կամք, որ պայքարով կերտենք մեր ապագան, պայքարով կերտենք մեր հայրենիքը:

Եւ ուժականութիւն, ուժ, հարւածելու կարողականութիւն, եթէ չունես այդ ոչոք քեզ չի յարգելու: Եւ Մհերը մեր ուժն էր, մեր հարւածն էր, մեր բազկի զարկն էր, Մհերները այդպիսին էին: Եւ իմ կոչն է բոլոր Մհերներին Հայաստանով մէկ վերակազմակերպւէք, զինւէք, կռւի արւեստին տիրապետէք, այս իշխանութեան կամ առանց այս իշխանութեան մենք պայքար ունենք: Այս իշխանութեան կամ առանց այս իշխանութեան պէտք է այս երկիրը փրկել եւ դա չի լինում աղաչելով, ուրիշի գթասրտութեանը կառչելով, դա լինելու է միայն պայքարով:

Ես վստահ եմ, որ մի օր կրկին վերադառնալու ենք այստեղ: Վերադառնալու ենք մեր կուրծքը ուռած, մեր ճակատը բարձր, հպարտ ասելու ենք՝ մենք կռւում ենք, մենք պայքարում ենք, մենք շարունակում ենք քո գործը Մհեր, եւ այսօրւայ պէս ընկճւած, ամօթով եւ գլխիկոր չենք լինի: Ես վստահ եմ այդ, որը գալու է, Մհերների օրը գալու է, այլ ճանապարհ չկայ, անխուսափելիօրէն գալու է:

Առնչւող Յօդւածներ

Back to top button