ՀարցազրոյցՄշակութային

Հայկ Համբարձումեան. «Վարակւենք Թումանեանի հայրենասիրութեամբ ազնւութեամբ եւ հայրենիքի նկատմամբ մտահոգութեամբ»

Այս տարի լրանում է Յովհաննէս Թումանեանի ծննդեան 155-ամեակը։ Մեծ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային եւ հասարակական գործչի անզուգական դերի եւ հայ գրականութեան մէջ նրա բացարձակ ճշմարտութեան մասին «ԱԼԻՔ»-ը տեսակապ հաստատելով, հարցազրոյց է ունեցել գրականագէտ, էպոսագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Հայկ Համբարձումեանի հետ:

Նրա հետ զրոյցում քննարկել ենք Թումանեանի կայացման հիմքն ու հէնքը, նրա «եսի», հայկականութեան զգացողութեան կայացման առանցքի, գրական ու գեղարւեստական ճաշակի թելադրման ակունքների մասին: Մեր զրուցակիցը մասնաւորապէս արձանագրեց, որ Թումանեանը փորձում էր պեղել ազգային ոգին հէնց ժողովրդական խօսքի մէջ:

Ըստ նրա՝ Թումանեանի համար առանցքային է ժողովրդի ճանաչողութիւնը, ժողովրդական ստեղծագործութեան իմացութիւնը:

«Շատ կարեւոր է, որ մենք ոչ միայն անցեալով հպարտանանք, այլեւ սթափ նայենք պատմութեանը եւ այդ դէպքում է, որ մեր ժողովուրդը մեր մշակոյթին հաղորդակից կը դառնայ»,- նշել է Հայկ Համբարձումեանը:

Գրականագէտ, էպոսագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Հայկ Համբարձումեանը ծնւել է 1982 թւականի սեպտեմբեր 19-ին Երեւանում:
Աւարտել է Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրութեան ֆակուլտետի բակալաւրիատը, այնուհետեւ մագիստրատուրան։ Ընդունւել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի առկայ ասպիրանտուրան։ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտում պաշտպանել է ««Սասնայ ծռերի» պատումների տիպաբանական խմբերն ու դրանց յատկանիշերը» թեմայով թեկնածուական ատենախօսութիւն եւ ստացել բանասիրական գիտութիւնների թեկնածուի աստիճան։
Աշխատել է Երեւանի օտար լեզուների «Մակսեդան» դպրոցում որպէս՝ հայոց լեզւի, հայ գրականութեան, հայոց եւ նոր պատմութեան ուսուցիչ։ «Օրրան» բարեգործական կենտրոնում որպէս՝ մանկավարժ։ Երեւանի Մաշտոցի անւան համալսարանում որպէս՝ արտասահմանեան գրականութեան եւ հայ ժողովրդական բանահիւսութեան դասախօս։ Աշխատել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետի հայ գրականութեան ամբիոնում։ Դասախօսել է «Հայ ժողովրդական բանահիւսութիւն», «Հայ գրականութեան պատմութիւն», «Գրական տեքստի մեկնութեան հիմունքներ» առարկաները։
Մշակութային, հոգեւոր-կրօնական բնոյթի մի շարք տեսաֆիլմերի հեղինակ է։ Հեղինակած գրքերն են՝ Զուգահեռ ընթերցումներ (Ուսումնասիրութիւններ եւ յօդւածներ), Երեւան, «Գրական Էտալօն»: Առասպելաստեղծ աշխարհայեացք եւ ստեղծագործական մեթոդ (դասախօսութիւն), Երեւան, «Անտարես», 2013: «Սասնայ ծռեր». պատում. մոտիֆ. գրքային աւանդոյթ, Երեւան, ԵՊՀ հրատարակչութիւն, 2018: Այժմ՝ Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի հրատարակչական բաժնի վարիչ, աւագ գիտաշխատող։

Յովհաննէս Թումանեանի անզուգական դերը հայ գրականութեան մէջ բացարձակ ճշմարտութիւն է. նրան ամենահակիրճ ձեւակերպումը, Պարոյր Սեւակինն է՝ «մեր գրականութեան մեծերի մեծը»: Ժամանակակից աշխարհում Թումանեանի կերպարը ինչպէ՞ս է իմաստաւորւում:

– Դիպուկ է բնորոշել Սեւակը, նաեւ կուզէի յիշեցնել Հրանտ Մատթէոսեանի խօսքերը Թումանեանի մասին: Նա տարբեր առիթներով խօսում է Թումանեանի գործունէութեան մասին, երբ գնահատում է նրա գործունէութիւնը: Ասելով, որ Թումանեանից առաջ մենք ամէն ինչ ունէինք, բայց ոչինչ չունէինք, եւ Թումանեանն է, որ գալիս է եւ վաղորդայնի պէս ինչի վրայ ցողւում է, պայծառեցնում լուսաւորում, յստակեցնում է: Նոր հայկականութեան տարածքներ է բացում: Այսինքն ճանաչելի եւ սիրելի է դարձնում մեր մշակոյթը եւ պատմութիւնը, որովհետեւ Թումանեանի ժամանակները աւելի ծանր ժամանակներ էին, եւ այնտեղ անչափ կարեւոր էր նախ ճանաչելը, հպարտութիւն արթնացնելը մշակոյթի նկատմամբ, որն առաջինն է կատարել Թումանեանը: Այսինքն բացայայտում է, թէ ինչն է Հայաստանը, ով է հայը: Գտնում, պեղում է, թէ ով է հայ գիւղացին, նրա կեանքն է ուսումնասիրում:

Նրանից առաջ, իհարկէ, հայ մարդուն օրինակ, ներկայացրել է Խաչատուր Աբովեանը, բայց յետոյ ամբողջ խորութեամբ հայ մարդուն ներկայացնում է հէնց Յովհաննէս Թումանեանը:

Որո՞նք են Թումանեան բանաստեղծի եւ ազգային, հասարակական գործչի կայացման հիմքն ու հէնքը, նրա «եսի» առանցքը:

– Եթէ ուսումնասիրենք նրա կենսագրութիւնը եւ ինքնակենսագրութիւնը, ծնողների դերը գիւղական միջավայրերի դերը մեծ են եղել, որովհետեւ 19-րդ դարի ռոմանտիկներից սկսած գրողները, մշակութային գործիչները համարում էին, որ գրականութիւնն է ազգի ոգին, եւ այդ ազգի ոգին ամենալաւը երեւում է հէնց ժողովրդական բանահիւսութեան մէջ: Հետեւաբար գրողները պէտք է գնան պեղեն ժողովրդական բանահիւսական նիւթեր եւ դրանց հիման վրայ ստեղծեն ազգային ինքնուրոյն գրականութիւն, որը Թումանեանից առաջ կատարել է Խաչատուր Աբովեանը: Արեւմտեան հատւածում Գարեգին Սրւանձտեանը, պեղում է էպոսը, բազմաթիւ հեքիաթներ, որոնց մշակումներով հետագայում կայանում է Թումանեանը:

Մենք Թումանեանին գիտենք յատկապէս նրա Սասունցի Դաւթի մշակմամբ, մանկական ստեղծագործութիւններով: Այդ ամէն ինչը ժողովրդական բանահիւսութեան վրայ է հիմնւած, Թումանեանը փորձում է պեղել ազգային ոգին հէնց ժողովրդական խօսքի մէջ: Այդ ամէն ինչը բացի ժամանակաշրջանի ռոմանտիկական ուղղւածութիւնը սկսել է հէնց նրա ծնողներից, առաջինը՝ բանահիւսութեան Թումանեանն առնչւել է իրենց գիւղում։ Լսել է ծնողների, համագիւղացիների ու աշուղների պատմութիւնները: Այս ամէնը մեծապէս պայմանաւորել է նրա աշխարհայեացքը:

Այնպէս, որ Թումանեանի համար առանցքային է ժողովրդի ճանաչողութիւնը, ժողովրդական ստեղծագործութեան իմացութիւնը: Յաճախ մենք ասում ենք՝ ինչո՞ւ ժամանակակից գրականութիւնը մեծ ազդեցութիւն չունի մարդկանց վրայ, մարդկանց սրտին այդպէս չի դիպչում, որովհետեւ ժամանակակից հեղինակները լաւ չեն ճանաչում ժողովրդին, լաւ չեն ճանաչում մշակոյթը, պատմութիւնը: Սնւում են ոչ թէ ժողովրդական ակունքներից այլ եւրոպական, ամերիկեան թարգմանութիւններից: Այն, իհարկէ, անխուսափելի բան է, բայց յաջողում են մեր այն հեղինակները, որոնք յատկապէս դա էլ ուսումնասիրում են:

Ըստ Ձեզ, որո՞նք են Թումանեանի ստեղծագործութիւնների գրական առանձնայատկութիւնները:

– Գլխաւոր առանձնայատկութիւնը հէնց այդ ժողովրդական ոգուն, խօսքին բառ ու բանին հարազատութիւնն է: Այդտեղից թերեւս այդ խօսքի պարզութիւնը, հասկանալիութիւնը միեւնոյն ժամանակ խորութիւնը, ժողովրդականին մօտեցող պարզութիւնը վերածւել է հանճարեղութեան: Թումանեանը կարծես, թէ չի խառնւում ժողովրդական խօսքը բառը-բանը, բանահիւսական նիւթերը վերցնում, մշակում է, բայց իրականում փոփոխում է, քանի որ հանճարեղ մարդ է: Բայց այնպէս է յաճախ փոխում, որ նոյնիսկ չես էլ հաւատում, որ դա գրողի իրականացրած փոփոխութիւնն է: Սա է պատճառը, որ Թումանեանին գրագողութեան մէջ էին մեղադրում: Ասում էին՝ ի՞նչ է անում, որ գնում, վերցնում է ժողովրդական բանաստեղծութիւնները երգերը հեքիաթները բերում է մի երկու բառ փոխում է՝ ներկայացնում: Բայց երբեք այդպէս չէ: Նոյնիսկ այն ամենանուրբ կէտում, որտեղ կարծում ես սա ոչ մի փոփոխութեան չենթարկւած ժողովրդական խօսք է, Թումանեանը միջամտել է: Բայց իսկապէս այնպէս է միջամտել, որ ոչ միայն չի խանգարել այլ ընդհակառակը հասկանալի, ազդեցիկ ու տպաւորիչ է դարձրել: Գլխաւոր առանձնայատկութիւնը հէնց Թումանեանի ժողովրդական ոճն է: Թեմաների մշակման եւ ներկայացման կերպը։ Նա հանճարեղ բանաստեղծ է եւ ամէն ինչի մէջ է հանճարեղ: Նոյնիսկ եթէ նրա յօդւածները ընթերցենք կը հասկանանք, որքան խորութեամբ է հասկանում նաեւ գրողի եւ գրականութեան դերը:

1913 թւականին երիտասարդ գրողների հետ հանդիպմանը, իր յայտնի խօսքն է ասում. «Պէտք է արեւի պէս նայել աշխարհին», որովհետեւ հասկանում է իր խօսքը զօրաւոր է, եւ գրողը պէտք է հասկանայ իր խօսքի զօրութիւնը: Եթէ դու մի բան ասում ես, իրականութիւնը փոխւում է, երիտասարդ գրողներին Թումանեանը ասում է՝ «Ձեր սիրտը մաքուր պահէք»: Գրողը պէտք է մաքուր սրտով գրի իր խօսքը եւ բանաստեղծութիւնը, չպէտք է պղծի անէծքով եւ հայհոյանքով, փորձի գիտակցել իր առաքելութիւնը: Եւ ինչպէս Հրանտ Մատթէոսեանն է ասում. «Ամէն ինչ-որ լինում է, առաջին հերթին խօսքի մէջ է լինում»: Եթէ դու կը դաւաճանես լեզւին, խօսքին՝ քո իրականութիւնն էլ ցաւօք, այդպիսին կը լինի։ Բայց Թումանեանը այլ աղբիւրներից եւս սնւում է: Բազմիցս խոստովանել է մեծերի ստեղծագործութեան, դասականների նկատմամբ իր համակրանքը՝ Վիլիամ Շեքսպիրի, ռուս գրականութեան եւ այլն։ Նա շատ է ընթերցել, սիրել Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լեռմոնտով:

Թումանեանի հայկականութեան զգացողութեան մասին սքանչելի է ասել Ստեփան Զօրեանը. «Նրա ստեղծագործութեան մէջ ես միշտ զգում եմ հայրենի հարազատութիւն, հայրենի երկրի ու բնութեան պատկերը, հայրենի դաշտերի ու լեռների բուրմունքը, հայ ժողովրդի ապրած խոր վշտերն ու կարճատեւ խնդութիւնները եւ, վերջապէս, մեր մայրենի լեզւի պարզ, վճիտ ու տիրական ձայնը, որն ինձ յիշեցնում է մեր լեռներից իջնող եւ իր շուրջը հաճելի զովութիւն ու կենդանութիւն առաջացնող շողշողուն մի վտակ»: Ինչո՞վ է պայմանաւորւած Թումանեանին բացառիկ հայկական հայեացքների էութիւնը:

– Դժւար է ասել գուցէ բոլոր թւարկւած բաները միասին նրա մօտ այդ հայկականութեան սքանչելի զգացողութիւնն է առաջացրել: Հրանտ Մատթէոսեանը ասում է, որ նա նոր տարածութիւններ եւ ժամականեր է բացում, եւ ուր գնում է, հայկականութեան կնիքն է դնում: Հիմա դուք բարդ հարց տւեցիք այդ հայկականութիւնը որտեղից է եկել: Եկել է ծննդավայրից, ծնողներից, գուցէ այն գիտակցութիւնից, որ ինքը Մամիկոնեան իշխանական տան հետեւորդ է: Այսինքն նրա պապերը Մամիկոնեան իշխաններ են եղել: Այսինքն այդ ազնւական ծագումը եւ իր ամբողջ կեցւածքը, պահւածքը հասարակական միջավայրում նրա վարքը, առաջնորդի դերը գալիս է նաեւ այդ ազնւականութեան զգացողութիւնից։ Գալիս է այն գիտակցութիւնից, որ դու պատասխանատու ես հանրոյթի, ժողովրդի համար։ Մեր իրականութեան մէջ շատ վաղուց չէր եղել այդ պատասխանատւութիւն կրողը եւ այդ բացն էլ կարծես ցանկանում է Թումանեանը լրացնել։ Այս պատասխանատւութեան գիտակցութեամբ էլ Թումանեանը ժողովրդի կողքին է ճակատագրական բոլոր պահերին։ Ցեղասպանութիւնից յետոյ գնալով Էջմիածին, այդ հիւանդութիւնների, թշւառութեան մէջ աղջիկների հետ միասին որբերին է օգնում:

Եւ ի վերջոյ, ապրում էր մեր ժողովրդի համար դժւար ժամանակաշրջանում։ Բայց նաեւ Թումանեանի առանձնայատկութիւնն այն էր, որ պաթեթիկ հայրենասիրութեան մէջ երբեք չի ընկնում եւ կարողանում է այդ պատմութեան մէջ ճիշտ կէտերը գտնել, դրանք ներկայացնել ճիշտ ձեւով եւ ճիշտ շեշտադրումներ կատարել: Նա նրբօրէն քարոզում է հայրենասիրութիւնը, այդ գաղափարները՝ քաջութիւն, խիզախութիւն, պատասխանատւութեան զգացողութիւն, այդ արժէքները օրինակ մանկական գրականութեան միջոցով է փոխանցում։

Թումանեանը ինքն էր գրական ու գեղարւեստական ճաշակ թելադրում եւ երբեք չէր յարմարւում ցածրաճաշակ արւեստի պահանջարկին. «Ես իմ ողջ էութեամբ ապրում եմ մարդկային կեանքից աւելի մեծ կեանքով, հէնց էնպէս, ինձ համար, եւ անընդունակ եմ մի որեւէ վանդակի մէջ փակւելու ու էն տեսակ երգեր երգելու, որ ձեզ դուր գամ»: Ինչպէս է յաջողւել նրան այդ ճաշակը թելադրել, չտրւել մասսայական ճաշակին եւ ժողովրդականութիւն վայելել:

– Զարմանալի է շատ: Եթէ նրա կեանքն ենք ուսումնասիրում, թւում է, թէ նա շատ երկար է ապրել, բայց կարճ կեանք է ունեցել, ողբերգութիւնների մէջ անձնական, ազգային տարբեր հիւանդութիւններ յաղթահարելով։ Բայց նաեւ տեսնում ենք նրա գեղեցիկ ու առինքնող կերպարն ու կեցւածքը լուսանկարներում։ Արտաքին վայելուչ տեսքը, միշտ նորաձեւ ու կոկիկ։ Նա է հիմնում Վերնատունը, իր շուրջն համախմբում ժամանակի յայտնի դէմքերին։ Իհարկէ, նաեւ դրա միջոցով էր ճաշակ թելադրւում: Յետոյ ժամանակը շատ արագ է փոխւում։ Չարենցը երբ գնահատում է Թումանեանին, ասում է նրա նման մենք չենք կարող գրել: Թումանեան շարունակելը, կրկնելը շատ բարդ էր, այդ առումով գուցէ ուղղակի ճաշակ չթելադրւեց, բայց նաեւ բարձրակէտ դարձաւ այն բանի, որ ինչպէս կարելի է գրել պարզ բայց՝ հանճարեղ, կարծես շատ մօտ, բայց եւ՝ անհասանելի։

Մեծ գրողը, մշտապէս խօսել է ինքնաճանաչման եւ դրա շնորհիւ ինքնակատարելագործման մասին: «Ամենադժւար բանը, որին ձգտում են մարդիկ՝ ինքն իրեն ճանաչելն է»,- ասում է Թումանեանը: «Ճանաչի՛ր ինքդ քեզ: Եւ մարդը պէտք է ճանաչի ինքն իրեն, իր ուժերը, կարգաւորի իրեն եւ իմաստուն կերպով առաջնորդի, ուղղութիւն տայ իրեն…. Մարդը ձգտում պիտի ունենայ լաւանալու բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դէպի կատարեալը»: Ազգային անինքնաճանաչութիւն, ըստ նրա՝ «մեծ ցաւ է»: Ինչպիսի՞ ելքեր է նա առաջարկում այդ խնդրի համար:

– Ուղղակի պէտք է հասկանալ մենք ով ենք: Ինքնութեան խնդիրը, պետականութեան հարցը, հարկաւոր է հասկանալ, այդպէս երկար ժամանակ չունէինք եւ անընդհատ խարխափումների մէջ ենք եղել երբ ամէն կողմից մեզ պարտադրում են իրենց հայեացքը: Թումանեանն իր «Բորչալւում» ակնարկում, քննադատում է ժամանակակիցներին, որոնք տարւած են վերացական հայրենասիրութեամբ։ Դա համարում է քրմական հայրենասիրութիւն, երբ դու տարւած ես անցեալի փառքերով, բայց չես նկատում կողքիդ ապրող մարդկանց ու իրականութիւնդ։

Շատ կարեւոր է, որ մենք ոչ միայն անցեալով հպարտանանք, այլեւ սթափ նայենք պատմութեանը եւ այդ դէպքում է, որ մեր ժողովուրդը մեր մշակոյթին հաղորդակից կը դառնայ: Թումանեանի ստեղծագործութեան ճանաչողութիւնը շատ կարեւոր է:

Անկախ յոբելեանական շրջաններին, կարեւոր է մեր մեծերի ստեղծագործութեանը եւ գաղափարներին հաղորդակից լինելը: Թումանեանը միշտ տօն է: Յատկապէս մեր դժւար, անորոշ եւ խառնակ ժամանակներում ազնւութեան, զօրաւոր խօսքի, ընդհանրապէս այդպիսի մտաւորականի կարիք մենք շատ ունենք: Նորովի ընթերցենք Թումանեանին եւ ոչ միայն բաւականանանք հատւածական պատեհապաշտ մէջբերումներով: Վարակւենք նրա հայրենասիրութեամբ ազնւութեամբ եւ հայրենիքի նկատմամբ մտահոգութեամբ:

Նա հայ մարդուն սիրում էր եւ մտահոգւած էր նրա ճակատագրով:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button