Հայաստան - ԱրցախՀարցազրոյց

Հրաչեայ Խաչատրեան. «Օրակարգը այսօր պէտք է լինի ուժեղ եւ պաշտպանւած Հայաստանի կերտումը»

Հրաչեայ Խաչատրեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում.

Իշխանական լրատւութիւնը լցւել է «Խաղաղութեան խաչմերուկ»-ի պրոպագանդայով, բայց այն աւելի շատ մակերեսային եւ երեւացող երեւոյթ է, որովհետեւ մարդկանց այլ հարցեր են հետաքրքրում եւ պարզապէս մարդկանց հետաքրքրող հարցերը խլեցւում են եւ իրական մտահոգութիւնները չի արտացոլւում: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախօս Հրաչեայ Խաչատրեանը։

Անդրադառնալով տեղեկատւական բլոկադաները յաղթահարելու միջոցներին, Հրաչեայ Խաչատրեանը նշեց, որ իշխանական տեղեկատւական բլոկադան հնարաւոր է ջարդել ընդդիմադիր դաշտի գրագէտ աշխատանքի միջոցով, բայց արդէն 5 տարի է ընդդիմադիր դաշտը չի կարողանում կոնսոլիդացւել եւ այդ տեղեկատւական բլոկադայի դէմ աշխատել:

«Ցաւօք սրտի, ընդդիմադիր դաշտում ռեսուրսներին տիրապետողները չեն կարողանում արագ գիտելիքներ հաւաքել եւ մոդեռնիզացնել եւ համապատասխան հակադրութիւն ցոյց տալ: Ընդդիմութեան աշխատանքները ցոյց են տալիս, որ նրանք անընդհատ անյաջողութեան են հասնում իշխանութեան հետ աշխատանքների տարբեր ոլորտներում՝ ե՛ւ հրապարակում, ե՛ւ լրատւական դաշտում»,-նշեց նա:

Ինչ քայլերով է հնարաւոր տեղեկատւական դաշտը մոբիլիզացնել, որպէսզի ապագայում հնարաւոր դառնայ յաջողութիւնների հասնել, Հրաչեայ Խաչատրեանը նշեց, որ ամենակարեւորը մասնագէտների կարծիքը հարցնելն է, այսինքն ռեսուրսներին տիրապետողները անհրաժեշտ է կարողանան մասնագէտների կարծիքը հաշւի առնել եւ խորհրդատւութիւն ստանալ:

«Ես միշտ կարեւոր եմ համարել, միաժամանակ ճիշտ մասնագէտների աշխատանքին զուգահեռ, սեփական մասնագէտներ պատրաստելը, կրթութեան վրայ ռեսուրսներ չխնայելը, մոդեռնիզացիայի ուղղութեամբ ռեսուրսներ չխնայելը, այսինքն աշխատանքը, մոդեռնիզացիան եւ կրթութիւնը միշտ պէտք է զուգահեռ լինեն, իհարկէ, առաջին հայեացքից թւում է, թէ դրանք չստացւող ներդրումներ են, բայց համապատասխան դպրոցներ լինելուց յետոյ, շատ կարճ ժամանակում, ռեսուրսները սկսում են էֆեկտիւ աշխատել եւ լրացուցիչ ռեսուրսներ ստեղծել»,- նշեց նա:

Խաչատրեանի խօսքով՝ ընդդիմադիր մեդիա դաշտը անընդհատ արձագանգում է իշխանական օրակարգին եւ ոչ թէ իր սեփական օրակարգն է ձեւաւորում, միասին ճիշտ աշխատանքի պարագայում, սեփական օրակարգի ձեւաւորումը կարող է նոր հարթութիւն ձեւաւորել, բայց այս պահին, ընդդիմադիր դաշտը միասնական օրակարգ չունի, այլ ընդամէնը հատւածական արձագանգում է իրենց պարտադրւած օրակարգին:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի միասնական օրակարգի ձեւաւորման քայլերին, Խաչատրեանը նշեց, որ յաղթանակի համար երկու բաղադրիչ է անհրաժեշտ ե՛ւ պաշտպանութիւն, ե՛ւ յարձակում, հետեւաբար ընդդիմադիր դաշտի միասնական օրակարգը պէտք է մոբիլիզացնող գործօն լինի եւ առաւելագոյնը մոբիլիզացնի ընդդիմադիր դաշտի սուբիեկտներին, եւ սեփական օրակարգը ստեղծելով կարողանայ Հայաստանի շահերին նպաստող օրակարգ առաջ քաշել եւ ոչ միայն ներքաղաքական եւ ներհասարակական կեանքում այլ միջազգային հարթակներում:

Խաչատրեանի խօսքով՝ Արցախը յետ բերելը կամ հայկական շահը հետեւանք են: Այսինքն Արցախը յետ կը բերե՞ն, թէ՝ ոչ կամ հայկական շահը աշխարհում կը կարողանա՞ն պաշտպանել, թէ՝ ոչ, այն ուժեղ Հայաստանի ուղիղ հետեւանք է լինելու: Հետեւաբար, օրակարգը այսօր պէտք է լինի ուժեղ եւ պաշտպանւած Հայաստանի կերտումը, ազգային օրակարգին ծառայող ուժերը, պէտք է ուժեղ Հայաստանի կերտման ուղղութեամբ աշխատեն, եւ կարողանան մարդկանց բացատրել, որ խաղաղութիւն, տարածաշրջանում եւ ընդհանրապէս Հայաստանի շահերին սպասարկումը միայն հնարաւոր է ուժեղ Հայաստանի դէպքում:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button