Այլ

Նեարդակենսաբանները գլխուղեղում վախի զգացումն «անջատելու» միջոց են յայտնաբերել

Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի նեարդակենսաբանները յայտնաբերել են գլխուղեղում մի մեխանիզմ, որը պատասխանատու է տհաճ իրադարձութիւններից յետոյ սաստիկ վախի զգացողութեան առաջացման համար։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Science գիտական ամսագրում։

Գիտափորձերն անցկացւել են գէնետիկօրէն ձեւափոխւած մկների վրայ։ Գիտնականները նրանց որոշակի պայմաններում տարբեր հզօրութեամբ էլեկտրական հոսանքի ազդեցութեանն են ենթարկել ու նկատել, որ երկու շաբաթ անց նոյն պայմաններում յայտնւելու պարագայում կրծողները սարսափից քարանում են։ Չափազանց հզօր շոկի ենթարկւած կրծողները սարսափից քարանում էին նաեւ այլ պայմաններում՝ ցուցաբերելով ընդհանրացւած արձագանգ։

Կենդանիների գլխուղեղի հետազօտութեան արդիւնքում գիտնականները պարզել են՝ ինչն է դարձել նման արձագանգի պատճառ։ Մասնաւորապէս, նրանք ուսումնասիրել են կաթնասունների գլխուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է տրամադրութեան ու տագնապի ձեւաւորման համար, ինչպէս նաեւ ապահովում է սերոտոնինի զգալի քանակութեան մատակարարումը առաջնային ուղեղ։

Նրանք պարզել են, որ լուրջ վախը փոխում է նէյրոհաղորդման մեխանիզմը գլիւտամատից, որը գրգռում է նէյրոնները, գամմա-ամինաբուտիրաթթւի, որը ճնշում է նէյրոնների ակտիւութիւնը:

Գիտնականներին յաջողւել է ճնշել մկների վախն ադենոկախեալ վիրուսի ներարկման շնորհիւ, որն անջատում է գամմա-ամինաբուտիրաթթւի արտադրութեան համար պատասխանատու գէնը։

Բացի այդ, նեարդակենսաբանները նաեւ սաստիկ վախի հետեւանքները մեղմելու միջոց են գտել՝ տհաճ դէպքից անմիջապէս յետոյ մկներին տալով ֆլուոքսետին հասարակ հակադեպրեսանտը, որը խանգարում է նէյրոտրանսմիտերների՝ վախի արձագանգի վերափոխւելը: Սակայն խնդիրն այն է, որ դեղամիջոցը հարկաւոր է ընդունել տրաւմատիկ միջադէպից անմիջապէս յետոյ, քանի որ ուշացման դէպքում այն արդէն անարդիւնաւէտ է դառնում։

Related Articles

Back to top button