Այլ

Պայքարի ուղին, թէ՞ համագործակցութեան ծուղակը. ազգային ընտրութեան առաջ

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

««Յանուն արժանապատւութեան եւ յանուն Ֆրանսիայի միասնականութեան ապահովմանԵւրոպայում հաստատւած նոր կարգերը հաշւի առնելով՝ ես այսօրւանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցութեան տարբերակը»:

Ֆիլիպ Պետեն

Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական վարչակարգի վարչապետ

 

«Ես հաւատում եմ, որ սա խաղաղութիւն է մեր ժամանակների համար: Գնացէք տուն եւ հանգիստ քնէք»:

Նեւիլ Չեմբերլեն

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ

Ռացիոնալ հայրենասիրութեան եւ խաղաղասիրութեան անւան տակ թշնամու հետ համագործակցելու եւ վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երեւոյթը նորութիւն չէ համաշխարհային պատմութեան մէջ։

Հայաստանում այսօր իշխանութիւն զբաղեցնողների յայտարարութիւնները յաճախ հեշտ է շփոթել թշնամական պետութիւնների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ յայտարարութիւնները զայրոյթ եւ տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում։ Աւելին, այսպիսի յայտարարութիւնները յաճախ հանգեցնում են «մենք ազգ չենք», «մեզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկութիւն չկայ» յուսահատական դիրսկուրսին, որտեղ մենք յայտնւում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում։

Սակայն բաւական է յիշել ոչ վաղ անցեալի համաշխարհային պատմութեան դրւագները եւ տեսնել, որ ծանր պարտութիւնների, յուսալքութեան եւ անորոշութեան պայմաններում, անգամ պետականութեան բաւական երկար պատմութիւն ունեցող ազգերն են անցել նոյնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչութեան։ Բաւական է յիշել թէկուզ միայն Երկրորդ Համաշխարհայինի տարիների եւրոպական երկրների օրինակները։

Համագործակցութիւն թշնամու հետ՝ պրագմատիզմի անւան տակ

1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի եւ նոյն հայեացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխոսլովակիայի, ստորագրեցին Չեխոսլովակիան բաժանելու մասին համաձայնագիրը։ Դա արւեց եւրոպայում խաղաղութիւն ապահովելու անւան տակ։ Աւելին, Չեմբեռլենը եւ Հիտլերը ստորագրեցին լրացուցիչ անգլո-գերմանական հռչակագիր, որում արտայայտեցին իրենց մտադրութիւնը «այլեւս երբեք միմեանց հետ չպատերազմելու» եւ վէճերը բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորելու վերաբերեալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց յետոյ բառացի յայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղութիւնը»։

Պայմանագրի ստորագրումից ընդամէնը երկու տարի անց ֆաշիստական բանակի հռթիռները պայթում էին արդէն Լոնդոնի երկնքում, իսկ Ֆրանսիայի տարածքի 60%-ը գրաւած էր ֆաշիստական զօրքերի կողմից։

Այս պայմաններում Մեծ Բրիտանիան որդեգրեց ղեկավարութեան փոփոխութեան տարբերակը։ Հիտլերի բոլոր պահանջները բաւարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմբեռլենին փոխարինեց Չերչիլը, ով առաջնորդւում էր ամէն գնով եւ ամենուր ֆաշիզմի դէմ պայքարի տրամաբանութեամբ։

Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցութեան ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարութեամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացւած հատւածում հաստատւած Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կը յանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պէտք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախօսով էր առաջնորդւում ֆրանսիայում հաստատւած կառավարութիւնը։

Ճիշտ նոյն կերպ, ինչպէս Նիկոլ Փաշինեանը պատերազմի սպառանալիքի պայմաններում Սիւնիքում եւ Տաւուշում տարծքներ յանձնելը, Արդբեջանի եւ Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպէս այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պէտք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար։

Նոյնական էր նաեւ երկրի ներսում վարւող քաղաքականութիւնը։

Վիշիի ռեժիմը ձգտում էր ոչնչացնել աւանդական արժէքները՝ օգտագործելով բառապաշար, որը Ֆրանսիայի Երրորդ Հանրապետութիւնը ներկայացնում էր որպէս բարոյապէս եւ քաղաքականապէս կործանւած: Նրանք Ֆրանսիայի պարտութեան մեղքը բարդում էին «փտածութեան» եւ կոմունիստների, հրեաների ու ձախակողմեան մտաւորականների ազդեցութեան վրայ՝ իրենց դիրքաւորելով որպէս «կարգուկանոն» վերականգնող փրկիչներ:

Վիշիի կառավարութեան հակահրէական քաղաքականութիւնը յաճախ գերազանցում էր նոյնիսկ գերմանական պահանջները:

Այսպիսի քաղաքականութիւնը նոյնական է Հայատանում վարւող հակաարցախեան քաղաքականութեան հետ։ Օրինակ, անգամ Ադրբեջանում չէին կարող պատկերացնել, որ ՀՀ որեւէ իշխանութիւն մէկ հրամանով արցախահայերին կը զրկի քաղաքացիութեան կարգավիճակից, փաստացի նրանց զրկելով բոլոր տեսակի քաղաքական իրաւունքներից։

Դիմադրութիւնը որպէս միակ իրական այլընտրանք

Վիշիի օկուպացիոն վարչակարգը եւս ունէր դիմադրութիւն երկրի ներսում. ի վերջոյ, բոլոր ֆրանսիացիները հաշտ չէին ֆաշիզմին ծառայելու մտքի հետ։ Սակայն այլախոհներն ու ընդդիմադիր ուժերը բախւում էին բազմաթիւ լուրջ խնդիրների, որոնք դժւարացնում էին հանրային կոնսոլիդացիան։

Լոնդոնում աքսորի մէջ գտնւելով՝ Ֆրանսիական դիմադրութեան առաջնորդ դը Գոլը կոչ էր անում դիմադրութիւն ցուցաբերել թէ՛ Նացիստական Գերմանիային, թէ՛ Վիշիի ռեժիմին: 1940 թ. յունիսի 18-ին Բի.Բի.Սի.-ով հնչեցրած իր ելոյթում գեներալ դը Գոլն իր այլընտրանքը ձեւակերպել է հետեւեալ կերպ. «Ֆրանսիան պարտւել է ճակատամարտում, ո՛չ պատերազմում»։

Նոյնն է նաեւ ներկայիս հայկական ազգային ուժերի առաջարկած այլընտրանքը, որը թէեւ հաշւի է առնում մեր կրած ծանր պարտութիւնը, սակայն պնդում է, որ մենք ունենք վերականգնման ռեսուրս, եւ կայ թշնամուն յանձնւելու օրակարգին իրական այլընտրանք, որը պէտք է սկսւի երկրում իշխանութեան փոփոխութիւնից։

Սակայն, օկուպացւած Ֆրանսիայում եւս այլախոհները դժւարանում էին հանրութեանը հասցնել իրենց ուղերձները։

Վիշիի ռեժիմի պրոպագանդան Պետենին ներկայացնում էր որպէս ազգային փրկիչ՝ օգտագործելով նրա Առաջին համաշխարհային պատերազմում ձեռք բերած հերոսի կարգավիճակը։ Մինչդեռ բոլոր այլախոհները ներկայացւում էին որպէս վտանգաւոր, ոչ հայրենասէր կամ թշնամական սադրիչներ՝ վախ ներշնչելով բնակչութեան շրջանում։

Յատուկ քարոզչութիւն էւ տարւում Դաշնակիցների նկատմամբ՝ նպատակ ունենալով Ֆրանսիայի տարածքի 60% բռնազաւթած Գերմանիային ներկայացնել որպէս միակ հնարաւոր այլընտրանք։

Այս բոլոր դրսեւորումներին մենք ականատես ենք եղել Նիկոլ Փաշինեանի կառավարման տարիներին:

Մեծ դեր էին խաղում նաեւ պարտւած երկրում տիրող հասարակական տրամադրութիւնները։

Ֆրանսիացիներից շատերը, հիասթափւած 1940 թ. պարտութիւնից, հաւատում էին, որ Պետենի համագործակցութիւնը լաւագոյն միջոցն է Ֆրանսիայի մնացածը փրկելու համար։

Տնտեսական դժւարութիւնները, սննդի պակասը եւ պատերազմից խուսափելը ստիպում էին մարդկանց առաջնային դարձնել գոյատեւումը՝ թողնելով քիչ ժամանակ քաղաքական ակտիւութեան համար։

Ամօթի շրջանի աւարտը

Վիշիի ռեժիմը փլուզւեց Ֆրանսիայի ազատագրումից յետոյ՝ 1944 թւականին: Պետենին դաւաճանութեան համար դատապարտեցին մահւան, ինչը յետոյ փոխարինւեց ցմահ բանտարկութեամբ։ Պիեռ Լաւալը մահապատժի ենթարկւեց 1945 թւականին:

Վիշիի ռեժիմի անկումից եւ 1944 թ. Ֆրանսիայի ազատագրումից յետոյ Ֆրանսիայի Հանրապետութեան Ժամանակաւոր կառավարութիւնն ու հետագայ վարչակազմերը իրականացրեցին մի շարք միջոցառումներ՝ Ֆրանսիական ամօթի էջը փակելու եւ ժողովրդավարական կառավարման վերականգնման համար։ Ահա մի քանի կոնկրետ օրինակներ.

1. Թշնամու հետ համագործակցողների պատժում

– Հազարաւոր մարդիկ դատւեցին պատերազմից յետոյ կազմաւորւած դատարաններում, եւ նրանցից շատերը կորցրին քաղաքացիական իրաւունքները կամ զրկւեցին պետական պաշտօն զբաղեցնելու իրաւունքից։

2. Վիշիի ռեժիմի օրինականութեան մերժում

– Վիշիի ռեժիմի բոլոր գործողութիւնները յայտարարւեցին անվաւէր։ Չեղարկւեցին ընդունած բոլոր օրէնքներն ու հրամանագրերը, այդ թւում՝ այն օրէնքները, որոնք սահմանափակում էին ազատութիւնները կամ խտրականութիւն էին կատարում որոշ խմբերի նկատմամբ։

3 Տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ

– Ազգայնացւեցին նացիստների հետ համագործակցած հիմնական արդիւնաբերութիւնները եւ բանկերը, ինչպիսիք էին Renault-ը, որպէսզի կանխւի պատերազմի ընթացքում մասնաւոր շահագործումը եւ վերակառուցւի տնտեսութիւնը։

4. Սոցիալական ապահովագրութեան համակարգ

– Ստեղծւեց համապարփակ առողջապահական, թոշակային եւ սոցիալական ապահովագրութեան համակարգ՝ արդար եւ ժամանակակից հանրապետութեան վերակառուցման շրջանակներում։

5. Դիմադրութեան մարտիկների մեծարում

– Պաշտօնապէս ճանաչւեց Ֆրանսիական դիմադրութեան ներդրումը եւ նախատեսւեցին թոշակներ եւ պատիւներ նրա անդամների համար:

Այսպիսով, թշնամու հետ համագործակցութեան ճանապարհի ընտրութիւնը չփրկեց Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային աղէտալի պատերազմի մէջ ներքաշւելուց, ծանր մարդային կորուստներից եւ աւերածութիւններից։ Ֆրանսիայի դէպքում չարիքի հետ աւելի երկար համագործակցութիւնը յանգեցրեց լրիւ նոր պետութեան կազմաւորման անհրաժեշտութեան։ Եւ միայն այդ չարիքի դէմ ցուցաբերւած դիմադրութիւնը կենսական նշանակութիւն ունեցաւ իրավիճակի յաղթահարման, նոր պետութեան կառուցման համար՝ թոյլ տալով հետագայում ժխտել չարիքի հետ նոյնականացումը։

Նոյն է նաեւ Հայաստանի պարագայում։ Միայն արտաքին թշնամու եւ երկրում հաստատւած վարչակարգի դէմ հետեւողական դիմադրութիւնը կարող է դուռ բացել մեր երազանքների պետութեան կերտման համար։ Որքան էլ դժւար, երբեմն անօգուտ թւան օրւայ վարչակարգի դէմ ամենատարբեր պայքարներն ու շարժումները, միեւնոյնն է, հէնց դրանք են վաղւայ յաղթանակի սաղմերը եւ ազգային նոր որակի պետութեան կառուցման հիմքը»։

Related Articles

Back to top button