Ուղեղում յայտնաբերւել է քնի փուլերը կարգաւորող ժամացոյց
Լօզանի համալսարանի գիտնականները պարզել են, որ ստրեսն ազդում է ուղեղի կապոյտ բծի վրայ, հատւած, որը կարգաւորում է անցումը արագ եւ դանդաղ քների միջեւ։ Դա յանգեցնում է քնի հատւածայնացման եւ յաճախակի արթնացումների։ Հետազօտութիւնը հրապարակւել է Nature Neuroscience ամսագրում։
Կապոյտ բիծը պատասխանատու է նորադրենալինի արտադրման համար, հորմոն, որը կարգաւորում է արձագանգը ստրեսին եւ աջակցում է արթուն մնալուն։ Սակայն նոր տւեալները ցոյց են տւել, որ ուղեղի այդ հատւածը նաեւ կարեւոր դեր է խաղում քնի շրջափուլերի կառավարման հարցում։ Գիտնականները պարզել են, որ կապոյտ բծի ակտիւութիւնը տատանւում է իւրաքանչիւր 50 վայրկեանը մէկ՝ ստեղծելով ինքնատիպ «ժամացոյց», որը կարգաւորում է անցումը քնի փուլերի միջեւ։ Ցերեկային ստրեսը ուժեղացնում է բծի ակտիւութիւնը՝ մեծացնելով նորադրենալինի մակարդակը։ Դա յանգեցնում է խախտումների՝ դանդաղում է արագ քնի փուլի սկսւելը, իսկ դանդաղ քունը սկսում է ընդհատւել՝ առաջ բերելով յաճախակի արթնացումներ։
Հետազօտութեան արդիւնքները բացայայտում են ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների ստեղծման ուղիներ։ Կապոյտ բիծը կարող է դառնալ բիոմարկեր քնի մոնիթորինգի եւ շրջափուլերի ճշտման համար, յատկապէս տագնապայնութիւն եւ այլ խախտումներ ունեցող պացիենտների մօտ։ Բացի այդ, աշխատանքը թոյլ է տալիս աւելի լաւ հասկանալ քնի էւոլիւցիան։ Որոշ սողունների մօտ, օրինակ, նկատւում են ուղեղի ակտիւութեան նման ցիկլիկ տատանումներ, ինչը վկայում է ուղեղի այդ հատւածի վաղեմի ծագման մասին։
News.am