Այլ

Ամերիկեան յատուկ ծառայութիւնները գաղտնազերծել են փաստաթղթեր. Հիտլերը կարող էր թաքնւել Հարաւային Ամերիկայում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան փաստաթղթերը ցոյց են տալիս, որ գործակալները 10 տարի շարունակ փնտրում էին Ադոլֆ Հիտլերին Հարաւային Ամերիկայում այն բանից յետոյ, երբ ողջ աշխարհը կարծում էր, որ նա մահացել է,- գրել է The New York Post-ը։

Երբ 1945 թ. ապրիլի 30-ին խորհրդային զօրքերը մտան Բեռլին, Հիտլերը եւ նրա երկարամեայ ընկերուհի Եւա Բրաունը, որի հետ նա հետագայում ամուսնացաւ, ինքնասպան եղան ստորգետնեայ բունկերում՝ գերութիւնից խուսափելու համար:

Նրանց մարմինները մասամբ այրւել էին եւ թաղւել ռումբի պայթիւնից առաջացած ոչ խոր փոսում: Խորհրդային զինւորները հետագայում կատարել են նրանց մնացորդների արտաշիրիմում, որոնք ԽՍՀՄ-ը նոյնականացրել է ըստ ատամնաբուժական փաստաթղթերի, եւ դրանք պահել է Արեւելեան Գերմանիայում, մինչեւ որ 1970-ի ապրիլին ՊԱԿ գործակալները ոչնչացրին Հիտլերի մարմինը՝ պահպանելով միայն ծնոտն ու գանգը, որոնք տեղափոխւեցին Մոսկւա:

Սակայն Հիտլերի մահւան մասին տեղեկութիւններից անմիջապէս յետոյ ի յայտ եկան դաւադրութեան տեսութիւններ այն մասին, որ նա ողջ է մնացել եւ փախել է Գերմանիայից։

Թէեւ ԿՀՎ-ն ունի Հիտլերի մահը հաստատող դիահերձման հաշւետւութիւնը, այլ փաստաթղթեր ցոյց են տալիս, որ դաշտային գործակալները կասկածում էին, որ Հիտլերը կարող էր փախած լինել Հարաւային Ամերիկա ենթադրեալ անունով եւ ձեռք են բերել մի մարդու լուսանկար, որն ապշեցուցիչ նման է նացիստական առաջնորդին:

1945 թ. հոկտեմբերի գաղտնազերծւած փաստաթղթերը ցոյց են տալիս, որ ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի գործակալները ՀԴԲ-ին յայտնել են Արգենտինայի Լա Ֆալդայի հիւրանոցում հնարաւոր գաղտնի թաքստոցի մասին, որը Հիտլերը կարող էր օգտագործել, եթէ ողջ մնար:

Փաստաթղթում նշւած է, որ հիւրանոցի սեփականատէրը եւ նրա ընտանիքը եղել են «Հիտլերի ջերմեռանդ կողմնակիցները» եւ ֆինանսական ներդրումներ են կատարել նացիստական կուսակցութեան համար 1920-ականների սկզբին՝ Գերմանիայի քարոզչութեան նախարար Յոզէֆ Գեբելսի միջոցով:

«Այդ կամաւոր աջակցութիւնը նացիստական կուսակցութեանը երբեք չի մոռացւել Հիտլերի կողմից»,- նշւել է փաստաթղթերում։ «Իշխանութեան գալուց յետոյ նրա ընկերութիւնն այնքան մտերմացաւ Հիտլերի հետ, որ նա եւ իր ընտանիքի անդամները Հիտլերի հետ մնացել են նոյն հիւրանոցում՝ Գերմանիա կատարած իրենց ամենամեայ այցերի ժամանակ»։

Հաշւետւութիւնում նշւած է, որ հիրանոցն արդէն «անհրաժեշտ պատրաստութիւններ էր արել», որպէսզի Հիտլերը ապաստան գտնի Արգենտինայի իրենց հիւրանոցում, եթէ նա «ցանկացած պահի յայտնւի դժւարութեան մէջ» եւ «ապահով ապաստանի» կարիք ունենայ:

1955 թ. հոկտեմբերին ԿՀՎ գործակալի մէկ այլ փաստաթղթում ասւում է, որ նա տեղեկութիւն է ստացել ընկերոջից, որը խօսել է մի մարդու հետ, որը պնդում էր, թէ ինքը նախկին էսէս-ի զինւոր Ֆիլիպ Սիտրոէնն է, որը «վստահ» ասել է իրեն, որ Հիտլերը դեռ ողջ է եւ Կոլումբիայում է:

Սիտրոէնը պնդել է, որ ամէն ամիս շփւել է նացիստների նախկին առաջնորդի հետ եւ ընկերոջը տրամադրել է իր լուսանկարը մի մարդու հետ, որին նա նոյնացրել է Հիտլերի հետ Կոլումբիայի Թունհա քաղաքի լողափին:

Մարդը, որին ենթադրաբար համարում էին Հիտլեր, կրում էր «Ադոլֆ Շրիտելմայոր» անունը: 1955 թ. յունւարին նա Կոլումբիայից մեկնել է Արգենտինա։

«Ֆիլիպ Սիտրոենը նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտից տասը տարի անց դաշնակիցներն այլեւս չէին կարող Հիտլերին հետապնդել որպէս ռազմական յանցագործ»,- նշւած է փաստաթղթում։

1955 թ. նոյեմբերի 4-ին ԿՀՎ-ն հաստատել է գործակալների շփումը մի մարդու հետ, որը յայտնի է որպէս «GIRELLA», որպէսզի հետագայում հետաքննեն «Ադոլֆ Շրիտելմայորի» պատմութիւնը Կոլումբիայում մինչեւ 1955 թ.:

Սակայն նոյն փաստաթղթում ասւում է, որ «կարելի է մեծ ջանքեր գործադրել այս հարցում, բայց դժւար թէ կոնկրետ որեւէ բան հաստատւի, ուստի մենք առաջարկում ենք գործը կարճել»։

Թէեւ չկայ կոնկրետ ապացոյց, որը կը հաստատի այն տեսութիւնը, որ Հիտլերը կարող էր փրկւել պատերազմից եւ փախչել Գերմանիայից, նացիստական կուսակցութեան անդամները «առնետի արահետներ» են օգտագործել Արգենտինա եւ Հարաւային Ամերիկայի այլ երկրներ հասնելու համար՝ հետապնդումից խուսափելու նպատակով:

Ըստ գնահատականների՝ մօտ 10 հազար նացիստներ եւ ֆաշիստական այլ ռազմական յանցագործներ խուսափել են դատական հետապնդումներից Հոլոկոստի հարցում ունեցած իրենց դերի համար՝ փախչելով Արգենտինա եւ Լատինական Ամերիկայի այլ երկրներ։

News.am

Related Articles

Back to top button