Ընդամէնը երեք գիշերւայ վատ քունը մեծացնում է սրտանօթային հիւանդութիւնների ռիսկը

Շւեդիայի Ուփսալայի համալսարանի նոր ուսումնասիրութեան մէջ հետազօտողները պարզել են, որ ընդամէնը երեք գիշեր սահմանափակ քունը՝ գիշերը մօտ չորս ժամ, արեան մէջ փոփոխութիւններ է առաջացնում, որոնք կապւած են սրտի հիւանդութիւնների աւելի բարձր ռիսկի հետ։ Հետազօտողները ուսումնասիրել են արեան մէջ բորբոքային սպիտակուցները։
Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են BMC ամսագրում։
Սրանք մոլեկուլներ են, որոնք մարմինը արտադրում է ստրեսի կամ հիւանդութեան դէմ պայքարի ժամանակ։ Երբ այս սպիտակուցների մակարդակը երկար ժամանակ բարձր է մնում, դրանք կարող են վնասել արեան անօթները եւ մեծացնել այնպիսի խնդիրների առաջացման ռիսկը, ինչպիսիք են սրտի անբաւարարութիւնը, սրտի իշեմիկ հիւանդութիւնը եւ նախասրտերի ֆիբրիլիացիան (անկանոն սրտի բաբախիւն):
Հետազօտութեանը մասնակցել են 16 առողջ երիտասարդ տղամարդիկ, ովքեր մի քանի օր անցկացրել են լաբորատորիայում, որտեղ ուշադիր մոնիթորինգի են ենթարկւել ամէն ինչ՝ սննդի ընդունումից մինչեւ ֆիզիկական ակտիւութեան մակարդակ եւ լուսաւորութիւն։ Մասնակիցները հետեւել են երկու ռեժիմի՝ երեք գիշեր նորմալ քուն (8.5 ժամ) եւ երեք գիշեր սահմանափակ քուն (4.25 ժամ):
Քնի իւրաքանչիւր փուլից յետոյ տղամարդիկ կատարում էին կարճ, բարձր ինտենսիւութեամբ հեծանւային մարզում, եւ նրանց արիւնը վերլուծւում էր մարզումից առաջ եւ յետոյ։ Հետազօտողները չափել են արեան նմուշներում գրեթէ 90 տարբեր սպիտակուցների մակարդակը։ Նրանք պարզեցին, որ քնի պակասը սրտի հիւանդութիւնների հետ կապւած բորբոքային մարկերների զգալի աճ է առաջացնում։ Եւ չնայած վարժութիւնները սովորաբար բարձրացնում են օգտակար սպիտակուցների, ինչպիսիք են ինտերլէյկին-6-ը եւ BDNF-ը (որոնք նպաստում են ուղեղի եւ սրտի առողջութեանը), մակարդակը, այս ռեակցիաները թուլանում են վատ քնից յետոյ։ Զարմանալիօրէն, փոփոխութիւնները տեղի են ունեցել նոյնիսկ երիտասարդ, առողջ մարդկանց մօտ եւ ընդամէնը մի քանի գիշեր վատ քնից յետոյ։
news.am