Բանանը չլւանալը կարող է հանգեցնել աղիքային ցուպիկով վարակման

Նոյնիսկ ուտելու համար անպիտան կեղեւով մրգերը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լւանալ։ Այս կանոնին չհետեւելը կարող է հանգեցնել վարակների եւ թունաքիմիկատներով (պեստիցիդներով) թունաւորման: Թունաւորման վտանգի մասին Mirror պարբերականին տւած հարցազրոյցում յայտարարել է սննդի տեխնոլոգ Թամիկա Սիմսը։
Ըստ փորձագէտի՝ ուտելու համար անպետք կեղեւով մթերքները, ինչպիսին է բանանը, պետք է լւանալ հոսող ջրի տակ, ինչպէս միւս բոլոր մթերքները։ Դա օգնում է հեռացնել մակերեսի փոշին, մանրէները եւ թունաքիմիկատների մնացորդները, որոնք կարող են յայտնյել ձեր ձեռքերի վրայ, ապա բերանում, յատկապէս կեղեւահանելիս կամ կտրելիս։
«Թէեւ դա կարող է անտարամաբանական թւալ, սակայն բանանները անհրաժեշտ է լւանալ»,- ընդգծել է Սիմսը։
Նա յաւելել է, որ այդ ընթացակարգն անտեսելը կարող է հանգեցնել սննդային թունաւորման, որն առաջանում է վտանգաւոր միկրօօրգանիզմներից, մասնաւորապէս՝ սալմոնելայից, աղիքային ցուպիկից (Escherichia coli, E. coli) եւ լիստերիայից: Սալմոնելոզը սովորաբար առաջացնում է բարձր ջերմութիւն, որովայնի ցաւ, լուծ եւ փսխում։ Այդ վիճակը յատկապէս վտանգաւոր է երեխաների, տարեցների եւ թոյլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար. ծանր ջրազրկումը կարող է հոսպիտալացում պահանջել:
Աղիքային ցուպիկը, յատկապէս դրա որոշակի շտամները, կարող են լուրջ աղիքային խնդիրներ, դրանց թւում՝ փորլուծութիւն եւ որովայնի ուժեղ ցաւեր առաջացնել։ Որոշ դէպքերում մանրէները վնասում են երիկամներին եւ կարող են հանգեցնել հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի, ինչը պոտենցիալ մահացու վիճակ է։ Յղի կանայք առաւել խոցելի են լիստերիայի նկատմամբ, եւ վարակը կարող է հանգեցնել վիժման, վաղաժամ ծննդաբերութեան կամ նոյնիսկ մեռելածնութեան։
Փորձագէտը յաւելել է, որ բացի բակտերիաներից, պտղի մակերեսին կարող են կեղտի, աղբի մասնիկներ եւ նոյնիսկ միջատներ մնալ։ Փորձագէտը զգուշացնում է, որ թունաքիմիկատները եւս պոտենցիալ կերպով առնչւում են լուրջ առողջական ռիսկերին. հնարաւոր հետեւանքներից են աուտիզմի, քաղցկեղի, հիպերտոնիայի, շաքարախտի եւ դեմենցիայի զարգացումը։
News.am