Ֆիզիկական ակտիւութիւնը 40 տարեկանից բարձր ծխողների շրջանում նւազեցնում է դեպրեսիան եւ քնի խնդիրները

Նոր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ կանոնաւոր ֆիզիկական ակտիւութիւնը կարող է զգալիօրէն նւազեցնել դեպրեսիայի ախտանիշները եւ բարելաւել քնի որակը 40 տարեկանից բարձր ծխողների մօտ: Արդիւնքները հրապարակւել են Sleep Health բժշկագիտական հանդէսում:
Հետազօտութեանը մասնակցել է 40-70 տարեկան աւելի քան 5000 մասնակից: Բոլոր ծխողների հոգեկան առողջութիւնը եւ քնի որակը գնահատւել են հարցաթերթիկների եւ բժշկական զննումների միջոցով: Մասնակիցները, որոնք շաբաթական առնւազն 150 րոպէ զբաղւում էին միջին ինտենսիւութեան ֆիզիկական ակտիւութեամբ (օրինակ՝ արագ քայլք կամ թեթեւ վազք), պակաս ակտիւ ծխողների համեմատ դեպրեսիայի ախտանիշների զգալի նւազում են ցոյց տւել:
Աւելին, ակտիւ մասնակիցները յայտնել են քնի աւելի քիչ խնդիրների մասին. նրանք աւելի արագ են քուն մտել, գիշերը աւելի քիչ են արթնացել եւ առաւօտեան աւելի հանգստացած են զգացել: Հետազօտողների կարծիքով, ֆիզիկական ակտիւութիւնը նպաստում է տրամադրութեան համար պատասխանատու էնդորֆինների եւ սերոտոնինի արտադրութեանը, ինչպէս նաեւ բարելաւում է ցիրկադային ռիթմերը (օրգանիզմի քնի եւ արթունութեան հերթափոխումը կարգաւորող՝ 24 ժամը մէկ կրկնւող բնական գործընթաց –Խմբ.):
Ուշագրաւ է, որ ազդեցութիւնը յատկապէս նկատելի էր չափաւոր ծխող մասնակիցների շրջանում (օրական մօտ 10-20 ծխախոտ), սակայն նոյնիսկ աւելի շատ ծխողների շրջանում ֆիզիկական ակտիւութեան դրական ազդեցութիւնը պահպանւել է։ Դա ընդգծում է կանոնաւոր ֆիզիկական ակտիւութիւնն առօրեայ կեանքում ներառելու կարեւորութիւնը՝ անկախ ծխել-չծխելու հանգամանքից։
Գիտնականները նշել են, որ ֆիզիկական ակտիւութիւնը «բոլոր խնդիրների լուծումը» չէ. ծխելը թողնելը մնում է սրտի հիւանդութիւնների, թոքերի հիւանդութիւնների եւ քաղցկեղի ռիսկը նւազեցնելու բանալին։ Ընդսմին, վարժութիւնների ներառումը կարող է կարեւոր գործիք լինել հոգեկան եւ ֆիզիկական առողջութիւնը բարելաւելու համապարփակ ռազմավարութեան մէջ։
Ընդհանուր առմամբ, հետազօտութիւնը հաստատել է այն գաղափարը, որ նոյնիսկ եթէ մարդը ծխում է, առողջ սովորութիւնները, մասնաւորապէս՝ կանոնաւոր ֆիզիկական ակտիւութիւնը, կարող են չէզոքացնել անառողջ սովորութիւնների որոշ բացասական ազդեցութիւնները՝ բարելաւելով տրամադրութիւնը եւ կեանքի որակը։
News.am