Այլ

Ճապոնացի գիտնականները դեպրեսիայի երկարատեւ բուժման համար մոլեկուլ են ստեղծել

Օսակայի համալսարանի գիտնականները ստեղծել են PA-915 անունով մոլեկուլ, որի մէկ դեղաչափով ի վիճակի է ութ շաբաթ ճնշել դեպրեսիւ ախտանիշները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Molecular Psychiatry (MolPsy) բժշկագիտական  հանդէսում։

Հետազօտողների հաւաստիացմամբ՝ PA-915-ն արգելափակում է օրգանիզմի սթրեսային արձագանքներին մասնակցող PAC1 ընկալիչը։ PAC1-ը կարեւոր դեր է խաղում կենտրոնական եւ ծայրամասային նեարդային համակարգերի գործունէութեան մէջ, բայց որոշ դէպքերում այն հոգեկան խանգարումներ եւ միգրեն է հրահրում։

Հետազօտողները փորձարկել են մոլեկուլը խրոնիկական սթրեսի ենթարկւած մկների վրայ՝ սոցիալական մեկուսացում, կորտիկոստերոնի ընդունում եւ ագրեսիւ անհատների հետ փոխազդեցութիւն։ PA-915 ստացած կենդանիների անհանգստութեան եւ դեպրեսիայի դրսեւորումները նւազել են, միաժամանակ բարելաււել են ճանաչողական գործառոյթը։

Միապատիկ դեղաչափից յետոյ ազդեցութիւնը տեւել է մինչեւ ութ շաբաթ եւ համեմատելի է անզգայացնող կետամինի հետ։ Սակայն նոր մոլեկուլը չի ցուցաբերել վերջինիս բնորոշ կողմնակի ազդեցութիւնները՝ գերակտիւութիւն, ճանաչողական խանգարում կամ կախւածութիւն։

Գիտնականները նշել են, որ PA-915-ի ընդունումից յետոյ մկներն վարքային թեստերում, յիշողութեան վարժութիւններում եւ առարկաների ճանաչման ժամանակ աւելի լաւ արդիւնքներ են ցուցաբերել: Սթրեսից զերծ կենդանիների շրջանում PA-915-ը վարքային անոմալիաներ չի առաջացրել, ինչը վկայում է դրա ընտրողականութեան մասին։

Հեղինակներն ընդգծում են, որ PAC1 ընկալիչների շրջափակումը կարող է նոր ճանապարհ բացել դեպրեսիայի եւ տագնապային խանգարումների բուժման համար: Յաջորդ քայլերը կը ներառեն այլ կենդանիների մոդելների վրայ փորձարկումներ եւ կլինիկական փորձարկումների նախապատրաստում:

News.am

Related Articles

Back to top button