Այլ

Արեան նոր անալիզը 88% ճշգրտութեամբ կանխատեսում է լեարդի ցիռոզը

Շւեդիայի Կարոլինսկա ինստիտուտի գիտնականները ստեղծել են լեարդի ծանր հիւանդութիւնների՝ ներառեալ ցիռոզի եւ քաղցկեղի զարգացման ռիսկը գնահատելու նոր մեթոդ՝ օգտագործելով երեք ստանդարտ արեան անալիզ։ Մշակումը նկարագրւած է British Medical Journal (BMJ) պարբերականում։

Գիտնականների խօսքով՝ CORE անունով մոդելը թոյլ է տալիս բարձր ճշգրտութեամբ որոշել լեարդի լուրջ պաթոլոգիաների զարգացման ռիսկը 10 տարւայ ընթացքում։ Գործիքը հաշւի է առնում տարիքը, սեռը եւ AST, ALT եւ GGT ֆերմենտների մակարդակները։ Այս նիւթերի կոնցենտրացիան օրգանիզմում արտացոլում է, թէ լեարդը ինչ վիճակում է գտնւում։ Դրանց մակարդակը բարձրանում է օրգանի բորբոքման կամ այլ պաթոլոգիաների դէպքում։

Հետազօտողները նշել են, որ թեստը կարող է օգտագործւել առաջնային բուժօգնութեան մէջ՝ ասիմպտոմատիկ հիւանդների սքրինինգի համար։

«Մինչ այժմ յուսալի գործիքներ չկային լեարդի ծանր հիւանդութիւնների ռիսկի վաղ յայտնաբերման համար։ Ներկայումս օգտագործւող FIB-4 թեստը բաւականաչափ ճշգրիտ չէ լայն պոպուլիացիայի համար եւ վատ է կանխատեսում երկարաժամկէտ ռիսկերը»,- նշում է պրոֆեսոր Հաննէս Հագստրեոմը։

CORE նոր մոդելը փորձարկւել է Ստոկհոլմի աւելի քան 480 հազար բնակիչների տւեալների վրայ, ովքեր բժշկական զննումներ էին անցել 1985-ից մինչեւ 1996 թւականը։ Նրանց առողջութիւնը դիտարկւել է 30 տարւայ ընթացքում։ Այդ ընթացքում մասնակիցների 1,5%-ի մօտ զարգացել են լեարդի ծանր պաթոլոգիաներ կամ փոխպատւաստում կատարելու անհրաժեշտութիւն է առաջացել։

CORE մոդելը կանխատեսել է հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը 88% ճշգրտութեամբ՝ այս ցուցանիշն աւելի բարձր է, քան գոյութիւն ունեցող գործիքներինը։ Բացի այդ, մոդելը յաջողութեամբ հաստատւել է (վալիդացիա է անցել) Ֆինլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի անկախ խմբերի վրայ։

Բժիշկների յարմարաւէտութեան համար արդէն մշակւել է առցանց հաշւիչ, որը թոյլ է տալիս մեթոդը կիրառել կլինիկական պրակտիկայում։ Միեւնոյն ժամանակ, հետազօտողները շեշտում են, որ մոդելը լրացուցիչ ստուգման կարիք ունի բարձր ռիսկի խմբերում, օրինակ՝ երկրորդ տիպի շաքարախտով կամ ճարպակալումով մարդկանց մօտ։ Այն նոյնպէս պէտք է ինտեգրւի էլեկտրոնային բժշկական համակարգերում՝ առօրեայ աշխատանքում օգտագործումը պարզեցնելու համար։

News.am

Related Articles

Back to top button